«Ժողովուրդ»-ը մարզի թատրոնի առջեւ ծառացած խնդիրների, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պոտենցիալի, «Հայֆիլմ»-ը Կառավարության կողմից հետ պահանջելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, իր դերակատարմամբ «Հեղնար աղբյուր», «Հնձան» եւ այլ ֆիլմերից հայտնի Հակոբ Ազիզյանի հետ:
-Պարո՛ն Ազիզյան, հիմա, երբ ուրբանիզացիան ուղղակիորեն անդրադառնում է նաեւ մշակութային կյանքի վրա, բոլոր կարեւոր մշակութային իրադարձությունները տեղի են ունենում մայրաքաղաքում, այս պարագայում մարզային թատրոնի համար դժվար չէ՞ գոյատեւելը:
-Իհարկե, դժվար է: Այսօր մարզի բնակիչների մի զգալի հատված, որն իսկապես հետաքրքրված է թատրոնով, հացի խնդիր ունի, արտագաղթն էլ ազդում է մեր հանդիսատեսի քանակի վրա, սակայն, ամեն դեպքում, սերտ կապ կա մեր թատրոնի եւ հանդիսատեսի միջեւ: Չնայած բոլոր դժվարություններին` նոր ներկայացումներ են բեմադրվում, դրանցում ներգրավված են թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտները, կատարվում է սերնդափոխություն. այս ամենը նպաստում է, որ թատրոնը մնա ֆորմայի մեջ: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի ակտիվ կյանքին, ապա կան երեւույթներ, որոնցից մարդիկ հասցրել են հոգնել, օրինակ` այդ սերիալները, որոնք «կշտացրել են» թե՛ երեւանցիներին, թե՛ մարզեցիներին, դրանց նկատմամբ առաջվա երկրպագությունը չկա, մի պահ մարդիկ չտեսի նման վրա տվեցին այդ արտադրանքին, բայց հիմա բոլորն էլ կարծես կարոտ են ճշմարիտ արվեստին: Իսկ մեզ մոտ արվեստն անարատ է, մենք մեզ թույլ չենք տալիս սայթաքել: Սա դժվար քննություն է, բայց աշխատում ենք դիմանալ, թե որքան, չգիտեմ:
-Նախկինում մարզային թատրոնները ակտիվ կերպով մեկնում էին հյուրախաղերի, շրջագայում էին երկրի ներսում եւ դրանից դուրս: Հիմա, կարծես, նման հնարավորություն հաճախ չի տրվում: Այս հանգամանքն ինչպե՞ս է անդրադառնում թատրոնի վրա:
-Խորհրդային միության տարիներին հյուրախաղերի համար մեզ գումար էին տրամադրում, թատրոնները հատուկ մեքենա ունեին, այդ բոլորը, սակայն, հիմա չկա: Բայց մեր թատրոնն իր դիրքերը պահպանում է: Օրինակ` երբ հյուրախաղերով մեկնել էինք Թբիլիսի, այնտեղ նրանք հաճելիորեն զարմացած էին մեր խաղով: Ցավոք, դրսի հանդիսատեսին զարմացնելու շանսեր շատ չեն տրվում:
-Ֆինանսի պակասը, բնականաբար, ազդում է նաեւ թատրոնի խաղացանկի վրա…
-Ամեն դեպքում, մենք այս տարի հետաքրքիր ծրագրեր ունենք: Մեր թատրոնը, ինչպես գիտեք, Հովհաննես Աբելյանի անունով է, իսկ այս տարի լրանում է նրա ծննդյան 150-ամյակը: Ուզում ենք այդ առթիվ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին Վանաձորում իսկական տոն անել: Մտադիր ենք հանրապետության, Արցախի ու Թբիլիսիի թատրոնների այն ներկայացումները, որոնցում ժամանակին խաղացել է Աբելյանը, հրավիրել մեզ մոտ, անցկացնել աբելյանական շաբաթ կամ տասնօրյակ, ողջ հանրապետության ուշադրությունը գրավել Վանաձորի վրա. միշտ Գյումրի են գնում, թող մի անգամ էլ Վանաձոր գան: Բնականաբար, մեր թատրոնը եւս իր համապատասխան ներկայացումներով կընդգրկվի աբելյանական տոնին, սակայն ցավով պետք է ասեմ, որ այդպես էլ չկարողացանք մի ներկայացում կյանքի կոչել, որը պետք է նվիրվեր Աբելյանի 150-ամյակին. դա հատուկ բեմադրություն էր, սակայն թատրոնն ի զորու չէ իր միջոցներով այդ բեմադրությունն իրականացնել, այն էլ դասական բեմադրություն:
