Երեկ խորհրդարանական ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, հանդիպում ունեցան Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, ապա կուսակցությունը Ս. Սարգսյանի հետ հանդիպման հրավեր չէր էլ ստացել:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ կուսակցության անդամները «սգի» մեջ են, քանի որ իրենց համար ևս անհասկանալի է, թե այս անգամ ինչու Սերժ Սարգսյանը «մոռացավ» իրենց: Ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցությունում նույնիսկ լուրջ տարաձայնություններ կան այն հարցի հետ կապված, թե արդյոք ճիշտ է անգամ հրավեր լինելու դեպքում գնալ Բաղրամյան 26: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցներին չի էլ ասում, թե ինչպես վարվեն, արդյոք ճիշտ է ընդունել Ս. Սարգսյանի հրավերը, եթե անգամ այն լինի:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչու այս անգամ Սերժ Սարգսյանը չցանկացավ հանդիպում ունենալ իրենց կուսակցության ներկայացուցիչների հետ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, արդյո՞ք Սերժ Սարգսյանից հանդիպման հրավեր ստացել եք՝ Սահմանադրության նոր նախագծի քննարկման համար: Ու եթե լինի, կընդունե՞ք:
-Ո՛չ, ո՛չ, հրավեր չի եղել կուսակցությանը: Պետք է լինի հրավերը, որպեսզի կուսակցությունում քննարկենք, թե արդյոք պետք է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, դեռեւս մենք հրավեր չենք ստացել, մենք ինչպես կարող ենք ասել, թե հանդիպման գնալու ենք, թե չէ: Պետք է սպասել, ամեն ինչ հերթով:
-Ըստ տեղեկությունների՝ «Ժառանգություն»-ում տարաձայնություններ կան այդ հարցի հետ կապված, որոշ հատվածը կարծում է, որ պետք է սեղանի շուրջ Սերժ Սարգսյանի հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, իսկ որոշ հատվածն էլ կտրականապես դեմ է: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ հարցի հետ կապված:
-Որեւէ հարցի շուրջ կարելի է խոսել, եթե հրավեր լինի, եթե հրավեր եղավ, այդ ժամանակ էլ կլինի կուսակցության քննարկումը, այդ ժամանակ էլ պարզ կլինի տարաձայնություններ կա՞ն կուսակցությունում, թե՞ ոչ: Հիմա խոսել մի բանի մասին, որ իրական չէ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Մենք դեռեւս գնալ-չգնալու հարց չենք քննարկել, ինչպես կարող եմ խոսել ինչ-որ տարաձայնությունների մասին:
-Եթե Սերժ Սարգսյանը հրավեր չուղղարկի կուսակցությանը, դա արհամարհա՞նք կդիտվի Ձեր կողմից:
-Ես տեղյակ չեմ, ես միայն տեղյակ եմ, որ մենք հրավեր չենք ստացել: Այսքանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչո՞ւ այս անգամ Բաղրամյան 26 գնալու հրավեր չի ստացել «Ժառանգություն» կուսակցությունը, ինչո՞ւ են արհամարհել Ձեր կուսակցությանը:
-Բացարձակ նման բան չկա, այդտեղ բացարձակ վիրավորանքի խնդիր գոյություն չունի, կարծում եմ, որ այդտեղ նաեւ արտառոց բան չկա, թե ինչու մենք հանդիպում չենք ունենում: Սովորական նայեք այդ ամենին:
-Նշվում է, որ այս անգամ որ քաղաքական ուժերի հետ կհանդիպի Սերժ Սարգսյանը, նրանք էլ կլինեն 2017 թվականի խորհրդարանում: Դուք համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
-Հայաստանում եթե նույն ձեւով ընտրություններ անցկացնեն, ապա կանցկացնեն նրանց, ում ուզում են, ի՞նչ խնդիր կա, բայց դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը քվեարկելու է միայն այդ ուժերին ու մնացածին չի քվեարկելու: Հետեւաբար, դա որեւէ խնդիր չի կարող լինել, դրանք ինչ-որ խոսակցություններ են, որոնք տարածում են իշխանական թեւի ներկայացուցիչները:
-Իսկ բացառո՞ւմ եք, որ եթե հրավեր լինի, «ժառանգություն»-ը կգնա Բաղրամյան 26:
-Մենք այդ հարցը կքննարկենք վարչությունում, պետք է գնալ, թե ոչ, ես ինքս կարծում եմ, որ նման հանդիպման անհրաժեշտություն չկա, որովհետեւ անցած անգամ հանդիպեցինք, որեւէ արդյունք չտվեց, որեւէ առաջարկ չընդունվեց, հիմա այս անգամ հանդիպենք, ի՞նչ անենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