ՄԻ ՉՍՏԱՑՎԱԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում է գործընթաց, որը կողքից դիտողի մոտ չի կարող նողկանք չառաջացնել. ընդամենը մի քանի ամիս առաջ դաշնակից կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր գժտված սիրեկանների պես առիթը բաց չեն թողնում՝ մեկը մյուսին խայթելու համար:

2013 թվականի աշնանից սկսած ՀԱԿ կուսակցության եւ ԲՀԿ ներկայացուցիչները դարձել էին անբաժանելի զույգեր: Խորհրդարանում բոլոր, նույնիսկ ամենաանկարեւոր օրինագծի քվեարկության ժամանակ այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչները միեւնույն դիրքորոշումն էին դրսեւորում: Քաղաքական բոլոր հարցի վերաբերյալ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները տեսակետ էին հայտնում միայն իրենց դաշնակցի կարծիքը ճշտելուց հետո: Այս մոտեցումը լրագրողների շրջանում նույնիսկ կատակների առիթ էր դարձել, քանի որ ամեն անգամ, երբ ՀԱԿ կուսակցության որեւէ ներկայացուցչի մեկնաբանության համար դիմում էին, եւ վերջինս պատասխանելու համար ժամանակ էր խնդրում, բոլորը միանգամից կանխատեսում էին, որ այդ «պաուզան» ԲՀԿ-ականների կարծիքը ճշտելու համար է հարկավոր եղել: Նույնը ԲՀԿ-ականների դեպքում էր. նրանք եւս խուսափում էին միանձնյա կարծիք արտահայտելուց եւ խոսում էին միայն այն ժամանակ, երբ հստակ գիտեին, որ իրենց դաշնակիցների տեսակետը տվյալ խնդրի վերաբերյալ նույնն է: Չնայած այս երեւույթի արդյունքում լրագրողների շրջանում տարբեր տեսակի կատակներ էին ծնվում, բայց քաղաքական տեսանկյունից այն, անշուշտ, ճիշտ պահվածք էր: Ի վերջո, առնվազն «սիրուն չէ», երբ ինչ-որ տեսակետ է հնչում, եւ հանկարծ պարզվում է, որ այն հակասում է դաշնակցի մոտեցումներին:
Այս տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը զայրացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, եւ վերջինս հնազանդվելով՝ լքեց քաղաքական ասպարեզը, նախկին դաշնակիցների հարաբերությունները սկզբում բավական կոռեկտ էին: ՀԱԿ կուսակցության անդամները եւ ԲՀԿ-ականները մեկմեկու հասցեին խոսելուց ձեռնպահ էին մնում: Սակայն վերջին երկու ամիսներին նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու, իսկ երբեմն նաեւ վիրավորելու համար:
ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս հայտարարել, որ իշխանությունները ճնշեցին Գագիկ Ծառուկյանին, եւ նա ստիպված եղավ քաղաքականությունից դուրս գալ, ու ԲՀԿ-ն դադարեց գոյություն ունենալ: Իհարկե, դա այդպես է, բայց մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն միայն Գագիկ Ծառուկյանն էր, ապա ժամանակին ինչու էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրը մի քանի անգամ հանդիպում ԲՀԿ խմբակցության իր գործընկերների հետ եւ բոլոր հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտում: Կամ ԲՀԿ-ականները ՀԱԿ կուսակցության ղեկավարության հասցեին խոսելիս չեն խորշում նրանց ծաղրելուց եւ հեգնելուց: Այս մարդիկ չեն էլ գիտակցում, որ մեկմեկու «խոցելով»՝ առաջին հերթին իրենք իրենց են վիրավորում: Ի վերջո, հայկական հին ասացվածք գոյություն ունի. «Ասա ով է ընկերդ, կասեմ՝ ով էս դու»: Տարօրինակ է, որ նախկին դաշնակիցները չեն գիտակցում, որ երբ գժտված զույգերը մեկը մյուսին մեղադրում են անբարոյական լինելու մեջ, երրորդ կողմի աչքերում նրանք երկուսն էլ դառնում են առնվազն նույնը:
Օրինակ՝ երբ ապրիլի կեսերին «Հրապարակ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերը գրեցին, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջեւ լեզվակռիվ է եղել, այդ կուսակցություններից եւ ոչ մեկը այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչ է եղել: Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտին» տված հարցազրույցում անուղղակի ծաղրել էր ՀԱԿ ղեկավարությանը՝ հիշեցնելով նրանց սիրած արտահայտությունները՝ «ռեժիմը սարսափի մեջ է», «ռեժիմին մնաց 3 ժամ 15 վայրկյան», «ռեժիմը կախվել է» եւ այսպես շարունակ: Իսկ ամենաթարմ դեպքն էլ երեկ արձանագրվեց: Այս անգամ էլ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի երիտասարդներն էին լեզվակռվի բռնվել, այն էլ միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկման ժամանակ:
Նախկին դաշնակիցները մոռացել են, որ իրենց «սիրախաղը» հենց սկզբից Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնության համար կանխատեսելի ավարտ ուներ: Միայն «սիրախաղի» կողմերի ներկայացուցիչներն էին, որ ջանք ու եռանդ չխնայելով՝ փորձում էին բոլորին համոզել, որ իրենք հաղթելու են «չարիքի» իշխանությանը:
Բայց դարձյալ ստացվեց ինչպես միշտ. իշխանությունը խժռեց իր հոգեզավակին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին միայնակ թողնելով իր քաղաքական վերլուծությունների ու ծրագրերի մեջ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿԿԱՆՉԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
Ենթադրվում է, որ այսօր քաղաքական ուժերին կհրավիրեն նախագահական նստավայր` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը մերժել է հանդիպման հրավերը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զանգահարել է իրեն եւ հրավիրել Ս. Սարգսյանի հետ հանդիպման, սակայն ինքը մերժել է: Ըստ Զուրաբյանի՝ Վիգեն Սարգսյանին ասել է. «Մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը, այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի եւ դրա մասին մեր հանրային դիրքորոշումը հայտնել ենք: Եվ մենք վստահ ենք, որ որեւէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը, միեւնույն է, չի փոխվելու»: Նախագահական հրավիրված մյուս քաղաքական ուժերի անունները դեռ հայտնի չեն, սակայն ակնհայտ է, որ նրանք բոլորը՝ թե՛ խորհրդարանական կուսակցությունները եւ թե՛ ընտրությունից ընտրություն ի հայտ եկող մարդ- կուսակցություններն անհամբեր սպասում են, թե երբ իրենց նախագահականից կզանգահարեն եւ կհրավիրեն Ս. Սարգսյանի հետ հանդիպում-քննարկման, կամ ավելի ճիշտ կլինի ասել` լուսանկարվելու:

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Հիշեցնենք, որ նախարարի կինը պահանջում է հերքել «Հրապարակ» օրաթերթում լրագրող Սուսաննա (Սյուզան) Սիմոնյանի հեղինակած հրապարակումներից մեկը, որը, ըստ հայցվորի, արատավորում է իր` Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը: Նախարարի կինը պահանջում է նաեւ, որ օրաթերթի hraparak.am կայքում տեղադրված «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը կայքից հեռացվի: Երեկվա դատական նիստը հետաձգվել է կողմերի միջնորդությամբ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

 

ԿԱՆԱՅՔ ԾԵԾԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Կաթնաղբյուր գյուղի տարածքում գործող «Ձկանոց» ռեստորանում կանանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Կողմերն էլ եղել են մատուցողուհիները, որոնք սկզբում միմյանց հետ վիճել են, իսկ ավելի ուշ ծեծի բռնվել: Ըստ մեր տեղեկությունների՝ կանայք բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի` մեկմեկու պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին միջադեպի տեղի ունենալու հանգամանքը եւ փոխանցեցին, որ հետաքննություն է ընթանում:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԵՌ ՇԻՆՈՒՄ ԵՆ
«Դվին» հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլար ներդրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Կարող եք ինքներդ գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն անընդհատ կատարվում են, եւ ստանձնած պարտավորություններից ավելին է արվում»,- հայտնեց Ա. Սահակյանը: Թե երբ կավարտվի «Դվինի» վերակառուցման աշխատանքները, պարզ չէ. բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին վստահեցրեց, որ վերջնաժամկետ սահմանվել էր մինչեւ 2016 թ., որը հնարավոր է՝ էլի փոփոխության ենթարկվի եւ հետաձգվի: Ի վերջո, ինչպես հայտնի դասականն է ասել. «Նալն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ»:

 

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Վանաձորի «Քիմպրոմ»-ի աշխատակիցները 8 ամսվա չվճարված աշխատավարձի պահաջով այսօր կրկին Լոռու մարզպետարանի շենքի մոտ էին: Նրանք ասացին, որ իրենց պահանջն ուղղում են ոչ միայն մարզպետին, այլեւ հանրապետության նախագահին, վարչապետին, Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարարին, որ հարցը ուշադրության կենտրոնում պահեն: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուլիսին «Քիմպրոմ»-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ նաիրիտցիների հարցը լուծելուց հետո Կառավարությունը կանդրադառնա նաեւ իրենց խնդրին: Ցուցարարներն ասացին, որ թեեւ նաիրիտցիների խնդիրը լուծվել է, բայց իրենց հարցում տեղաշարժ չկա: Մարզպետարանից ցուցարարներին փոխանցեցին, որ մարզպետն արձակուրդում է, իսկ պատասխանատու մյուս անձինք եւս բացակայում են: Նրանց խնդրեցին վերադառնալ երկու օրից:

 

ԸՆԴԴԵՄ ԵՐԿՆԱԳՈՒՅՆԻ
Վարդան Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստ է առաջնորդել «այո»-ի շտաբը եւ մասնակից դառնալ հանրաքվեի գործընթացին միայն մեկ նախապայմանի դեպքում, եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի միասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը: «Ես իմ խոսքն ասել եմ, որ եթե բարեփոխումների այդ նախագծում կա մի կետ, որը միասեռականների հետ է կապված, ապա ես միանգամայն դեմ եմ դրան: Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնան գեյ: Դա խայտառակություն է: Բայց ես լսել եմ, որ այդ կետը չի լինելու, ու եթե դա չի լինելու, ապա ես բնավ դեմ չեմ լինելու սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց Ղուկասյանը: Նա վստահ է, որ մարզում չկա մեկը, որ կկարողանա այդ գիծը տանել:




Լրահոս