ԵԹԵ ԱՆՑԿԱՑՆԵՆ, ԵՐԿՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնել» եւ դրան իրավական ուժ տալ, ապա այդ պահից մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունը կունենա երկու՝ զուգահեռ գործող մայր օրենքներ: Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթվա վերջին ՀՀ իշխանությունները հրապարակեցին նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը, որը նույն օրն իսկ` օգոստոսի 21-ին, Սերժ Սարգսյանն ուղարկեց ՀՀ ԱԺ:

Այսպես, ըստ նախագծի՝ անցումային դրույթների մեջ մտնող 208 հոդվածի՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո նոր Սահմանադրության դրույթներից անմիջապես ուժի մեջ կմտնեն 1-3-րդ գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, 9-րդն ու 10-րդը, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները: Իսկ Հայաստանի կառավարման համակարգն ամբողջությամբ վերաձեւող դրույթները որոշակի հերթականությամբ են ուժի մեջ մտնելու: Մասնավորապես, նոր Սահմանադրության նախագծի 4-րդ գլուխը, որը վերաբերում է Ազգային ժողովին, գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից: Իսկ մինչ այդ գործելու է գործող Սահմանադրության 4-րդ գլուխը, որով սահմանվում են ներկայիս խորհրդարանի լիազորությունները եւ գործունեության սկզբունքները: Տվյալ դեպքում առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 թվականի գարնանը` ապրիլի վերջին: Այսինքն՝ լավագույն դեպքում նոր խորհրդարանը կձեւավորվի 2017-ի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Մի խոսքով, եթե «նոր Սահմանադրություն» օպերացիան ՀՀ իշխանություններն այս աշնանն իրենց համար դրական ելքով ավարտեն, ապա տարվա վերջից Հայաստանի իրավական համակարգի հիմքում դրված կլինեն երկու Սահմանադրություններ:
Ի դեպ, գործող Սահմանադրության հանրապետության նախագահին վերաբերող դրույթները եւս շարունակելու են գործել, բայց ի տարբերություն խորհրդարանին վերաբերող դրույթների, որոնք կգործեն մինչեւ 2017-ի մայիս, նախատեսվում է, որ նախագահին վերաբերող հատվածը ուժի մեջ կմնա մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը: Ենթադրվում է, որ այդ օրը նոր միայն կավարտվի Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, եւ կսկսվի նոր Սահմանադրությամբ նախատեսված նախագահի լիազորությունները, որը, ինչպես հայտնի է, չնչին լիազորություններ է ունենալու ու կառավարման համակարգում լինելու է «անգլիական թագուհու» կարգավիճակում: Այսինքն՝ անունը նախագահ է լինելու, բայց իշխանական համակարգում իրենից ոչինչ չի ներկայացնելու: Նշենք, որ «Ընտրիչների ժողովը», որին, ինչպես հայտնի է, վերապահված է նոր նախագահ ընտրելու լիազորությունը, պետք է գումարվի Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Այսինքն, եթե հաշվի առնենք, այն փաստը, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013-ի ապրիլի 9-ին, ապա ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագծին իրավական ուժ տալու դեպքում «Ընտրիչների ժողովը» պետք է գումարվի 2018 թվականի մարտի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
Մեկ ուշագրավ փաստ եւս. նոր Սահմանադրության նախագծի 209-րդ հոդվածը նախատեսում է, թե ինչ ժամկետներում պետք է օրենսդրությունը համապատասխանեցվի նոր մայր օրենքին: Այս հոդվածի դրույթների բովանդակությունը հաշվի առնելով՝ կարելի է կարծել, որ Հայաստանի խորհրդարանը ոչ թե քաղաքական, բանավեճերի հիման վրա գործող մարմինն է, այլ հրամայականի սկզբունքով գործող գործադիր մարմին: Բանն այն է, որ մի շարք օրենքների ընդունման համար կոնկրետ ժամկետ` ամսաթիվ է նախատեսված: Այսպես՝ ըստ նախագծի՝ նոր ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը եւ ուժի մեջ մտնի 2016 թ. հունիսի 1-ից, ԱԺ կանոնակարգը, կուսակցությունների մասին եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը եւ ուժի մեջ պետք է մտնեն մինչեւ հաջորդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացման օրը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ նոր Սահմանադրության նախագծի հեղինակները ի սկզբանե բացառում են, որ խորհրդարանում կարող են տարաձայնություններ լինել, եւ որեւէ օրենքի քննարկում կարող է տապալվել: Նոր Սահմանադրության նախագծի ներքին տրամաբանությամբ գործող խորհրդարանն ընդամենը դակող մարմին է:
Իհարկե, այդպես էլ կա, բայց մի բան է, երբ ընդդիմադիր գործիչները կամ լրագրողներն են այդ մասին բարձրաձայում, մեկ այլ իրավիճակ է, երբ կարեւորագույն փաստաթղթով գործող խորհրդարանին ընդամենը դակողի գործառույթ է վերապահվում: Համաձայնեք՝ սիրուն չէ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքական ուժերի ներքին քննարկման թիվ մեկ թեման այն էր, թե երբ է Սերժ Սարգսյանը իրենց հրավիրելու նախագահական նստավայր՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ականներն ասում էին, որ այդ հանդիպումները հնարավոր է՝ կազմակերպվեն օգոստոսի 26-ից 27-ը, սակայն հստակ օրը դեռեւս որոշված չէ: Հստակ է միայն այն, որ բացի ԱԺ ՀԱԿ խմբակցությունից՝ խորհրդարանում ներկայացված մյուս կուսակցությունները պատրաստվում են կրկին գնալ նախագահական նստավայր եւ մասնակցել «նոր Սահմանադրության նախագծի քննարկում» թեմայով Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ֆոտոսեսիային: Ավելին՝ որոշ քաղաքական ուժեր այդ հանդիպմանն անհամբեր են սպասում: Բանն այն է, որ այդ, իբր թե, ոչ իշխանական կուսակցությունների համար Սերժ Սարգսյանի հրավեր ստանալն ազդակ է՝ հասկանալու՝ արդյոք իրենք իշխանությունների համար ցանկալի քաղաքական ուժ են, եւ հնարավոր է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում մանդատներ ստանան, թե՞ ոչ:

 

ՖԻԼՄ ԿՑՈՒՑԱԴՐԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին Հանրային հեռուստաընկերությամբ նկարահանված ֆիլմն այս օրերին մոնտաժվում է եւ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կցուցադրվի: Տեղեկացնենք, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռեւս Մանուկյանի նախարար եղած ժամանակ: Ֆիլմի նպատակը նախարար Մանուկյանի մեկ օրը ներկայացնելն է եղել:
Համանման ֆիլմ արդեն պատրաստվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սակայն Մանուկյանի դեպքում իրադարձություններն արագ եւ վատ սցենարով զարգացան, ու մինչ ֆիլմը կպատրաստվեր, նա դադարեց նախարար լինել, եւ նրա անցկացրած մեկ օրը դժվար թե հետաքրքրի որեւէ մեկին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին այդ ժամանակ արձակուրդում գտնվող Հովհաննես Մանուկյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց եւ ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից, եւ մինչ օրս ո՛չ նա ու ո՛չ էլ որեւէ մեկը չի պարզաբանել, թե ինչն է եղել այդ հրաժարականի պատճառը:

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Այսօր՝ ժամը 10:00-ին, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում նախատեսում են հանդիպել հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ի բոլոր խմբակցությունների եւ մի քանի արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին «ասվել» է, որ անպայման մասնակցեն այդ քննարկմանը: Իշխանությունները ցանկանում են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ցույց տալ, թե իբր Հայաստանի կուսակցությունների մեծամասնությունը կողմ է Սահմանադրության փոփոխություններին:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ
ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին` ժամը 18:00-20:00¬ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 25¬ին` ժամը 12:00-14:00¬ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից (հասցե` Իսահակյան 1): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի Նուբարաշենի գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարդուհի Խաչատրյանը վախճանվել է օգոստոսի 23-ին, 88 տարեկանում:

 

ԲՀԿ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ԿՐՈՆԸ»
Այսօր՝ լրագրողների հետ հանդիման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ տեղի է ունեցել իրավիճակի ռեալ փոփոխություն, եւ սահմանադրական բարեփոխումների հետ կապված ԲՀԿ-ի դիրքորոշումը ենթարկվել է փոփոխությունների: «Ներկա փուլում հայտարարվել է, որ վերարտադրության մեխանիզմը գոյություն չունի: Այսօր Կառավարությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, որովհետեւ ճնշված է նախագահի ինստիտուտի կողմից: Խնդիրներ կան նաեւ ներքին եւ արտաքին կայունության խնդրի հետ կապված»,-հավելեց նա: Պատգամավորը նաեւ նշեց՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության դեմ շարժմանը:

 

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Հանգստյան օրերին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետեր) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: «Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ եւ 15-ից ավել վիրավորներ: ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը եւ վստահորեն իրականացրել իր առջեւ դրված մարտական խնդիրը», – ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը: Այս համատեքստում ողջունելի է նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձեւավորել Ժողովրդական վստահության կառավարություն: Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է «Հիմնադիր խորհրդարանի» ծրագրին:

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է
Օգոստոսի 21-ին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ «Հրեշտակաց» գնդի ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել էր տարեց ցուցարարի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոստիկանը հայտարարել է, որ զղջում է իր արածի համար եւ ներողություն է խնդրում: Այժմ ոստիկանի ապտակի փաստի առիթով հարուցված գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար:




Լրահոս