-Դուք նաեւ դասավանդում եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Երիտասարդների շրջանում «մարզից փախչելու» վտանգ տեսնո՞ւմ եք: Այդ երեւույթի դեմն առնել լինո՞ւմ է:
-Ներկա ինստիտուտի վիճակը հիմա մտահոգիչ է: Ժամանակին ես մայրաքաղաքից այստեղ էի հրավիրում լավագույն դասախոսների, գալիս-պարապում էին հիմնական մասնագիտական առարկաները, բայց արդեն երկու-երեք տարի է` դա չի արվում. մեր յուղի մեջ ենք տապակվում, բայց մի կարեւոր բան կա. մենք տվել ենք 100 շրջանավարտ, եւ եթե այս մասնաճյուղը չբացվեր, ոչ ոք Երեւան չէր գնալու:
Ինչ վերաբերում է մարզից մեկնելուն, ապա երիտասարդները, ինչ-որ հովերով տարված, փորձում են տեղափոխվել մայրաքաղաք, մի քանիսը տեղավորվել են Երեւանում, մի քանիսն էլ նույնիսկ Մոսկվա են գնացել, փորձում են այնտեղ հաստատվել: Բայց այստեղի շրջանավարտների մեծ մասն, ամեն դեպքում, աշխատում է մեր թատրոնում. նրանք մեր վաղվա օրն են: Շատ շնորհալի երիտասարդներ ունենք մարզկենտրոնից եւ մարզի մյուս քաղաքներից:
-Պարո՛ն Ազիզյան, օրերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ Կառավարությունը սկսել է «Հայֆիլմ»-ը սեփականատերերից հետ պահանջելու գործընթաց: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, ո՞ւմ պետք է պատկանի կինոստուդիան:
-Կարծում եմ` ճիշտ կլինի, որ այն պատկանի պետությանը: Վերջինս կինոն, թատրոնը եւ օպերան պետք է վերցնի իր հովանավորության տակ, հակառակ դեպքում երեք օջախներն էլ չեն կարող լիարժեք ստեղծագործել: Պետությունը պետք է պատշաճ ֆինանսավորի, հետո էլ արդյունք պահանջի: Միայն այդ դեպքում կինոստուդիան կտա որակյալ արտադրանք:
ԹԵ ԻՆՉ «ԿԱՏՈՒ ԷՐ ԱՆՑԵԼ» ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՈՒ ԻՐ ՄՈՐ ՄԻՋԵՎ
Հայտնի է, որ երբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն իր աշխատասենյակում էր, ոչ ոք չպետք է նրան անհանգստացներ. նա սիրում էր առանձնանալ, իր մտքերի հետ մենակ մնալ, կարդալ ու գրել, գրել, գրել…
Եվ այն եզակիներից մեկը, ով «հանդգնում» էր խախտել նրա անդորրը, իրենց տան սիրուն, բրդոտ կատուն էր, որի հետ անչափ կապված էր գրողի մայրը, սակայն ինքը` Կապուտիկյանը, սարսռում էր այդ կենդանու հպումներից եւ խուսափում էր նրանից` տան անդամներին խնդրելով, որ կատվին հեռացնեն իր սենյակից: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը, ով նաեւ բանաստեղծուհու մորաքրոջ դուստրն է, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երբ իր մորաքույրը կռացած քայլում էր տանը, կատուն թռչում էր նրա ուսերին, իսկ Կապուտիկյանի մայրն էլ ճչում էր` ուսերս ջարդե՜ց, ուսերս ջարդե՜ց: Տնեցիները դրանից հետո անմիջապես վրա էին հասնում, գրկում կատվին եւ իջեցնում:
Մի անգամ էլ, երբ տանը միայն Կապուտիկյանն ու մայրն են լինում, կատուն իր բնավորության համաձայն թռչում է գրողի մոր ուսերին: Վերջինս գոռգոռում է, ասում է` ծանրությունից ուսերս կոտրեց, ուսերս կոտրեց… «Այդ պահին Սիլվան դուրս է գալիս սենյակից, մոտենում է մորը, փորձում է գրկել կատվին, բայց երբ նրան դիպչում է, սարսափելի սոսկում է ու կատվին վայր է գցում, կատուն էլ իր հերթին մի ամբողջ աղմուկ է բարձրացնում, մորաքույրս էլ խառնվում է իրար, սկսում է Սիլվայի վրա զայրանալ, ասում է` էդ ինչ արիր իմ կատվին, ինչու նրան գցեցիր, իմ կատուն լաց եղավ…»,-պատմեց թանգարանի տնօրենը:
Այս դեպքից հետո անցնում է որոշ ժամանակ: Կապուտիկյանենց կատուն կորչում է: Բանաստեղծուհու մայրը շատ ծանր է տանում կատվի բացակայությունը. «Մորաքույրս սեւը կապեց, Սիլվային ասաց` դու ես մեղավոր, դու իրեն գցեցիր ցած, նեղացավ-գնաց»,-հիշեց Ռ. Հաջյանը: Այդպիսով` գրողի մայրը դստեր նկատմամբ քեն է պահում, այն աստիճան է նեղսրտում, որ մի գեղեցիկ բանաստեղծություն է գրում կորած կատվի մասին: «Դա մի շատ լավ հանգավորված բանաստեղծություն էր, կարդացի, ասացի` մորաքույր, ոնց որ իսկական բանաստեղծուհի լինես: Նա վիրավորվեց, վանեցու բարբառով ասաց` տո ծրտոտ, էն ժամանակ, որ ես բանաստեղծություն կգրեի, Սիլվան դո՞ր էր: Ասացի` մորաքույր, բա ինչո՞ւ ես ասում` Սիլվան հորից` Բարունակից է ժառանգել գրելու ունակությունը. քեզնից է ժառանգել: Մեկ էլ լրջացավ, ասաց` չէ, Սիլվան տեղով Բարունակն ի, էնոր խոսքը, էնոր միտքն ուրիշ ի…»:
Հ.Գ. Օգոստոսի 25-ը հայ գրող, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է: Այդ առթիվ «Ժողովուրդ»-ը ներկայացրեց նրա կյանքից անհայտ մի դրվագ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄԵԿՆԵԼ Է ՄՐՑՈՒՅԹԻ
Հայաստանը Top Model of the World-2015 մրցույթում ներկայացնող մոդել Լիլիթ Մարտիրոսն արդեն մեկնել է մրցույթի անցկացման վայր՝ Էլ Գունա: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլիթն ասել է, որ այնտեղ ամեն բան կազմակերպված է բարձր մակարդակով:
«Ամեն րոպե միջազգային մամուլը մեզ հետ է, ֆոտոշարքեր ենք իրականացնում, հանդիպում մրցույթի մասնակիցների հետ»,-նշել է Լիլիթը:
Ի դեպ, բեմում Լիլիթ Մարտիրոսը կրելու է դիզայներ Գայանե Մարտիրոսյանի հեղինակած երեկոյան զգեստները եւ լողազգեստները, իսկ ազգային տարազը Տերյան մշակութային կենտրոնից Լիլիթ Մելիքյանի ձեռքի աշխատանքն է:
Հիշեցնենք, որ Top Model of the World-2015 մրցույթը կանցկացվի Էլ Գունայում, օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը:
ՔԻՄՆ ԱՆՑԱՎ ԲԵՅՈՆՍԵԻՑ
Եթե օգոստոսի 10-ի դրությամբ Քիմ Քարդաշյանը Instagram-ում բաժանորդագրված օգտատերերի թվով զիջում էր միայն Բեյոնսեին, ապա այսօր պատկերն այլ է։ Հայուհին գերազանցել է աշխարհահռչակ երգչուհուն եւ դարձել Instagram-ի նոր «թագուհին»։
Երկու աստղերի ինստագրամյան էջերին հետեւող օգտատերերի թվային տարբերությունը 100.000 է, սակայն հավանականությունը շատ քիչ է, որ Բեյոնսեն կրկին կստանձնի առաջատարի դերը, քանի որ նա այնքան էլ հաճախ չի թարմացնում իր էջը։
ՈՒԶՈՒՄ Է «ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԳՆԱԼ
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ավագ քույրը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին գրում է loveradio.ru-ն։ 38-ամյա Կատյա Ավեյրուն, ով իր կարիերան սկսել է 2005-ին եւ երբեմն հանդես է գալիս բեմական Ռոնալդա կեղծանունով, դիմել է իր երկրպագուներին՝ խնդրելով աջակցել իրեն այդ հարցում։ Նա վստահ է, որ կարող է վերջ դնել Պորտուգալիայի անհաջողություններին. երկիրն արդեն 5 տարի շարունակ չի անցնում որակավորված ընտրությունը՝ մրցույթին մասնակցելու համար։
Կատյա Ավեյրուն արդեն համագործակցում է շվեդ երաժշտական պրոդյուսեր RedOne-ի հետ։ Երգչուհին կարծում է, որ նրա օգնությամբ կկարողանա կատարյալ ելույթ ցուցադրել եւ կբերի երկար սպասված հաղթանակն իր երկիր: