Zham .am-ի հարցին պատասխանում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը
– Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը “Ժողովուրդ” օրաթերթի դեմ սկսված դատական գործընթացի վերաբերյալ:
– Ես իմ խորին մտահոգությունն եմ հայտնում “Ժողովուրդ” օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումների և դատական պրոցեսի կապակցությամբ: Անթույլատրելի է նման վերաբերմունքը լրատվամիջոցի նկատմամբ, և սա միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու և՛ լրատվամիջոցների, և՛, ընդհանրապես, պետության համար: Ինձ համար խիստ անընդունելի և դատապարտելի է այս դատական գործընթացը:
Գիտեք այն պահին, երբ ապաքրեականացվեցին զրպարտության և վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածները, թվում էր, թե դա մեկ քայլ է առաջ՝ դեպի իրավունքների պաշտպանություն: Սակայն օրենսդրական փոփոխությունը կարծես ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցավ: Արդյունքում կտրուկ աճեցին լրատվամիջոցների դեմ ուղղված հայցադիմումները և հնարավոր դարձավ լրատվամիջոցների հանդեպ ճնշում գործադրել՝ դատական կարգով վերջիններից մեծ գումարներ պահանջելով: Նույնը այսօր կատարվում է “Ժողովուրդ” օրաթերթի հետ:
Հասականալի է, որ դատարանն է իրավասու քննության ընթացքում որոշել, թե արդյոք ներկայացված հայցադիմումը արտացոլում է ՀՀ քաղաքացիական օրեսգրքի 1087.1 հոդվածի պահանջները, սակայն միևնույն ժամանակ հուսով եմ, որ դատարանը կառաջնորդվի բացառապես օրենքով և կհետևի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, որտեղ հստակ ասվում է.
-չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները՝ հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին,
-պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը՝ նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից,
– նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,
-վնասի փոխհատուցման պահանջի իրավաչափությունը որոշելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել պատասխանողի միջոցները, եկամուտի չափը, որպեսզի չսահմանվի վերջիններիս համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա լրագրողի գործունեության համար:
Ահա այսպիսի դրույթների անտեսումն է, որ պատճառ է հանդիսանում Եվրոպական դատարանում ի վնաս ՀՀ կայացվող որոշումների ավելացմանը:
ԶԼՄ-ների անկախության և պաշտպանվածության վերաբերյալ ԵԽԽՎ-ում իր մտահոգությունն է հայտնել նաև ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Այնպես որ, այս հարցը իսկապես մտահոգում է մեր խմբակցության պատգամավորներին և իսկապես ռացիոնալ լուծում է պահանջում:
Այստեղ ուզում եմ օգտագործել առիթը՝ թեման ավելի բացելու համար, և ուզում եմ ներկայացնել նաև խնդրի հակառակ կողմը: Բոլորովին վերջերս մենք բոլորս ականատես եղանք, որ որոշ լրատվամիջոցներ և կայքեր, պետք է շեշտեմ, որ խոսքս ,Ժողովուրդե օրաթերթի մասին չէ, լծված էին բոլորովին այլ գործի՝ ակնհայտ սուտ տեղեկությունները, անձի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող վերլուծություններ տարածելով, ինչ-ինչ պատվերներ կատարելով: Այստեղ բարոյական արգելքների հստակ բացակայությունը բերում է խնդրի անլուծելիության: Մի կողմից մենք փորձում ենք խոսել լրատվամիջոցների պաշտպանվածության մասին, մյուս կողմից չպետք է անտեսվի մարդու պատիվն ու արժանապատվությունը հարգելու պահանջը: Այսինքն՝ մենք այսօր գտնվում ենք մի արատավոր շրջապտույտում, որի հաղթահարման ելքերը ես ինքս դժվարանում եմ տեսնել:
Եվ ի վերջո խնդրի հաջորդ կարևոր կողմը լրագրողների պաշտպանվածությունն է: Ես կտրականապես դեմ եմ լրագրողների հանդեպ հնարավոր բռնությանը, բայց հաճախ լրագրողները պաշտպանված չեն իրենց իսկ խմբագիրներից: Եվ մենք բախվում ենք ևս մի արատավոր երևույթի հետ, ինչպիսին գրաքննությունն է:
Էնպես որ, հարցը բավականին նուրբ է և ունի խորքային ուսումնասիրության և վերլուծության կարիք, ինչու չէ նաև օրենսդրական բարեփոխման: Եվ ես պետք է շեշտեմ իմ և իմ գործընկերների պատրաստակամությունը՝ կազմակերպել քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ հարցի՝ ավելի բազմակողմանի ուսումնասիրության և լուծման ճանապարհներ փնտրելու նպատակով:
Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ “Ժողովուրդ” օրաթերթում այսօր լույս տեսած հոդվածին, ցավում եմ դրա համար և ասեմ միայն մի բան. “Ժողովուրդ” օրաթերթի դեմ սկսված գործընթացի վերաբերյալ իմ տեսակետը ներկայացնելու վերաբերյալ որևէ լրագրող մերժում չի ստացել: