ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

Հունիսի 22-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր՝ հյուրընկալվելու երիտասարդ ճամբարականներին: Սակայն, երբ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում երիտասարդները շուրջ 15 օր նստացույց արեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, Սերժ Սարգսյանը չբարեհաճեց գոնե մեկ անգամ այցելել եւ հասկանալ նրանց տեսակետը: Բայց քանի որ ՀՀԿ-ական երիտասարդներն առաջիկայում «պետք են գալու» նրանց, Ս. Սարգսյանը «նեղություն է կրում» եւ այցելում երիտասարդ ճամբարականներին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե ո՞ր դեպքերում է արգելվում օտարերկրացիների մուտքը Հայաստան, եւ խնդրում եմ ասեք նաեւ, թե ո՞ր դեպքերում չի արգելվում առանց փաստաթղթերի սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստան:

Բելլա Նավասարդյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, եւ հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստանի իրավունք հայցելու նպատակով: Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չի արգելվում, եթե նրանք ժամանել են ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական թվերի համաձայն՝ 2014թ. 2-րդ կիսամյակին ՀՀ-ում հաշվառված օտարերկրացիների թիվը կազմել է 1772, որոնցից 1082 ՌԴ քաղաքացիներ են:

 

 

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս միակողմանի ծնողազուրկ է եւ ստանում է թոշակ: Նշեմ, որ նա ուսանող է: Հունիսին լրացել է նրա 18 տարին, որից հետո նրա թոշակը կտրեցին: Երբ դիմեցի տարածքային սոցապ ծառայությանը եւ տեղեկանք ներկայացրի, այնտեղից պատասխանեցին, որ սեպտեմբերից կվերակագնեն աղջկաս թոշակը: Հիմա խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ 2 ամսվա թոշակ աղջիկս չի ստանալու: Արդյո՞ք դա օրինական է:

Լաուրա Հարությունյան (51 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության՝ Լ. Հարությունյանի աղջկա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը 2015թ. հուլիսի 1-ից դադարեցվել է 18 տարին լրանալու կապակցությամբ: Ուսումնասիրությունից պարզվել է, որ նրա էլեկտրոնային գործում բացակայում է նրա կենսաթոշակի ստանալու իրավունքը վերականգնելու մասին գրավոր դիմումը եւ առկա ուսուցմամբ սովորելու վերաբերյալ տեղեկանքը: Ելնելով վերոգրյալից՝ վեցամսյա ժամկետում (2015թ. հուլիսի 1-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը) դիմումը եւ առկա ուսուցմամբ սովորելու վերաբերյալ պատշաճ տեղեկանքը (տեղեկանքում պետք է նշված լինեն կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս փոխադրելու հրամանի համարը) տարածքային բաժին անձամբ ներկայացնելու դեպքում Լ. Հարությունյանի աղջկա կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի, եւ կենսաթոշակի վճարումը կվերսկսվի դադարեցման օրվանից (հուլիսի 1-ից): Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի, եւ կենսաթոշակի վճարումը կվերսկսվի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է խորհուրդ տալ տիկին Լաուրային եւ դստերը հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմել իրենց տարածքային սոցապ ծառայություն՝ թոշակը ստանալու պահանջով: Հուսանք՝ այսքանից հետո պատկան մարմինները մարդկային վերաբերմունք կցուցաբերեն եւ կվերադարձնեն նրանց հասանելիք գումարը:




Լրահոս