Աջափնյակի շենքերում բնակիչներն ապրում են առնետների հետ. որտե՞ղ է համայնքի ղեկավարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ «Ժողովուրդ»-ը Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի շենքերի բնակիչներից ահազանգ է ստանում այն մասին, որ շենքերի շքամուտքերի լույսերը ժամը 8-ից հետո անջատվում են, եւ մարդիկ մթության պատճառով դժվարանում են հարկեր բարձրանալ: Ավելին՝ բնակիչները բողոքում են, որ շենքերում նաեւ առնետներ են վխտում:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցեց Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի համատիրության տնօրեն Անահիտ Թորոսյանի հետ: Վերջինս նշեց, որ շքամուտքի լույսերը երեկոյան ժամը 6-ից հետո միանում են մինչեւ առավոտյան ժամը 8-ը, իսկ ցերեկվա ժամերին միացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ շքամուտքերը բավականին լուսավոր են: «Ցերեկը հարկերը շատ լուսավոր են, իսկ եթե բնակիչը գտնում է, որ մութ է, ապա ինքը կարող է իր տնից իր դռան դեմը լույս քաշի»,- ահա, այսպիսի լուծում առաջարկեց համատիրության նախագահը: Մինչդեռ մեր հարցը վերաբերում էր շքամուտքի հատվածին, որտեղ մութ է, ու բնակիչների դժգոհությունը հենց շքամուտքի մթությունից էր:

Նրա խոսքով՝ շքամուտքերի լուսավորումից համատիրությունը կարող է ընդհանրապես հրաժարվել: «Շքամուտքերի, հարկերի լուսավորությունը համատիրության գործը չի: Դա պետք է բնակիչը իրենց տնից, իրենց դռան դեմը լուսավորի: Հիմա ես գյուղում սեփական տանն եմ ապրում, գյուղապե՞տն է գալիս լուսավորում իմ դռան դեմը»,- զայրացավ համատիրության նախագահը:

Անդրադառնալով շենքում ազատ իրավունքով բնակվող առնետների գոյությանը՝ Թորոսյանն ասաց, որ բնակիչներն են մեղավոր: «Եթե բնակիչը բուրդը բերում, մտցնում է, անցքը խցանում է, այն երկու բնակիչներն էլ բերում տոպրակներով իրենց թթված ճաշերն են շարում, կռիս կլինի՞ էդ տեղերում, թե՞ չի լինի: Այդ կռիսները պետք է հելնեն, իրենց ուտեն, որ իմանան՝ ինչ կա: Կռիսը ի՞նչ է, առնետը պետք է հելնեն, իրենց տունը լցվեն, որ մաքուր պահեն իրենց շենքը»,-վրդովված անիծեց Անահիտ Թորոսյանը:

Այնուամենայնիվ, չնայած տիկնոջ ագրեսիային՝ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ի վերջո, համատիրությունը որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ է առնետների դեմ պայքարելու համար: Պարզվեց՝ կիսաքայլեր կատարվում են. «Դեռատիզացիայի պայմանագիր ունենք: Դեռատիզացիան գալիս է, դեղերը դնում է բոլոր աղբի տեղերը: Հարկերում իրավունք չունեն դնել, որովհետեւ մի հատ երեխա կարող է միամտորեն ձեռք տալ եւ թունավորվել»: Ստացվում է, որ առնետներին համատիրությունը ուղղորդում է դեպի երկրորդ հարկ եւ ավելի բարձր, միայն թե իրենց կողմից «հսկվող» տարածքում դրանք չլինեն, որպեսզի բողոքների դեպքում «մեծ-մեծ» խոսելու առիթը բաց չթողնեն:
Բայց օրվա վերջում տեղի ունեցավ զավեշտալի մի բան. մեզ հետ կրկին կապ հաստատեց Անահիտ Թորոսյանը եւ հեռախոսը վրդովված փոխանցեց 16-րդ թաղամասի 24-րդ շենքի բնակիչ ներկայացած Ռոբերտ Միքայելյանին: Ինչպես եւ սպասում էինք՝ բնակիչը սկսեց գովել շենքում առկա պայմանները՝ հավաստիացնելով՝ շենքերում ամեն ինչ նորմալ է: «Մի հատ կռիս չկա մեր շենքում: Ցերեկը լրիվ պադեզդներում լույս է: Ի՞նչ կա, ի՞նչ բողոքներ են, չեմ հասկանում»,- իր հերթին բարկացավ համատիրության սիրելի բնակիչը:

Ահա թե ինչ ոճով է աշխատում Երեւանի քաղաքապետարանը, այս դեպքում Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Փոխանակ առկա խնդիրները կարգավորեն, 3 «մանեթանոց» այս դեպքում գովացողներ են գործին խառնում՝ իրենց աշխատանքը գնահատելու համար: Կամ բավարարվում են համացանցում իրենց տարաբնույթ լուսանկարները տարածելով, թե իբր գործ են անում: Իսկ իրականում մարդիկ ապրում են խավարում, առնետների հետ, որի համար պետք է շնորհակալ լինեն պարոն Տարոն Մարգարյանին:

11897031_889858147767644_1485931352_n

11911148_889858177767641_369387632_n

11911460_889858184434307_1006704881_n

11911539_889858167767642_1709726808_n

11938160_889858207767638_1987072433_n

11944832_889858234434302_1887433347_n

11951073_889858241100968_1842728826_n

Արփինե Թովմասյան




Լրահոս