ԲԱԶՄԱՍԵՐԻ ՓՈՓՈԽՎՈՂ ՍԵՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չար լեզուներն» ասում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առաջիկա ընտրություններում մի մարդու նման ձայն է տալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Պաշտոնական որոշում, իհարկե, չկա, հայտարարություններ էլ չեն լինելու, բայց բազմաթիվ ԲՀԿ-ականներ խոստովանում են, որ թեեւ հրապարակավ չեն սատարելու, սակայն իրենց ձայնը տալու են գործող նախագահին: Ուրեմն այդպիսին է եղել Գագիկ Ծառուկյանի հրահանգը, քանի որ ԲՀԿ-ում, ինչպես հայտնի է, ամեն ինչ որոշվում ու հրահանգավորվում է նրա կողմից:
Իր ձայնը Ս. Սարգսյանին է տալու նաեւ Բազմասեր Մանաֆասի Առաքելյանը՝ այս կուսակցության երիտասարդ պատգամավորներից մեկը: Նա 1994թ. ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը, 1998-ին՝ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: 1999-2000թթ. ծառայել է հայկական բանակում: Ճիշտ է, ընդամենը մեկ տարի, բայց, հավանաբար, պատճառներ ունեցել է, մանավանդ որ բանակ է զորակոչվել ինստիտուտն ավարտելուց մեկ տարի անց… 2011թ. ընդունվել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Կրթության հարցում, ուրեմն, խնդիրներ չկան… Աշխատանքային գործունեությունն էլ արտառոց ոչինչ չունի իր մեջ, չնայած հենց ծանոթանում ենք նրա կենսագրությանը՝ բախվում ենք արդեն «արտառոց» փաստերի: Այսպես, 1999-2000թթ. Բ. Առաքելյանը եղել է ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցի փոխտնօրեն, մարզիչ: Կարծես թե վատ չէ մի մարդու համար, որը 1992-2000թթ. եղել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր: Սակայն եկե՛ք խոսենք փաստերի ու թվերի համադրման սկզբունքով: 1999-2000թթ., ինչպես իր կենսագրության մեջ նշել է Բազմասերը, ծառայել է ազգային բանակում: Սակայն հենց նույն տարիներին եղել է… մարզադպրոցի փոխտնօրեն եւ մարզիչ: Սա ինչպե՞ս հասկանալ: Ինչպե՞ս կարող էր նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը ե՛ւ բանակում լինել, ե՛ւ ղեկավարել ուսումնական գործընթացները: Ուրեմն, ըստ էության, Բազմասերը կա՛մ բանակում չի ծառայել, կա՛մ էլ թույլ է տվել պաշտոնական կեղծիք եւ բանակում գտնվելով՝ ստացել է փոխտնօրենի եւ մարզչի աշխատավարձերը… Զարմանալի է, որ ԿԸՀ-ն, որը Բազմասերին պատգամավորության թեկնածու է գրանցել, իսկ հետո՝ պատգամավոր, ուշադրություն չի դարձրել այս կարեւորագույն հանգամանքին:
Բազմասեր Մանաֆասովիչի (ԲՀԿ-ում դեռեւս ընդունված է անուն-հայրանունով դիմելու ձեւը) կենսագրության մեջ բացակայում է նաեւ 2000-2002թթ. ժամանակահատվածը: Որտե՞ղ է նա եղել, ինչո՞վ է զբաղվել: Այս հանգամանքը նույնպես որեւէ մեկին չի հետաքրքրել: Իսկ ահա 2002-ից հետո կարծես ամեն ինչ հարթ է. 2002-2008թթ. եղել է ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ: 2008-2010թթ.` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2011թ. ընտրվել է «Սեւան» մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ, համատեղության կարգով` ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ: Այստեղ էլ մի անհասկանալի բան կա, որովհետեւ պարզվում է, որ մարդը կարող է երկու բարձր պաշտոն համատեղել՝ լինելով մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ եւ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Բայց միայն սա չի զարմացնում: Ընդամենը 24-ամյա Բազմասերը եղել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ… Պարզ է, որ ամենուրեք գործել է ամենազոր Գ. Ծառուկյանի «դաբրոն», ով մարզական ոլորտում բարձր պաշտոնները քարկտիկի նման բաժանել է իր սիրելիներին՝ այսպես նաեւ առիթ տալով բազմաթիվ խուլ բողոքների, որոնք հնչում են հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող մարզական կառույցներում:
Ի դեպ, երեւի պատահական չէր, որ Բազմասերը մեծամասնական ընտրակարգով թեկնածու էր առաջադրվել Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում: Նրա հայրը՝ Մանաֆաս Առաքելյանը, մարզպետի տեղակալն էր, ուստի նախընտրական շրջանում Բազմասերը հայտարարում էր, որ ինքն արդեն ընտրված պատգամավոր է, իսկ իր մրցակիցներից ամենաթույլը Վրեժ Մարկոսյանն է… Սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ Վ. Մարկոսյանը ստացել էր 18 հազար 408 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, ԲՀԿ-ն ներկայացնող Բ. Առաքելյանը` 15 հազար 326: Ընդ որում, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Բազմասերին ձայն տալու համար եւս բացվել էին «որոշ քսակներ», Երեւանից տարվել էին ուսանողներ՝ նրա օգտին կարուսել կազմակերպելու համար:
Պարտվելով մեծամասնական ընտրակարգում` Բազմասերը, այնուհանդերձ, խորհրդարան եկավ, որովհետեւ Գ. Ծառուկյանը չէր կարող «անտեր» թողնել իր հովանավորյալին՝ Արագածոտնի մարզպետի տեղակալի որդուն: Հետո՞ ինչ, որ նույն Արագածոտնի մարզում շատերն էին դժգոհ փոխմարզպետից ու նրա որդուց: Կարեւորն այն է, որ Ծառուկյանի մտերիմները չհայտնվեն «խաղից դուրս» վիճակում… Բազմասերն ինքն է հաստատել, որ ցանկություն չի ունեցել օրենսդիր գործունեությամբ զբաղվել: «Պատգամավոր դառնալու համար շնորհակալ եմ իմ ընկերներին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին… Որոշողը ես չեմ, որոշողը պարոն Ծառուկյանն է, եթե դարձել եմ պատգամավոր, ամեն ինչ կանեմ՝ նպաստելու այն օրենքներին, որոնք ի շահ ժողովրդի են ծառայելու… Առայժմ ԱԺ եմ բերել իմ «համնուհոտը», բայց լիքը լավ բաներ եմ բերելու»,-խոստովանել է  նորելուկ պատգամավորը: Իր «համուհոտից» զատ, նա խորհրդարան է բերել նաեւ պատմություններն իր բազմաթիվ սերերի մասին. «Շատ եմ ունեցել, բոլորն էլ մեկը մեկից լավն էին»… Ինչպես այս սերերը, այնպես էլ քաղաքական սերերը Բազմասերի համար շատ են՝ մեկը մեկից լավը. երեկ Գագիկ Ծառուկյանն էր, այսօր՝ նաեւ Սերժ Սարգսյանը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս