ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՓՆՏՐԵԼՈՒ» ԵՆ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան կուսակցություններում իսկական խառնաշփոթ է ստեղծվել այն բանի համար, որ Սահմանադրության նոր նախագծում առկա է լինելու «ռեյտինգային» պատգամավոր հասկացությունը: Քաղաքական ուժերից շատերի համար հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «ռեյտինգային» պատգամավոր ասվածը, ինչպես է դա որոշվելու:

Ըստ տեղեկությունների՝ այդ «խուճապի» պատճառով իշխանությունները մտադիր են «ռեյտինգային» պատգամավորի «հարցը» լուծել ընտրական օրենսգրքով, քանի որ օր օրի կուսակցություններում բունտ է հասունանում: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր «դարձածները» իրենց կուսակցության ղեկավարներից փորձում են պարզել, թե արդյո՞ք իրենք վստահ կարող են գումար ծախսել, արդյո՞ք իրենք երաշխիք ունեն, որ պատգամավոր են «ընտրվելու»: Սակայն կուսակցության առաջնորդները որեւէ հստակ պատասխան չունեն, քանի որ իրենց համար եւս այդ հարցը պարզ չէ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի հետ՝ պարզելու համար, թե ինքն ինչպես է վերաբերվում «ռեյտինգային» պատգամավոր ասվածին:
-Պարո՛ն Մարգարյան, ուսումնասիրել ե՞ք նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ նշված է, որ 2017 թվականին լինելու են նաեւ ռեյտինգային պատգամավորներ, արդյո՞ք Ձեզ համար հասկանալի է, թե ինչ է ասել «ռեյտինգային» պատգամավոր:
-Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է դա: Ես որքանով հասկանում եմ՝ սա նման է Իտալիայի ընտրական տարբերակին: Այսինքն՝ եթե բացարձակ մեծամասնություն է՝ 50 տոկոսից ավել որեւէ կուսակցություն չի հավաքում, իհարկե, առաջին փուլում ու չի ցանկանում կոալիցիոն կառավարություն ստեղծել, երկրորդ փուլի է գնում, որին, ինչքան ես ինֆորմացիա ունեմ, դեմ է Վենետիկի հանձնաժողովը: Իսկ ինչ վերաբերում է ռեյտինգայինին, ապա 180 հոգի կարող են լինել պատգամավոր, բայց թե ինչպես է լինելու այդ «ռեյտինգային» պատգամավորը, անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում: Ռեյտինգայինի երկրորդ փուլի ընտրություններն ինչպես են լինելու, էլի կուսակցություններն են լինելո՞ւ, թե՞ միայն առաջին փուլն է ռեյտինգային լինելու: Ես, ճիշտն ասած, դա չեմ պատկերացնում:
-Ըստ տեղեկությունների՝ այժմ կուսակցությունների ներսում «կռիվ է ընկել», քանի որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները «պարզաբանում» են պահանջում:
-Այն մարդիկ, ովքեր զբաղվել են նախագծի մշակմամբ, ըստ երեւույթին, կգան ԱԺ ու կպատասխանեն մեր հարցերին: Ես կրկնում եմ, որ չեմ պատկերացնում «ռեյտինգային» պատգամավորներն ովքե՞ր են՝ նախկին մեծամասնական պատգամավորնե՞րն են, եթե միայն մեծամասնական պատգամավորներն են լինելու… միայն մեծամասնական պատգամավորները ռեյտինգ ունեն ու կարող են ձայն հավաքել, այդ դեպքում չեմ հասկանում, թե ինչու են անունը դրել համամասնական ընտրակարգ: Չեմ պատկերացնում ու չեմ էլ կարծում, որ որեւէ մեկը դա փայլուն պատկերացնում է, դե, իհարկե, բացի այն մարդկանցից, ովքեր աշխատել են այդ նախագծի վրա:
-Ըստ Ձեզ՝ հանրության համար հասկանալի՞ է, թե ի՞նչ ասել է «ռեյտինգային» պատգամավոր:
-Հասարակությունը ինքը պետք է գնա ու իր ձայնը տա, հասարակությունը պետք է ինքը որոշի, թե ինչ է ցանկանում, որպեսզի լինի, ի վերջո, ժողովուրդն է իր քվեն տալու նախագծին: Ընտրական պրոցեսը ծախսատար է, միայն հսկայական գումար ծախսվում է տպագրությունների վրա, գումարներ ծախսվում է, ու դա նորություն չի, ամբողջ աշխարհում այդպես է:
-Դուք կուսակցական չեք, ինչի պատճառով անհասկանալի է դառնում, թե ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք ընդգրկվելու եք ինչ-որ կուսակցության շարքերը:
-Ես կուսակցության անդամ չեմ, ինչպե՞ս պետք է առաջադրվեմ, հին օրենքով ինքնաառաջադրում կար, հիմա երեւի նման բան չի լինելու, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ես կառչած չեմ պատգամավորի մանդատից, ես բացարձակ խնդիր չունեմ: Չի լինելու ինքնաառաջադրում, պատգամավոր չենք ընտրվելու, հիմա ի՞նչ է եղել, 2003 թվականից պատգամավոր եմ ընտրվել, արդեն կլինի 14 տարի, հերիք է: Եթե օրենքը փոխվելու է, ես ոչինչ չեմ կարող անել: Ես նախորդ անգամ կուսակցական չէի, բայց ԲՀԿ-ն էր ինձ առաջադրել: Պետք է այժմ սպասել խորհրդարանական քննարկումներին, որպեսզի պարզենք, թե իրականում ի՞նչ է նշանակում «ռեյտինգային» պատգամավոր:

 

 

 

 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՀ Է, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՑ «ՀԵՌՈՒ» Է ՄՆՈՒՄ

Երեկ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները Երեւանի պետական համալսարանում հանդիպեցին հայրենի քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ: Խորհրդարանական բոլոր ուժերը ներկա էին քննարկմանն ու իրենց հարցերն ուղղեցին հանձնաժողովի անդամներին: Քննարկումը թեժացավ այն ժամանակ, երբ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը քննադատեց ԲՀԿ-ին, որին կոպտորեն արձագանքեց ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը՝ կոռեկտության կոչ անելով նախաձեռնության անդամին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովի անդամներին հարց ուղղեց՝ արդյո՞ք նրանք տեղյակ են, թե հայրենի իշխանություններն ինչո՞ւ են ցանկանում փոխել ՀՀ Սահմանադրությունը: Այնուհետեւ շարունակեց, որ իրենք դեմ են Սահմանադրական բարեփոխումներին՝ հավելելով, որ ՀՀԿ-ն դա անում է իշխանությունը չկորցնելու համար. «Դուք ուշադրություն չեք դարձրել մեկ դրույթի վրա. կառավարման համակարգի փոփոխության դեպքում վարչապետին ընտրում է ԱԺ նախագահը: Նման բան ոչ մի խորհրդարանական համակարգ ունեցող երկրում չկա: Խնդրում եմ՝ պատասխանեք՝ համակարգի փոփոխությունն արվում է ռեժիմի՞ համար»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատեց նաեւ, որ ՀՀ-ում միապետություն է՝ հիշեցնելով, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձնավորության իշխանությունները մեկուսացնում են՝ մատնացույց անելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրինակը:
Չնայած Լ. Զուրաբյանի վրդովված հարցերին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամները պատասխանեցին շատ կարճ ու հանգիստ՝ ասելով, որ իրենք քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունեն: Հանձնաժողովի անդամները հավելեցին, որ Սահմանադրության նոր նախագիծը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
Այնուհետեւ սկսվեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի ու «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի վիճաբանությունը: Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե իշխանությունների կողմից գործի դրված քաղաքական տեռորի արդյունքում ԲՀԿ-ն, որը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, այժմ կողմ է, ու այն, որպես կուսակցություն, վերացավ: «Տղա ջա՛ն, քեզ կոռեկտ պահի եւ համեստ, որ ԲՀԿ-ն վերացած լիներ, մենք այստեղ նստած չէինք լինի, ով քեզ ուղարկել է, կգնաս նրան կասես»,-նախաձեռնության անդամին «դաստիարակեց» Բաբայանը: Վերջինիս «խրատից» հետո կրքերը հանդարտվեցին, բայց քննարկման արդյունքը չգոհացրեց հայկական կողմին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԹՈՒՂԹ ԵՆ ՏԱԼԻՍ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ
Արդեն մի քանի օր է՝ մանր եւ միջին ձեռնարկություններից` խանութներից, դեղատներից եւ փոքր արտադրամասերից, ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենց են այցելում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները (էլեկտրիկները) եւ պահանջում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ըստ որի՝ իրենք տեղյակ են, որ օգոստոսի 1-ից էլէնեգիան 7 դրամով թանկացել է, եւ, ըստ այդմ, պատրաստվում են նոր սակագնով վճարել: Արդյունքում, ձեռներեցները հայտնվել են անելանելի վիճակում: Եթե հրաժարվեն ստորագրել, ապա ՀԷՑ-ը կարող է իրենց խանութը կամ արտադրամասը հոսանքազրկել: Մյուս կողմից էլ, եթե ստորագրեն, ապա այլեւս պարտադրվում են բարձրացված սակագնով վճարել էլէներգիայի համար: «Ժողովուրդ»-ին դիմած ձեռներեցները հայտնեցին նաեւ, որ «էլեկտրիկներն» իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մանրամասն ուսումնասիրել ներկայացվող փաստաթուղթը: Մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀԷՑ, սակայն այնտեղից փոխանցեցին, որ խնդիրը կուսումնասիրեն այն ժամանակ, երբ կոնկրետ եւ անվանական փաստեր կներկայացվեն: Իսկ փաստերը շատ են, ու անվանական ներկայացնելու կարիքն անգամ չկա:

 

ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կենսաթոշակառուների թիվը 2014-ին կազմել է 463 հազար 145 մարդ, մինչդեռ 2013 թվականին այն եղել է 515 հազար 340: Այսինքն՝ բնակչության թվի նվազումը հանգեցրել է նաեւ թոշակառուների թվի նվազման: Փոխարենը աճել է հաշմանդամների թիվը, որը 2014-ին կազմել է 198 հազար 619՝ 2013-ի 193 հազար 836-ի դիմաց: Այսինքն՝ մեկ տարում հաշմանդամների թիվն ավելացել է մոտ 5 հազարով: Կասկածից վեր է, որ սա Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր կացության հետեւանքներից մեկն է:

 

ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՎԵԼԱՑՆԵՆ
ՀՀ Կառավարության առաջիկա նիստում կներկայացվի ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նախագծով առաջարկվում է առաջինը հարց տալու իրավունք ունեցող ընդդիմադիր պատգամավորների թիվը դարձնել 2: Առաջարկվում է նաեւ սահմանափակել Կառավարության անդամին ուղղվող հարցին տրվող պատասխանի տեւողությունը, որպեսզի խորհրդարանում Կառավարության հետ մեկ հարց ու պատասխանի ժամանակ ավելի շատ հարցեր հնչեցնելու հնարավորություն լինի:




Լրահոս