2008Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԵԿՄ ՖՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն է, որը քննարկում է 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը: Հեղինակը համոզված է, որ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերը այլեւս պատրաստ չեն պարտության: Հատկանշական է դիվանագետի կանխատեսումը՝ հիմնված իր տեղեկությունների վրա, որ Սերժ Սարգսյանը մտադիր է հաղթել առաջին իսկ փուլում արդար կամ կեղծ մեթոդներով: Ամերիկացի պաշտոնյան հատուկ անդրադարձ է կատարում նաեւ «Երկրապահ կամավորական միության» որդեգրած դիրքորոշմանը՝ հավանական համարելով ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի միացումը ընդդիմությանը:

Այսպես՝ Փենինգտոնը հայտնում է, որ որքան մոտենում է ընտրության օրը, այնքան Հայաստանի քաղաքական կյանքը դառնում է ավելի անկանխատեսելի: Նրա համոզմամբ՝ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սարգսյանի ճամբարներն ամեն ինչ ներդրել են՝ արդյունքի հասնելու համար, եւ ոչ մեկը պատրաստ չի լինելու ընդունելու իր պարտությունը: Դիվանագետը կարծում է, որ ընտրական գործընթացում ընդդիմությունը հաշվարկ է կատարել հետընտրական իրավիճակի վրա՝ հույս ունենալով հավաքել հսկայական զանգվածներ՝ իրավիճակին վրացական «Վարդերի» կամ ուկրաինական «Նարնջագույն հեղափոխության» տեսք տալու միտումով: Փենինգտոնը տպավորություն ուներ, թե ընդդիմությունը համոզված է իր ծրագրի ճշգրտության մեջ եւ կարող է իշխանության վրա բավարար ճնշում ապահովելու պարագայում հասնել նրա հրաժարականին: Սակայն Փենինգտոնն արձանագրում է, որ իր համոզմամբ, որը հիմնված է իշխանության ներսում տարբեր գործիչների հետ ունեցած քննարկումների վրա, իշխանությունները վճռական են տրամադրված ամեն գնով հաղթելու հարցում: Ավելին՝ նրանք ավելի շուտ հակված են բռնություն կիրառել հրապարակում հավաքված քաղաքացիների նկատմամբ, քան վտանգի տակ դնել իրենց ապահով իշխանավարությունը: Ամերիկացին հավելում է, որ զգացել է իշխանության պատրաստակամությունը ցանկացած ըմբոստություն հաղթահարելու հարցում:
Ի դեպ, դիվանագետը նկատում է, որ Տեր-Պետրոսյանի թիմն էլ հույս ուներ իրավապահ մարմիններում ունենալ այնքան հավատարիմներ, որ զերծ կպահի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու մտադրությունից: Շեշտենք, որ Փենինգտոնի տպավորություններն, ըստ էության, ճիշտ դուրս եկան բոլոր ուղղություններով, երբ ընդդիմությունը չկարողացավ ապահովել անվտանգության մարմիններում բավարար թվով կողմնակիցների աջակցությունը, իսկ իշխանությունն էլ ոչնչի առաջ կանգ չառավ:
Փենինգտոնը նաեւ մի շարք հարցեր է առանձնացնում՝ քննելով, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկարողանա հաղթել ազնվորեն, թե կեղծիքներով է փետրվարի 19-ին հռչակվելու ՀՀ նախագահ: Հղում անելով իրեն հասու վերջին շշուկներին՝ դիվանագետը պնդում է, որ իշխանությունը մտադիր է հաղթել հենց առաջին փուլում՝ անկախ նրանից՝ իր մեթոդները կլինեն ազնի՞վ, թե՞ կեղծ: Նրա կարծիքով՝ եթե հանկարծ երկրորդ փուլ լինի, իշխանության համար խիստ ցանկալի կլինի, որ Տեր-Պետրոսյանը չլինի իր մրցակիցը: Այդ դեպքում Փենինգտոնը հիշատակում է ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ու ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործոնները, որոնք, նրա իսկ պնդմամբ, չհամարվելով «իրական» ընդդիմություն, կարող են երկրորդ փուլ անցնել, ինչը Սերժ Սարգսյանի համար բավականին ցանկալի կլինի: Հարկ է նկատել, սակայն, որ իշխանություններին չհաջողվեց երկրորդ փուլում հայտնվել իրենց համար նախընտրելի թեկնածուի հետ, ինչն էլ ստիպեց նրանց ամեն գնով ընտրություններն ավարտել առաջին փուլով՝ հուսալով, որ հետընտրական ցույցերը կմարեն-կգնան:
