ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ Ո՞ՒՐ ԷՐ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խոսքի ազատության թեմայով «Ֆորում» մամուլի ակումբում երեկ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:
Նախ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը ներկայացրեց «ԵԹՖ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի կողմից օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցի նախապատմությունը: Լրագրողը նշեց, որ «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ի կողմից վաճառվող ժամկետանց հավկիթների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել եւ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները` փորձել է ստացած տեղեկատվությունը ճշտել տարբեր աղբյուրներից: Այդ նպատակով նա նաեւ զանգահարել է Խ. Խաչատրյանին` հրապարակման մեջ նրա տեսակետը ներկայացնելու համար: Իսկ տպագրության օրը լրագրողը  նաեւ ինֆորմացիա է ստացել, որ Խ. Խաչատրյանը ՊԵԿ-ի շենքի մոտ աղմուկ է բարձրացրել: Եվ դարձյալ տեղեկատվությունը ճշտելու համար լրագրողը զանգահարել է Խ. Խաչատրյանին, սակայն վերջինս, լսելով իր մասին տվյալ տեղեկատվությունը, լրագրողի հասցեին հայհոյանքին մոտ արտահայտություն է արել:
Ս. Գրիգորյանի ներկայացմամբ` 10 օր սպասելով, որ Խաչատրյանը հրապարակային ներողություն կխնդրի, սակայն տեսնելով, որ դա տեղի չի ունենում, իրենք դիմել են դատարան ու պահանջել ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Սակայն դրանից մեկ ամիս հետո Խաչատրյանը որոշել է, որ ինքը եւս վիրավորվել է, եւ դատի է տվել օրաթերթին ու լրագրողին` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար պահանջելով 3 միլիոն դրամ: Անդրադառնալով Խ. Խաչատրյանի այն հայտարարությանը, թե  օրաթերթից պահանջած գումարով ինքը բարեգործություն է անելու, լրագրողը նշեց. «Իսկ ո՞ւր էր մինչեւ այդ Խ. Խաչատրյանը, այսինքն՝ ինքը օրաթերթի հաշվի՞ն է ուզում բարեգործություն անել, ինչո՞ւ մինչեւ այսօր Խաչատրյանը նման բան չի արել»:
Քննարկմանը մասնակցող սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը օրաթերթին խորհուրդ տվեց դիմել Մարդու իրավունքների դատարան` 30 մլն դրամի պահանջով. «Երբ ցուլիկը մի հատ եզի հետ փորձում է կոտոշներով կռիվ անել, մի հատ պիտի կանխատեսի այս դատական համակարգի գործունեությունը: Ուղղակի Խ. Խաչատրյանը չգիտի, թե ինքն ինչ պատմությունների մեջ է մտնում, կա Եվրադատարան»: Ըստ սոցիոլոգի՝ «ԵԹՖ»-ի սեփականատեր Խ. Խաչատրյանի եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի միջեւ դատական պայքարում լրագրողական կազմակերպությունները պետք է լինեն օրաթերթի եւ լրագրողի կողքին, քանի որ խմբագրությունը միայնակ չի կարող պայքարել: Ադիբեկյանը հավելեց, որ ինքը լավ է ճանաչում Խ. Խաչատրյանին, քանի որ ժամանակին մտերիմ են եղել միմյանց հետ:
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են Հայաստանում լրատվություն մատուցել, լրջագույնս վտանգված են. «Խնդիրն այստեղ մեզանից յուրաքանչյուրինն է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ որտեղ դատական համակարգն առնչվել է ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցի հետ, միշտ շահել է ուժեղ, հարուստ կողմը: Եթե նշվում է, որ ազատությունը սանձարձակություն չէ, ապա իշխանությունն էլ այլանդակություն չէ, իշխանությունը սրիկայություն չէ, իշխանությունը տմարդիություն չէ, որ ամեն վայրկյան ջարդեն ժողովրդի գլխին: Վերցնենք Հ1 հեռուստաընկերությունը, որը կոչված է հանրային լսարանի համար: Հեռուստաընկերությունը ո՛չ Սերժ Ազատիչի տանից է բերվել, ո՛չ ժառանգություն է ստացել հորից, դա իմը եւ ձերն է, եւ շատ փոքր մասը՝ իրենը, որն իր ֆունկցիաները չի կատարում»:
Քննարկման ընթացքում Սոնա Գրիգորյանը նաեւ նշեց, թե ովքեր են Խ. Խաչատրյանի մտերիմները, եւ ովքեր են նրան «թեւեր տալիս». «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղը: Թվարկված անուններից կարելի է եզրակացնել, թե ինչ պետք է սպասել Խաչատրյանից»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս