ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին. Աստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին:

Ֆորումի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ գլխավոր դատախազությունների պատվիրակությունները՝ Ղազախտանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբայևի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևայի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Յուսուֆ Ռախմանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Յուրի Գառաբայի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի և ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ քարտուղար Լեոնիդ Երմոլաևի գլխավորությամբ:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան իր ողջույնի խոսքում ընդգծել է քննարկվող հարցերի կարևորությունն ու արդիականությունը` տարածաշրջանում նոր մարտահրավերների ու սպառնալիքների առաջանալու համատեքստում:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհուրդը այս 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է անփոխարինելի և արդյունավետ հարթակ հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից:

«ՀՀ դատախազությունը կարևորում է միջազգային համագործակցությունը, որն իրականացվում է գործող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի շրջանակներում, ինչպես նաև փոխադարձության և բարի կամքի սկզբունքների հիման վրա:

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը սույն թվականի հունվարի 2-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որն ընդհանուր առմամբ մեր երկրին ընձեռում է շահավետ տնտեսական հեռանկարներ, սակայն անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի գործընթացում, ինչը ենթադրում է միջազգային սոցիալ-տնտեսական միասնական գոտու ստեղծում, փոխվում է հանցավորության էությունը՝ որն արդեն կրում է սահմաններ չճանաչող անդրազգային բնույթ` խախտելով մեկից ավելի պետությունների օրենսդրություններ:

ԱՊՀ անդամ բոլոր պետությունների դատախազություններն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում տնտեսական բնույթի հանցագործությունները, այս կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ անդրազգային հանցագործությունների ուղղվածության փոփոխությունը դեպի տնտեսական հանցագործություններ հանդիսանում է առավել վտանգավոր, քանի որ կատարվում է ինչպես հանցավոր, այնպես էլ օրինական կազմակերպությունների, ինչպես նաև մի խումբ անձանց և առանձին անհատների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևոր նշանակություն է տալիս այս ուղղությամբ կանխիչ և բացատրական աշխատանքներին, և այս բնագավառում դատախազական հսկողության արդյունավետությունը առավելապես կախված է օրենսդրական բազայի առկայությունից: Անդրազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում գործնական քայլեր ձեռնարկելու համար վճռորոշ են օրենսդրական միջոցների մշակումը և մեր գործընկերների հետ ջանքերի միավորումը, ինչն այս ուղղությամբ ժամանակի ընթացքում կուտակված փորձի հիման վրա կարող է դիմակայել, իսկ հետագայում նաև կանխել այս տեսակի հանցագործությունները», -նշել է Գ. Կոստանյանը:

Նիստի մասնակիցները քննարկել և վերլուծել են գլխավոր դատախազություններում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային փորձը, հանցավորության, կաշառակերության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի փորձը, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, թմրամոլության, քաղաքացիների՝ ծայրահեղական կազմակերպություններ ներգրավելու, մարդկանց վաճառքի և ապօրինի արտագաղթի դեմ պայքարի փորձը:

Հաստատվել են գլխավոր դատախազների համակարգող խորհրդի դրոշն ու խորհրդանշանը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կարգավորում են ԳԴՀԽ համագործակցությունը Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի և ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի հետ:

Քննարկումների արդյունքում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների ղեկավարները ստորագրել են օրակարգի որոշումները, որոնք սահմանում են միջազգային համագործակցության առաջնային խնդիրներն առաջիկա ժամանակահատվածի համար, դատախազական հսկողության հիմնական ուղղություններով դրական փորձով փոխանակվելու և դրանք գործնականում կիրառելու վերաբերյալ:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը, որը հանդիսանում է Համագործակցության միջազգային մարմին, կազմակերպում է գլխավոր դատախազությունների, ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցությունն ու փոխգործակցությունն օրինականության ապահովման, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, հանցավորության դեմ պայքարի շրջանակում, ստեղծվել է 1995թ. դեկտեմբերին:

2000թ. հունվարի 25-ին Համագործակցության անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ նրան տրվել է ԱՊՀ միջազգային մարմնի կարգավիճակ: Այս փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:




Լրահոս