ՄԵԿԸ ՄԵԿԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՎ ԹԱՔՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առանձնահատկություններից մեկը այդ փաստաթղթի փնթի կառուցվածքն է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փաստաթղթի առաձին գլուխները կազմողները մեկը մյուսից բացարձակապես անտեղյակ են եղել: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս իրավիճակի պատճառն այն է, որ նոր Սահմանադրության նախագիծը մշակող հանձնաժողովի անդամները «թիմերի» են բաժանված եղել: Օրինակ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն աշխատել են միասին, իրավաբան Վարդան Պողոսյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` միասին, Գեւորգ Դանիելյանն ու Դավիթ Հարությունյանն էլ բացարձակապես բոլորից անկախ են աշխատել: Այս բոլոր «խմբերը» մեկմեկու նկատմամբ առավել քան խանդոտ են եղել, եւ յուրաքանչյուրը փորձել է մյուսին ցույց տալ, որ ինքը նրանց խորհուրդների կարիքը չունի, բայց կարող է գտնել դիմացինի սխալներն ու բացթողումները: Արդյունքում, նախագծում կրկնության բազմաթիվ դեպքերի կարելի է հանդիպել, երբ նույն խնդրի վերաբերյալ միանգամից մի քանի տեղում նույնանման ձեւակերպումներ կան: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Դանիելյանն, իհարկե, ասաց, թե մեկը մյուսից անտեղյակ գործելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Հ. Գ. Ենթադրվում է, որ խորհրդարանը նախագիծը կքննարկի հոկտեմբերի 5-ից 6-ը: Իսկ հանրաքվեն կնշանակվի նոյեմբերի վերջին, հավանաբար 29-ին:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը, վերջերս իր ընկերուհուն` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, հերթական անգամ այցելելիս ձեռքի հետ «նախատել է» գյուղատնտեսության նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ շատ նախարարություններ տեղակայված են կառավարության 3 մասնաշենքի տարբեր հարկերում: Ծառայողական մուտքից մինչեւ «նախարարական վերելակներ» տանող կարմիր գորգով պատված ճանապարհն անցնում է գյուղատնտեսության նախարարության մասնաբաժնի տարածքով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ Ռիտա Սարգսյանը տեսել է կեղտի մեջ կորած գորգը, հատուկ նկատողություն է արել պատասխանատուներին: Բայց քանի որ այցելությունը շաբաթ օրով է եղել, պատասխանատուներն արդարացել են, թե ոչ աշխատանքային օր է, հավաքարարները չեն եկել: Թեեւ գյուղնախարարության աշխատակիցները կարող էին նաեւ ասել, որ իրենց նախարար Սերգո Կարապետյանն այնքան հաճախ է մարզեր այցելում, որ նրա ետեւից չեն հասցնում մաքրել:

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար ներիշխանական պայքարը գնալով ավելի բուռն երանգներ է ստանում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Եթե վարչապետի թիմին հաջողվի այդ առանցքային պաշտոնում իրենց թեկնածուին նշանակել, ապա դա կլինի շատ կարեւոր ձեռքբերում` ներիշխանական ապագա պայքարին ընդառաջ: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ իշխանության, այսպես կոչված, երիտթեւն էլ փորձում է ամեն կերպ կանխել Հովհաննիսյանի նշանակումը: Արդյունքում, լրատվական դաշտը ողողվել է այս պաշտոնում հնարավոր նշանակումների վերաբերյալ ներքին տեղեկությունների արտահոսքերով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ եթե վարչապետի թիմը կոնկրետ թեկնածու ունի եւ դրա համար է պայքարում, ապա երիտթեւի համար հաղթանակը Արփինե Հովհաննիսյանի նշանակումը թույլ չտալն է, քանի որ մնացած բոլոր հնարավոր թեկնածուները փաստացի երիտթեւի ներկայացուցիչներ են:

 

 

 

Երեկ միջազգային շուկայում նավթը շարունակեց էժանանալ, իսկ ռուսական ռուբլին էլ զուգահեռ շարունակեց կտրուկ արժեզրկվել: Նավթի 1 բարելի գինը միջազգային շուկայում երեկ իջավ մինչեւ 43 դոլար: Իսկ 1 դոլարի փոխարժեքը Ռուսաստանում 73 ռուբլու սահմանագիծը հատեց: Միջազգային լրահոսի հիմնական թեման տարբեր շուկաներից ստացվող տեղեկություններն էին: Եվ աշխարհում երեկ սկսված գործընթացների առաջին արձագանքը զգացվեց նաեւ Հայաստանի տնտեսությունում. օրվա երկրորդ կեսին դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 477 դրամից բարձրացավ 482-490 դրամ: Ի՞նչ է անելու ՀՀ կենտրոնական բանկը՝ ցնցումներից խուսափելու համար: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մերի Շահինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում իրավիճակը նորմալ է, եւ իրենք ուշադիր հետեւում են աշխարհում ընթացող զարգացումներին:

 

 

 

 

 
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ

Այս օրերին շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն ապահովող սահմանադրական փոփոխություններին սատարում Արեւմուտքը: Իսկ որ այս գործընթացը Սերժ Սարգսյանը սկսել է հենց Արեւմուտքի հավանությամբ եւ անթաքույց աջակցությամբ, կասկածից դուրս է:
Նախ՝ հենց ինքնին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումները եւ մասնագիտական հանձնաժողովի ստեղծման որոշումը Սերժ Սարգսյանը ներկայացրեց 2013թ. սեպտեմբերի 4-ին՝ ԵՏՄ-ին անդամակցելու անսպասելի հայտարարության հաջորդ իսկ օրը, ինչը, բնականաբար, չէր կարող պատահականություն լինել: Փորձագիտական շրջանակներում դեռեւս այն ժամանակ խոսվում էր, որ ՍԴ փոփոխությունները նախաձեռնելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է մեղմել Արեւմուտքի հակազդեցությունը, քանի որ հասկանում է, որ իր իշխանության երաշխավորը ոչ թե Ռուսաստանն է, այլ հենց Արեւմուտքը:
Եվ նոր սահմանադրության մշակման առաջարկությամբ Ս. Սարգսյանը փաստորեն Արեւմուտքին խոստանում էր, որ այսուհետ Ռուսաստանի «սապոգի» տակ էլ ավելի խորը մտած ՀՀ-ում Արեւմուտքը չի կորցնի իր շահերի պաշտպանության հնարավորությունը, քանի որ խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքական կարեւորագույն որոշումների կայացումն այլեւս ոչ թե մեկ մարդու, այլ մի ողջ խորհրդարանի լիազորության շրջանակներում կլինի: Դե, իսկ խորհրդարանական ընտրություններում էլ ոչ առանց Ս. Սարգսյանի ստվերային աջակցության կանցնեն նաեւ զգալի թվով արեւմտամետ պատգամավորներ:
Բայց եթե այս հավաստիացումները Արեւմուտքի համար կարող էին գայթակղիչ լինել մինչեւ հունիսի 15-ը, երբ հրապարակվեցին նոր Սահմանադրության նախագծի 1-7 գլուխնեը, ապա դրանից հետո արդեն, երբ պարզ դարձավ, որ Ս. Սարգսյանը մշակել է այնպիսի տարբերակ, որ ցանկացած դեպքում որոշումների կայացման բանալին գտնվելու է բացառապես իր ձեռքում, Արեւմուտքը պետք է որ այս Սահմանադրության անցկացման հարցում իր շահագրգռության զգալի մասը կորցներ:
Ու թեեւ Վենետիկի հանձնաժողովի հրապարակած նախնական գնահատականով, ըստ էության, դրսեւորվեց որոշակի հիասթափություն, ընդհանուր առմամբ Արեւմուտքի աջակցությունը պահպանվում է: Եվ հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ, պատասխան է տալիս նոր Սահմանադրության 15-րդ գլուխը, որով սահմանվում է, որ «Վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վերաբերյալ հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով»: Ահա, հենց այստեղ է թաղված շան գլուխը, եւ հենց այս կետի ներմուծման համար է իրականում Արեւմուտքը պահանջել Ս. Սարգսյանից փոխել Սահմանադրությունը, որպեսզի ԵՏՄ-ին անդամակցության որոշման պարտադրումից հետո ՌԴ-ն չկարողանա նույնքան հեշտությամբ դա անել եւս մեկ անգամ՝ արդեն Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու կամ էլ նախկին ԽՍՀՄ-ի վերականգնման հավանական հեռանկարների դեպքում:




Լրահոս