Անդրադառնալով ԵԿՄ-ի՝ Տեր-Պետրոսյանի թիկունքին կանգնելու հավանականությանը՝ Փենինգտոնը կրկին հղում է անում իր տեղեկություններին՝ դրանք համարելով հավաստի: Եթե այդ դաշինքը տեղի ունենար, ինչպես կարծում էր դիվանագետը, ընդդիմությունը լուրջ ուժային աջակցություն կունենար քվեարկության օրն ու հետընտրական առճակատման ժամանակ: Հիշատակելով իր աղբյուրները՝ ամերիկացի պաշտոնյան արձանագրում է, որ «գեներալ Մանվելը Տեր-Պետրոսյանի կողքին է, իսկ ԵԿՄ-ի ներկայացուցիչները ուշադրությամբ հետեւելու են ընտրությունների ընթացքին»: Փաստենք, որ 2008թ. ԵԿՄ-ի աջակցությունն ընդդիմությանը խոսքի մակարդակից այն կողմ չանցավ, եւ առնվազն քվեարկության օրն անհնար եղավ կանգնեցնել իշխանության հաստավիզներին: Ուստի ԵԿՄ-ի ուժային նշանակության հանգամանքն ակնհայտորեն չափազանցված էր թե՛ ընդդիմության, թե՛ արտաքին շրջանակների կողմից:
Հանուն արդարության նկատենք, որ Փենինգտոնն, այդուհանդերձ, ինչ-որ կասկած ուներ ԵԿՄ-ի ունեցած ուժերի հանդեպ: Դա ապացուցվում է հեղինակի մեկնաբանությամբ, ըստ որի՝ դժվար է չափել երկրապահների իրական հնարավորությունները, քաղաքական միասնականությունն ու ընդհանուր պայքարի ռեսուրսները: Որպես ելակետ վերցնելով 1999թ.՝ հեղինակը ԵԿՄ-ին համարում է Քոչարյանի ռեժիմի լրջագույն սպառնալիքը, որի համատեքստում է հենց տեսնում Մանվել Գրիգորյանի՝ ՊՆ փոխնախարար լինելու պարագան: Ըստ հեղինակի՝ Գրիգորյանին այդ պաշտոնը տրվել էր որպես նրա աջակցությունը շահելու միջոց: Դրա հիմքով էլ Փենինգտոնը եզրակացնում է, որ Մանվել Գրիգորյանի ու իշխանության մեջ նրանից վերեւ կանգնածների փոխհարաբերություններն այնքան էլ ջերմ չեն:
Վերջում դիվանագետը հռետորական հարց է բարձրացնում՝ եթե իսկապես «Երկրապահը» աջակցի Լեւոն Տեր-Պետրոսյանին, հաջորդ հարցը կլինի՝ արդյո՞ք ԵԿՄ-ի անդամները կմնան այդքան միասնական, հավատարիմ ու ամուր, ինչպես 9 տարի առաջ: Փենինգտոնը, հավանաբար, այսօր կժպտար՝ իմանալով, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ պատգամավոր է՝ «վերջին բոլշեւիկի» զինակիցը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՈՉ ԴԵՄ Է, ՈՉ ԷԼ ԿՈՂՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Անհերքելի փաստ է, որ Հայաստանում արտագաղթի ցուցանիշները գնալով մեծանում են, ինչն ավելի ցայտուն է զգացվում սահմանամերձ գյուղերում: Մարդիկ նախկինի պես ոչ թե արտագնա աշխատանքի են գնում` գոյատեւելու համար, այլ ողջ ընտանիքով են տեղափոխվում արտերկիր անվերադարձ: Իմանալու համար՝ ինչպես է ազդել արտագաղթը աշակերտների թվի վրա, եւ ինչպիսի ուսումնական տարի է սպասվում, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզի Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանի հետ:

-Պարո՛ն Չիլինգարյան, գյուղում ինչպե՞ս են պատրաստվում սեպտեմբերի 1-ին:
-Ինչպես միշտ: Գնում ենք դպրոց: Դպրոց գնացողներին նվերներ ենք տալիս: Մասնակցում ենք առաջին զանգի միջոցառմանը:
-Դպրոցում քանի՞ աշակերտ կա:
-Դպրոցում ընդհանուր 71 աշակերտ կա: Առաջին դասարան այս տարի 3 հոգի է գնում:
-Իսկ ինչպե՞ս են ապրում գյուղի բնակիչները:
-Ինչպես բոլորը: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Մի քանի հոգի պետական աշխատողներ են: 4 հոգի պայմանագրային զինծառայողներ են: Զգալի մասն էլ կենսաթոշակներով է ապրում:
-Սահմանադրական բարեփոխումների մասին գյուղացիները ի՞նչ կարծիք ունեն: Կո՞ղմ են, թե՞ դեմ:
-Ընդհանրապես գյուղում այդ մասին քիչ են քննարկում: Ժողովուրդը հիմնականում տեղյակ չէ: Մի քիչ անտարբերությամբ են վերաբերվում: Մարդիկ մտածում են իրենց հանապազօրյա հացի խնդիրները լուծելու մասին: Այնքան էլ հավատ չունեն, որ Սահմանադրությունը փոխելով՝ կարող է՝ ապրուստը լավանա: Սահմանամերձ գյուղի բնակիչները հիմնականում մտածում են խաղաղության մասին:
-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում սահմանադրական բարեփոխումների մասին: Ուսումնասիրե՞լ եք այն:
-Ես մի կողմից խորհրդարանական կառավարման կողմնակից եմ: Բայց շատ բաներ կան այդ վերապահումներով, որ անհասկանալի են: Օրինակ՝ երկրորդ փուլը, 28 մանդատ ունենալը: Բայց ընդհանուր առմամբ, դեմ չեմ, բայց կողմ էլ չեմ: Պետք է տեսքի բերվի, վերամշակվի, լավ քննարկում գնա:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 
ԿԱՇԱՌՔ ԵՆ ՏՎԵԼ, ՍՏԱՑԵԼ
Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Արամ Տոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես փորձագետ, ստուգումներ իրականացնելիս չարաշահել է իր պաշտոնեական դիրքը:
Եւ այսպես, ՀՀ բնապահպանության նախարարի 2014թ. հունվարի 29-ի թիվ 11-Ա հրամանով Արամ Տոնիկյանը, ընդգրկված լինելով վերահսկիչ գործունեությամբ լիազորված ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի բերրի շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող եւ դրանց հարող տարածքներում պատահական ստուգումներ կազմակերպելու նպատակով ստեղծված «Արագ արձագանքման» աշխատանքային խմբի կազմում՝ որպես բնապահպանության նախարարության աշխատակազմի փորձագետ, հիշյալ հրամանի ուժով ժամանակավորապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի եւ վարչատնտեսական գործառնույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակներից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Նա աշխատանքային խմբի կազմում որպես բնապահպանության նախարարության փորձագետներ ընդգրկված, Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Յուրիկ Պետրոսյանից եւ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Վարդան Մեջլումյանից 2014թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է համապատասխանաբար 60 հազար եւ 55 հազար դրամ կանխիկ գումար, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Այսպիսով՝ Արամ Տոնիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 311 հոդվածի 1-ին մասով («Կաշառք ստանալը»), Յուրիկ Պետրոսյանին եւ Վարդան Մեջլումյանին՝ 312 հոդվածի 1-ին մասով («Կաշառք տալը»):
Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 27-ին:
Տեսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի՝ կների՞ մանր կաշառակերին ու կաշառատուներին, թե՞ խիստ պատժի կարժանացնի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս