Շուտով աշուն է, իսկ նորաձեւության սիրահարներն արդեն պատրաստվում են հրաժարվել ամառային լուքերից` դրանք փոխարինելով աշնանայիններով: Իսկ ո՞ր գույներն են այս աշնանը նորաձեւ, ի՞նչ կտորից, ի՞նչ չափի զգեստներ է խորհուրդ տրվում կրել աշնանային առօրյա լուքեր ընտրելիս. այս եւ այլ հարցերի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատասխանել է դիզայներ Դիանա Շատվերյանը:
Նրա խոսքով` այս աշնանը նորաձեւ են լինելու մոխրագույնի, կարմիրի, մուգ վարդագույնի երանգները, ինդիգո կապույտը եւ բոլոր վառ գույները, ինչպես նաեւ` սեւի եւ սպիտակի համադրությունը: Այս աշնանը մոդայիկ է վանդակավոր պրինտը` անկախ չափից, մանրից մինչեւ խոշոր:
Աշնանային զգեստներ ընտրելիս կարելի է համադրել քաշմիրը` մետաքսի հետ, եւ, առհասարակ, ավելի ծանր կտորները` թեթեւների հետ: «Այս աշուն նորաձեւ է հագուստի oversize չափը. եթե նախորդ տարի այն «մասնակի» էր նորաձեւ, ապա այս տարի այն իրենց հավաքածուներում օգտագործել են գրեթե բոլոր հայտնի դիզայներները` վերնաշապիկից մինչեւ բաճկոնների հավաքածուներ ստեղծելիս»,- տեղեկացրեց դիզայները:
Ինչ վերաբերում է շրջազգեստներին եւ կիսաշրջազգեստներին, ապա ակտուալ է լինելու կա՛մ դրանց կարճ, կա՛մ երկար չափը. միջին չափն արդեն կզիջի իր դիրքերը: Տաբատներից էլ մոդայիկ կլինեն լայն տեսակները, կիպ տեսակներն էլ իրենց հերթին չեն դադարի նորաձեւ լինելուց:
Աշնանային կոշիկներ եւ կիսաճտքավոր կոշիկներ ընտրելու հարցում պետք է հիշել, որ բարակ կրունկը մնում է նորաձեւ. «Ամեն դեպքում, այս աշնանը նորաձեւ կլինեն նաեւ խոշոր, հարմարավետ, միջին բարձրությամբ, ապահով կրունկներով կոշիկները»,-հավելեց Դ. Շատվերյանը:
Աշնանն ակտուալ կլինեն ինչպես մեծ եւ հարմարավետ, ճամպրուկ հիշեցնող պայուսակները, այնպես էլ` դրանց փոքրիկ, կլասիկ տարբերակները: Մոդայիկ կլինեն նաեւ մեծ շարֆերն ու շալերը: Ինչ վերաբերում է ակնոցներին, կրկին նորաձեւ կլինեն դրանց փայլապատ տեսակները` կլասիկ տարբերակով: Իսկ գլխարկներից էլ մոդայիկ կլինեն գործած տարբերակները, աշնանային գեղեցիկ լուքեր կարող են ապահովել նաեւ գունավոր մորթիները:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍԱՌՑԵ ՇՈՈՒ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նոյեմբերի 20-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի արքաները» սառցե շոուն, որին կմասնակցեն գեղասահորդներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Թոմաշ Վերները, Գեւ Մանուկյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը եւ Այդաս Ռեկլիսը, ինչպես նաեւ` գեղասահքի բալետի խումբը՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ:
Շոուին կմասնակցեն նաեւ հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, երգիչ եւ երգահան Հայկոն, երգիչ Վախթանգը: «Սառույցի արքաներ»-ի կազմակերպիչ` «SHOWSTAR» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանի խոսքով` շոուն տեւելու է շուրջ 3 ժամ: Տոմսերի արժեքները տարբեր են՝ սկսած 6000 դրամից: