ԴԵՐԱՍԱՆԻ «ԴԵՏԵԿՏԻՎ ՖԻԼՄՆ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` սպանության մեջ կասկածվող, «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը ամիսներ առաջ ընկերոջ կողմից ընկերուհու սպանության մասին սցենար է կազմել եւ կիսվել մտերիմների հետ: Փաստորեն, շատ չանցած՝ իրականացրեց սցենարը:

Հիշեցնենք, որ սթ. հունիսի 5-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին սպանել էին մոտ 58 դանակի հարվածով եւ վերջինիս բնակարանից գողացել գումար եւ ոսկյա զարդեր: Ավելի ուշ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը եւ նրա ընկերուհին՝ ոմն Աննան: Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեպքի օրը Մուշեղն իր ծանոթուհուն համոզել է՝ իր հետ բարձրանա Անի Մաջնունյանի բնակարան, եւ միասին նրանից վերցնեն գումարը, սակայն աղջիկը չի ցանկացել բարձրանալ: Մուշեղը շենքի բակում սկսել է շանտաժի ենթարկել իր ծանոթուհուն, թե պիտի գաս, թե չէ…: Սակայն աղջիկը հրաժարվել է, եւ վերջինները որոշել են, որ Մուշեղը միայնակ կբարձրանա, իսկ նրա ծանոթուհին շենքի բակում կսպասի: Այդպես էլ եղել է: Բայց երբ Մուշեղի ծանոթուհին տեսել է, որ նա շատ է ուշանում, բարձրացել է Անիի բնակարան եւ ականատես եղել տեսարանի, թե ինչպես Անի Մաջնունյանը, գետնին ընկած, խռխռում է, իսկ Մուշեղը գումարն ու ոսկեղենն է փնտրում:
Նշենք, որ այս աղմկալի սպանության օրը՝ առավոտյան, Մուշեղ Մխիթարյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն սպառնում են: «Շենքի մուտքի մոտ 35-40 տարեկան երիտասարդներ էին: Այդ տղամարդիկ սպառնացին ինձ, ասացին` թե ուզո՞ւմ ես երեխայիդ վնասենք կամ Լիլիթին: Լիլիթն իմ ներկայիս ընկերուհին է, եւ ես զարմացա, որ այդ մարդիկ գիտեին նրա անունը. քչերը գիտեն նրա մասին: Ես այդ պահին միայնակ չէի, թատրոնի դերասանուհիներից մեկի հետ էի… Արդեն սկսում եմ վախենալ իմ եւ մտերիմներիս կյանքի ապահովության համար»,-պատմել էր Մուշեղը: Եվ, ահա, այս հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է Անի Մաջնունյանի սպանության մեջ եւ ձերբակալվեց:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի մտերիմներից պարզել, թե ով կամ ինչի համար կարող էր սպառնալ Մուշեղին, ու, առհասարակ, միգուցե տեղի ունեցածը կա՞պ ունի «6-րդ զգայարան» հաղորդման փորձագետ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության եւ նրա կալանավորման հետ: Սակայն վերջինիս մտերիմները չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ՝ մեզ հարցեր մի՛ տվեք, ոչնչից տեղյակ չենք պատճառաբանությամբ:
«Ժողովուրդ»-ին էքստրասենսի սպանությունից եւ մինչ այդ Մուշեղի գործողություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ Մուշեղ Մխիթարյանը որեւէ բան չի պատմել իրավապահներին եւ անգամ մինչ օրս ցուցմունք չի տվել: Իսկ, ահա, Մուշեղի մտերիմներից մեկը իրավապահներին զարմանալի ցուցմունք է տվել: Ըստ այդ ցուցմունքի՝ Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ կողմից ընկերուհին սպանվում: Վերջինս իր մտերիմներին հայտնել է, որ սպանողը ինքն է լինելու, իսկ իր մտերիմները կլինեն իրավապահները, որոնք պետք է բացահայտեն սպանությունը: Ըստ էության, Մուշեղի մտերիմը, լավ տեղյակ լինելով նրա նոր սցենարի մասին, իրավապահներին նկարագրել է, թե ըստ Մուշեղի սցենարի՝ ինչպես պետք է տեղի ունենար սպանությունը, եւ ինչպես ինքը պետք է պաշտպանվեր:
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ էքստրասենսի սպանությունը, Մուշեղը իր հարեւաններին հայտնել է, թե իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, եւ իրեն սպառնացել են: Իսկ թե ով կամ ովքեր են եղել իրեն սպառնացողները, Մուշեղը չի պատմել՝ բավարարվելով միայն հայտարարությամբ:
Ստացվում է, որ Մուշեղը իր ենթադրյալ սպանությունը, կամ ինչպես ինքն է հայտնել՝ «դետեկտիվ ֆիլմի» բեմադրությունը, իրականություն է դարձրել՝ սպանելով Անի Մաջնունյանին: Եվ սպանությունից առաջ այնպիսի իրավիճակներ է ստեղծել, որ կարողանա խճճել իրավապահներին եւ հիմա էլ միգուցե, որպես իր կողմից գծագրված «սցենարի» հեղինակ, «հեռվից» հետեւում է, թե ինչպես են իրավապահները փորձելու բացահայտել սպանությունը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Մուշեղի հետ դեպքի վայրում եղած աղջիկը իրավապահներին է հանձնել Անիի ոսկյա զարդերը եւ հայտնել, թե դա իրեն Մուշեղն է տվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՓԱԽՈՒՍՏԻ Է ԴԻՄԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ արդեն քանի օր է՝ ինչ մի խումբ ոստիկաններ զինված հսկում են Էջմիածին քաղաքի ճանապարհները:
Բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառով չենք հայտնում, պատմեցին, որ իրենց խիստ անհանգստացնում է, թե ինչու են ոստիկանները զինված հսկողություն իրականացնում. «Միգուցե ինչ-որ դեպք է տեղի ունեցել կամ պետք է տեղի ունենա, որ իրավապահները զինված են: Վախի մեջ ենք, ամեն օր մի վատ լուր ենք սպասում, թե հեսա մի բան կլինի: Ախր, ճիշտ հասկացեք՝ սա էլ դեռ քիչ չէ, զինված իրավապահները մարդկանց ճանապարհին տուգանում են՝ արագությունը գերազանցելու համար: Այդ ճանապարհին արագաչափ չկա, իրենք էլ այդ ամենից օգտվելով՝ տուգանում են: Ախր, գյուղացին ինչ է աշխատում, որ մի հատ էլ տուգանք վճարի»:
Բնակիչների պատմելով՝ մարզում լուրեր են շրջանառվում, որ «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել, եւ այս օրերին իրավապահները փորձում են գտնել նրան. «Հիմա չգիտենք, թե որտեղից է փախուստի դիմել, գոնե մարդկանց տեղյակ պահեն, թե ինչ է կատարվում: Ճիշտ հասկացեք՝ Գյումրիում ապրող Ավետիսյան ընտանիքի անդամների սպանությունից հետո վախ կա սրտներումս. չգան, մտնեն մեր տները, օգնեք՝ հասկանանք, թե ինչու են զինված հսկում մարզը»:
Եվ այսպես, նախ փորձեցինք ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանից, պարզել, թե արդյո՞ք իր ղեկավարության տակ գտնվող ՔԿՀ-ից դատապարտյալ է փախուստի դիմել, սակայն վերջինս պատասխանեց, թե արձակուրդի մեջ է. «Բայց չեմ կարծում, որ դատապարտյալը ՔԿՀ-ից փախուստի դիմած լինի»:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ հայտնեց, թե Արմավիրի ՔԿՀ-ն աշխատում է իր բնականոն հունով, եւ նման խնդիր չկա:
Ավելի ուշ մեզ տեղեկություններ հասան, որ ոմն Դ. Հարությունյանը, որ գողության համար ձերբակալված է եղել, ոստիկանության Արմավիրի մարզի բաժնից փախուստի է դիմել, եւ իրավապահներն այս օրերին փնտրել են նրան: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ գողության համար ձերբակալված Դ. Հարությունյանը օգոստոսի 23-ին՝ երեկոյան, հայտնաբերվել է:
Ասել է թե՝ վտանգը չեզոքացված է, եւ բնակիչները կարող են արդեն հանգիստ քնել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել իր եղբոր մասնակցությամբ վթարի մասին՝ հորդորելով անհարկի շահարկումներ չանել: «Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ: Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից: Ցավում եմ կատարվածի հետ կապված: Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ… Փառք ենք տալիս Աստծուն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»: Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՎԱՅՐԵՆՈՒԹՅՈՒՆ
«Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր, ուկրաինացի գործարար Վլադիմիր Բոբիլյովը վայրենություն է որակում գործընկերոջ՝ Արսեն Ավետիսյանի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպը, որում շրջանառվում է հանրապետական գործարար Ռուբեն Հայրապետյանի անունը: «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում East Prospect ներդրումային ընկերության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի իշխանություններից ակնկալում են այնպիսի լուծում, որն այսուհետ կբացառի «ուժային մեթոդներով հարցեր լուծելու հնարավորությունը»: «Մեր հիմնադրամը միջազգային է, մենք ներդրումներ ենք անում աշխարհի տարբեր երկրներում, նաեւ այնպիսի պետություններում, որտեղ բռնապետական կարգեր են տիրում, ներդրումներ ենք անում երկրներում, որտեղ թե՛ մենթալիտետով, թե՛ բիզնեսի նկատմամբ իրենց վերաբերմունքով մարդիկ տարբերվում են այն ամենից, ինչին մենք սովոր ենք այստեղ՝ Եվրոպայում: Եվ, այդուհանդերձ, ոչ մի տեղ այսպիսի վայրենություն, այո, չեմ վարանի ասել՝ վայրենություն, չի եղել: Անշո՛ւշտ, մենք հույս ունենք, որ հարցը բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կստանա, անշո՛ւշտ, մեր կարծիքով նման միջադեպերը բարեփոխված, ժողովրդավարական Հայաստանում չպետք է տեղի ունենան: Եվ, առհասարակ, որեւէ երկրում նման բան չպետք է լինի», – ասել է Բոբիլյովը:
Քննադատելով եւ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ՝ East Prospect-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ միջադեպը չի ազդի Հայաստանում, մասնավորապես՝ «Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ կատարելու իրենց մտադրության վրա:

 

ԳՈՒՑԵ ՓՈԽԵՆ
Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ քննարկումներից հետո փաստաթղթում փոփոխություններ կլինեն: «Մենք քննարկել ենք երկրորդ փուլի հետ կապված հարցերը: Ասեմ, որ ոչ թե մոտեցումն այն է, որ երկրորդ փուլ պետք չէ, այլ արդյո՞ք դա արժի ամրագրել Սահմանադրության մակարդակով, թե ոչ, – պարզաբանեց Դավիթ Հարությունյանը, – այս հարցերն ենք մենք այս պահին քննարկում, եւ կարծում եմ՝ կգտնենք փոխադարձ ընդունելի լուծում»:




Լրահոս