ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատություն” կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ինքը շատ հեշտ է կարողացել մուծել նախագահական ընտրություններին մասնակցելու համար պահանջվող 8 միլիոն դրամ գրավը, քանի որ մշտապես լավ աշխատանք է ունեցել, որի դիմաց լավ է վարձատրվել:
-Պարո՛ն Բագրատյան, Դուք գո՞հ եք Ձեր քարոզարշավի ընթացքից:
-Այո՛, այն նորմալ է ընթանում: Այսօր, ճիշտն ասած, մեզ հիասթափեցրին թվերը, որոնք հրապարակվել են քարոզարշավի ընթացքում թեկնածուներին տրամադրած եթերաժամանակի վերաբերյալ, ինչից ակնհայտ է դառնում, որ հիմնական թեկնածուների մոտ լրատվամիջոցները, որոնք վերահսկվում են պետության կողմից, ավելի ուշադրություն են դարձնում մյուս թեկնածուներին: Դժբախտաբար, մեր շտաբը ստիպված էր հայտարարություն անել:
-Քարոզարշավի ժամանակ ժողովուրդն ինչպե՞ս է ընդունում Ձեզ, գո՞հ եք նրանց ընդունելությունից:
-Ժողովուրդը մեզ շատ լավ է ընդունում:
Ինչպե՞ս կարողացաք հայթայթել նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ 8 մլն դրամ գրավը:
-Փառք Աստծո, 8 միլիոն դրամ մուծելն ինձ համար ամենամեծ խնդիրը չէր: Երբեք գործազուրկ չեմ եղել ու միշտ լավ (հաճախ շատ լավ) վարձատրվել եմ:
-Պարո՛ն Բագրատյան, Դուք ի՞նչ թիմ ունեք, ովքե՞ր են Ձեզ աջակցում:
-Շուրջ երկու տասնյակ հայտնի քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ հայտնել են իրենց անձնական կամ կուսակցական աջակցության մասին: 
Իշխանական եւ ընդդիմադիր դաշտի շրջանակներում հիշում են, որ Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք ԼՂՀ վարչապետի հետ. նա այժմ Ձեզ օգնո՞ւմ է:
-ԼՂՀ վարչապետի հետ ես իրոք մտերիմ հարաբերությունների մեջ եմ: 2000-2006 թվականներին մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղում հարյուրավոր հեկտար խաղողի այգիներ են տնկվել, միլիոնավոր դոլարների հումքի գնումներ կատարվել:
-Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության մենաշնորհն իր ձեռքն է վերցրել եւ հայտարարեց, որ ընտրությունները բոյկոտում է: Դուք, որ ՀԱԿ-ից դեռ դուրս չեք եկել, ի վերջո, ո՞ւմ թեկնածուն եք:
-Ժողովրդի թեկնածուն եմ: 
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 471 համար




Լրահոս