ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՅԻ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ի առավոտյան Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում ողբերգություն էր տեղի ունեցել: Գյուղի երկհարկանի կիսակառույց տներից մեկում 12-րդ դասարանցի Վարդան Սարգսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Մինչ օրս գյուղը ցավով է հիշում կատարվածը, իսկ պատճառը, ըստ գյուղացիների, ընտանեկան անհաշտությունն էր:
Վարդան Սարգսյանի հայրն ու մայրն ամուսնալուծված են: Սարգսյանների ընտանիքը մինչ Վարդանի մահը բաղկացած էր հինգ հոգուց` կինը, ամուսինը եւ երեք տղաները: 17-ամյա Վարդանը միջնեկն էր: Փոքր եղբայրը սովորում է իններորդ դասարանում, իսկ մեծը ծառայում է Իջեւանի զորամասում:
12-րդ դասարանի աշակերտի ինքնասպանության պատճառները, ըստ ականատեսների, ամիսների պատմություն ունեն: Դեպքից երկու ամիս առաջ, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են լինում, Վարդանի հայրը կնոջը կասկածում է դավաճանության մեջ: Նա ծեծում է կնոջը, հետո զանգահարում եւ կանչում կնոջ եղբորը, որն իր հերթին է գալիս ու ծեծում քրոջը: Վարդանի մայրը փոքր տղային վերցնում է եւ հեռանում իր հայրական տուն` Գեղաշեն:
Հարեւանների բնորոշմամբ` Վարդանի հայրը՝ 46-ամյա Գեղամ Սարգսյանը, շատ լավ մարդ է եւ հոգատար հայր, մայրը՝ 39-ամյա Գայանեն, նույնպես նվիրված է իր երեխաներին: «Մենք ընտանիքին լավ ենք ճանաչում: Պարզապես իրենց հարազատներից լսել ենք, որ  Գեղամն իր կնոջը` Գայանեին, դավաճանելուց էր բռնացրել իր իսկ հարազատ քրոջ տղայի հետ»,-ասացին հարեւանները: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ հարազատները Գեղամի քրոջ տղային շտապ ստիպել են մեկնել Մոսկվա` անպատվությունից, գուցե հաշվեհարդարից խուսափելու համար:
Ինչպես  «Ժողովուրդ»-ին  պատմեց հարեւաններից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, Վարդանն ընտանիքում տեղի ունեցած միջադեպից հետո ինքնամփոփ է դարձել, հաց չի կերել եւ ոչ մեկի հետ չի զրուցել. «Միգուցե այս ամենն ազդեց Վարդանի հոգեկան աշխարհի վրա»:
Ականատեսները պատմեցին, որ այդ ողբերգական օրը հայրը դուրս է եկել գյուղամեջ եւ փնտրել  որդուն: Սակայն կարողացել է գտնել միայն գիշերվա ժամը մեկի կողմերը` գյուղի կողքի կիսակառույց շինության նկուղում կախված: Տեղեկացանք նաեւ, որ կիսակառույց այդ տանը ժամանակին ապրել է Վարդանի հորեղբայրը, իսկ այժմ այն պատկանում է Վարդանի դասղեկին` Լիլիթ Ռաֆայելյանին:  
Գեղարդի գյուղապետ Իշխան Թառոյանը մեզ հետ զրույցում ցավով հիշեց կատարվածը: «Ընտանիքը սոցիալապես ապահով ընտանիք է: Երեք երեխան էլ առաջին հայացքից նորմալ, կազմակերպված, դաստիարակված երեխաներ են»,-ասաց համայնքապետը: Վերջինիս խոսքով` ինքն ընտանիքի անհաշտության մասին ինչ-որ բաներ լսել է. «Գիտեք, ամեն մեկը մի բան է պատմում, եւ ես ոչինչ ասել չեմ կարող, միգուցե ընտանիքն այդպիսի խնդիր է ունեցել, բայց անձամբ ես խնդրին ծանոթ չեմ»:
Զրուցեցինք Վարդանի ուսուցիչների հետ: Կերպարվեստի ուսուցիչ Հովհաննես Արեւշատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամիսներ առաջ Վարդանին տարել էր շախմատի մրցույթի. «Այնքան խելացի, սովորող տղա էր, վերջին անգամ տեսել եմ դեկտեմբերի 29-ին, բայց ծնողների հետ կատարվածից հետո ի՞նչ իմանանք՝ խեղճ երեխայի հոգում ինչ էր տեղի ունենում»:
Վարդանի դասղեկ Լիլիթ Ռաֆայելյանը պատմեց, որ դեպքի օրը, երբ լսել է, որ Վարդանն ինքնասպան է եղել, շտապել է նրանց տուն. «Վարդանի զինծառայող եղբայր Մամիկոնը բանակից անհանգստացած զանգահարեց մեր տուն եւ ասաց տղայիս, թե Մանո՛ւկ, ախպերս չկա, կորել է, խնդրում եմ՝ գնացե՛ք, մա՛ն եկեք: Հետո արդեն ուշ ժամի իմացանք, որ տղան այլեւս չկա, եւ ես շտապեցի նրանց տուն: Սարսափելի տեսարան էր. հայրը լացելով ասում էր, թե տղա՛ ջան, այդքան ասում էի՝ խոսի՛, մի բա՛ն ասա, հա՛ց կեր, եթե ուզում ես՝ գնամ մորդ բերեմ, ասա՛, մենակ մի բա՛ն ասա»:
Հարազատները նշեցին նաեւ, որ Վարդանն անհամբերությամբ սպասում էր, թե երբ պետք է գա գարունը, եւ ինքը գնա բանակ:
Դասղեկը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով խնդրեց, որպեսզի օգնենք, որ ընտանիքը հաշտվի: «Վարդանի հետ կատարվածը շատ ցավ տվեց մեզ, մինչեւ հիմա հայրն ուշքի չի գալիս: Լավ կլինի, որ ընտանիքը հաշտվի եւ զերծ մնա այլ դժբախտություններից»,-ասաց նա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս