Այսօր գերմանացի մեծ քնարերգու Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1749 թվականի օգոստոսի 28-ին է ծնվել գերմանացի մեծ քնարերգու է, մտածող և պետական այր Յոհան Վոլֆգանգ Գյոթեն:

Նա նվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձամբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։

Վոլֆգանգ Գյոթեն սովորել է Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում։ Ստեղծագործել է վաղ տարիքից։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, վեպեր։ Նրա քնարերգությունը կենսասեր է՝ համակված հուզականությամբ ու անմիջականությամբ։ 25-ամյա Գյոթեն հռչակվել է «Երիտասարդ Վերթերի տառապանքները» (1774 թ.) վեպով, որը գրված է նամականու ձևով։ Վեպի գլխավոր հերոսը՝ Վերթերը, որոնում է իր ընտանեկան երջանկությունը, սակայն, դժբախտ սիրուց հուսախաբ, ինքնասպան է լինում։

1775 թ-ին Գյոթեն հաստատվել է Վայմար քաղաքում։ Այստեղ գրել է «Իփիգենիան Տավրիսում», «Տորկվատո Տասսո», «Էգմոնտ» դրամաները, որտեղ արտացոլված են բարոյափիլիսոփայական խնդիրներ։ «Վիլհելմ Մայստեր» երկհատոր («Ուսման տարիներ» և «Թափառումի տարիներ») փիլիսոփայական վեպում, հեղինակի կարծիքով, մարդկության զարգացման ճանապարհը ստեղծարար գործունեությունն է և մարդու՝ կատարելության ձգտումը։ Գյոթեն ստեղծագործել է նաև մանուկների համար։ «Ռայնեկե աղվեսը» (1793 թ.) պոեմը մանուկներին հրապուրում է խորամանկ Ռայնեկեի զվարճալի արարքներով, իսկ մեծերին՝ ավատական միապետության երգիծական պատկերներով։

Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» (մաս 1, 1808 թ., մաս 2, 1823–31 թթ.) ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի։ Մարդիկ անհիշելի ժամանակներից երազում էին այն մարդու մասին, ով կկարողանար հասկանալ և իրեն ենթարկել բնության գաղտնիքները։ XVI դարի 1-ին կեսին Գերմանիայում տարածված էր թափառաշրջիկ բժիշկ ու գրբաց դոկտոր Ֆաուստի մասին լեգենդը։ Գյոթեին նույնպես հետաքրքրել է Ֆաուստի կերպարը, որին էլ նա դարձրել է իր ողբերգության գլխավոր հերոսը։ Ֆաուստն իր կյանքը նվիրում է գիտությանը, փորձում գործունեության շատ ոլորտներ և, անցնելով կյանքի բոլոր վայելքների միջով, զառամյալ տարիքում հանգում է այն իմաստնությանը, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը։ Ֆաուստը գտնում է այդ ճշմարտությունը, որի համար այնքան երկար տառապել է. «Այնժամ կասեմ ակնթարթին. «Չքնաղ ես դու, կա՜նգ առ, վայրկյա՜ն»: Արդեն գրկում հավերժության Չի կորչի հետքն իմ երկրային։ Կանխազգալով նման վսեմ երջանկություն՝ Վայելում եմ ես ակնթարթն իմ գերագույն»։

Գյոթեի լավագույն գործերից են նաև «Հռոմեական էլեգիաներ» (1790 թ.), «Հերման և Դորոթեա» (1797 թ.), «Արևմտաարևելյան դիվան» (1814–19 թթ.) և այլ երկեր։

Գյոթեի կազմաբանական հետազոտություններից հայտնի է «Փորձ բույսի ձևափոխության վերաբերյալ» (1790 թ.) աշխատությունը։ Գյոթեն գրել է մոտ 1600 բանաստեղծություն։

Դեռևս 1830 թ-ին՝ հեղինակի կենդանության օրոք, նրա բանաստեղծություններից առաջինը հայերեն թարգմանել է Խաչատուր Աբովյանը։ «Վարդը» բանաստեղծությունը թարգմանել է Հովհաննես Թումանյանը, որի համար գեղեցիկ երաժշտություն է գրել Ռոմանոս Մելիքյանը։




Լրահոս