Ամա՛ռ, մի՛ շտապիր գնալ. աշունը կսկսվի թանկացումներով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Ամառն ավարտվում է, եւ եկող շաբաթվանից կսկսվի աշունը, սակայն այս հանգամանքը Հայաստանի բնակչությանը ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները կսկսեն հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով դեռեւս երկու շաբաթ առաջ հայտարարել են, որ ձեռնարկությունների էլէներգիայի ծախսը իրենք չեն պատրաստվում փոխհատուցել:

Ինչը նշանակում է, որ ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը օգոստոսի 1-ից ուժի մեջ է, եւ սեպտեմբերի սկզբին նրանք նոր սակագնով առաջին հաշիվները կստանան: «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե էլէներգիայի 17 տոկոսով թանկացումը սպառողական գների ինչպիսի բարձրացման կհանգեցնի: Բայց որ առջեւում մեզ թանկացումներ են սպասվում, այն էլ նշանակալի չափերով, դա արդեն կասկածից վեր է: Ավելին՝ վերջին օրերին միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումները եւս ոչ մի լավ բան չեն խոստանում, ու չի բացառվում, որ մոտ ապագայում դրամը կրկին արժեզրկվի: Եթե իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով, ապա այդ գործոնը եւս իր հերթին լրացուցիչ թանկացումների պատճառ կդառնա: Մի խոսքով, հիրավի կարելի է ասել՝ ամա՛ռ, մի՛ շտապիր գնալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս