«ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-Ի ՏՆՕՐԵՆՆ ԱՆՈՒՆ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է «Յունիբանկ»-ի եւ «Հին Էրիվան հոլդինգ»-ի սկանդալային պատմությունը: Երկու տնտեսվարողների վեճը տեղափոխվել է դատարան:
Նախորդ տարեվերջին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ «Հին Էրիվան հոլդինգ»-ը պարտվեց: Այժմ հոլդինգը վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան. դիմումն այսօր կքննվի:
Հիշեցնենք, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ի եւ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի միջեւ 2007թ. եւ 2008թ. կնքվել էին վարկային պայմանագրեր: «Հին Էրիվանը»-ը գումար էր վերցրել «Յունիբանկ»-ից, 2009թ. մայիսի 25-ին բանկի եւ ընկերության միջեւ բանակցությունների արդյունքում կնքվել էին երկու համաձայնագրեր, որոնցով վարկի մարման այլ գրաֆիկ էր սահմանվել: Ըստ փաստաթղթի՝ 2011թ. մայիսի 25-ից ընկերությունը պետք է սկսեր մարել վարկը, ինչը եւ արել է:
Այնուհետեւ՝ ընկերության եւ բանկի ներկայացուցիչների հանդիպմանը, վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելու մասին բանակցություններ սկսվեցին, որի ժամանակ հոլդինգի ներկայացուցիչը խնդրեց տրամադրել նաեւ հաշվարկված տոկոսների հետ կապված հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ տեղեկանք՝ կասկածելով, որ բանկը երկու տարվա տոկոսները չի կապիտալիզացրել, եւ այդ մասով հարկ չի վճարել:
Երբ այդ պատմությունից հետո հոլդինգը դիմեց դատարան՝ խնդրելով ճանաչել նույն օրվա մեջ կնքված վերը նշված համաձայնագրերը, բանկի նախագահ Վարդան Աթայանն էլ, որպես հակաքայլ, դիմեց ՀՀ ոստիկանությանը (6-րդ վարչությանը)՝ հոլդինգի ղեկավար Մանվել Տեր-Առաքելյանին մեղադրելով համաձայնագրեր կեղծելու մեջ: Բայց Տեր-Առաքելյանն էլ շարունակ պնդում է, որ «Հին Էրիվան»-ն ամեն ամիս պատշաճ կերպով բանկին վճարել է սահմանված գումարը, եւ ուշացումներ չեն եղել` պահանջելով չեղյալ համարել իրեն անպատասխանատու վարկառու ճանաչելու մասին բանկի որոշումը՝ ներողության հետ զուգորդված:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հին Էրիվան հոլդինգ»-ի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանի հետ, որը լիահույս է, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կկայացնի արդար որոշում: «Եթե վերաքննիչ դատարանում այս հարցը չստանա արդարացի լուծում, ապա ես կհրապարակեմ այն չինովնիկի անունը, որը կանգնած է բանկի հետեւում եւ ամեն ինչ անում է՝ իմ ընկերությունն իմ ձեռքից վերցնելու համար»,-հայտարարեց Մ. Տեր-Առաքելյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս