Յուրաքանչյուր երկրում հարկային վարչարարությունը եւ օրենսդրությունը ապահովում են բիզնես դաշտի գործունեությունն ու զարգացման միտումները: Մեզ մոտ սա եւս բացառություն չէ, ավելին, պատահական չէ, որ 2011թ. պետական բյուջեի եկամուտների բացարձակ մեծամասնությունը (վերջին տարիներին՝ 70-90%) գոյացել է հարկային վճարներից եւ պետական տուրքերից: Արդ, ստորեւ հասկանանք, թե ինչ վարչարարություն է իրականացնում ներկայիս կառավարությունը, եւ որոնք են դրա հնարավոր այլընտրանքները՝ կապված նախագահի թեկնածուների տեսլականների հետ:
Ըստ 2011թ. պետական բյուջեի կատարողականի՝ հաշվետու տարվա հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 654 մլրդ դրամ, որից 631,6 մլրդ դրամը՝ հարկային մուտքերից, իսկ 22,4 մլրդ դրամը՝ պետական տուրքերից: Հետաքրքիր է, որ հարկերն ու տուրքերն ապահովել են պետության եկամուտներն ավելի քան 74%-ով: Պարզվում է, որ ի տարբերություն 2010թ.՝ հաշվետու տարում հարկային մուտքերն ու պետտուրքերը աճել են 10%-ով՝ կազմելով 59,9 մլրդ դրամ, իսկ այդ ավելացումը տեղի է ունեցել ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի եւ մաքսահարկի մուտքերի հաշվին: Ամեն դեպքում, կարելի է միայն փաստել, որ ներկայում քաղաքացիները հաճախ են դժգոհում տարատեսակ հարկային պարտավորություններից, որոնք տարեցտարի անհարկի ավելանում են: Տրամաբանական է, որ եթե բյուջեի եկամուտների ավելի քան 70 տոկոսը կազմում են հարկերն ու տուրքերը, ապա ամեն տարի կառավարությունը պետք է ավելացնի դրանք: Ցավալիորեն, սակայն, հին հարկատեսակներում առկա փոփոխությունները եւ նորերի ստեղծումն անդրադառնում է գլխավորապես մանր ու միջին բիզնեսի վրա, մինչդեռ խոշորը շարունակում է արտոնյալ պայմաններում գործունեություն ծավալել: Խնդիրը մեծամասամբ պետության եւ բիզնեսի սերտաճման հարթությունում է, ինչպես նաեւ մանր ու միջին բիզնեսի գործունեությունը խոչընդոտելու արատավոր երեւույթի մեջ:
2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների մասնակիցներն ունեն իրենց մոտեցումները հարկային քաղաքականության շուրջ, որոնք, ըստ էության, նման չեն միմյանց: Նկատենք, որ գործող նախագահի հարկային քաղաքականությանը ոչ միայն խոսքով հավատալու, այլեւ աչքով տեսնելու «բախտավորությունն» ունենք: Ըստ էության, այդ քաղաքականությունը չի փոխվելու նաեւ 2013թ-ին., ինչի ամենագլխավոր փաստարկն այս տարվա բյուջեի նախագիծն է, ըստ որի՝ հարկերը եւ տուրքերը կազմելու են բյուջեի եկամուտների 96,25%-ը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ժողովրդի սոցիալական դրությունը հաստատապես չի բարելավվել, գնաճը շարունակել է աճել, իսկ տնտեսվարող սուբյեկտների քանակը նվազում է, ապա հարկային վարչարարությունն ակնհայտորեն ավելի ու ավելի է խստացվում:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն առաջարկում է հարկային բեռի վերաբաշխում միջին եւ փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես: Խոսվում է նաեւ վաճառքի հարկի կամ շրջանառության հարկի կիրառման մասին: Ըստ այդմ՝ հարկային դաշտում վաճառքի հարկը (շրջանառության հարկ) երեք տարիների ընթացքում ամբողջովին կփոխարինի ԱԱՀ-ին: Այն ոչ միայն կդյուրացնի հարկային վարչարարությունը, այլեւ կդառնա ջրբաժան փոքր, միջին եւ խոշոր բիզնեսների միջեւ: Փոքր բիզնեսի համար այն կսահմանվի 15% պակաս, քան միջինի, իսկ վերջիններիս դեպքում` 15% պակաս, քան խոշորի համար: Համաձայն այդ ծրագրի՝ հարկային կանխավճարները պետք է արգելվեն: Պետք է բացառել շահութահարկի գծով, ինչպես նաեւ այլ հարկատեսակներով, կանխավճարներ տալու արատավոր պրակտիկան: Հարկատուն պարտավոր չէ վարկավորել պետությանը: Ի դեպ, կանխավճարների խնդիրը խիստ անհանգստացնում է գործարար հատվածի մեծ մասին, քանզի քիչ չեն դեպքերը, երբ տարվա վերջում նրանց «հորդորում» են կանխավճարներ մուծել: Ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը պետք է սահմանել բացառապես գործարքի գնով: Այդ խնդրին էլ անդրադառնալով՝ նախկին վարչապետը պնդում է ներմուծման գների սահմանման կամայական համակարգի վերացման անհրաժեշտությունը: «100 քայլում» հստակեցվում է, որ հարկային արտոնությունները պետք է բացառվեն: Տնտեսվարող որեւէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, տարատեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա: Կառավարությանը եւ ԿԲ-ին պետք է զրկել հարկային արտոնություններ տալու հնարավորությունից:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ներկայում հարկային մուծումներն ու պետական տուրքերն ահռելի նշանակություն ունեն պետբյուջեի եկամուտների գոյացման հարցում: Այսօր գործարարի աչքի առաջ է հարկային վարվող քաղաքականությունը եւ դրա հիմնական այլընտրանքը, ու նա, անշուշտ, հնարավորություն ունի ընտրելու դրանցից որեւէ մեկը: Թեեւ նախագահի մեկ այլ թեկնածու՝ «էպոսագետ» Վ. Սեդրակյանն առաջարկում է ընդհանրապես հարկեր չվճարել, քանզի դա հայ մարդուն հարիր չէ: Այսպիսով, եթե կառավարությունը գնար այդ քայլին, ապա 2013թ. պետբյուջեն պիտի ներկայացներ ընդամենը 3,75% եկամուտներով:
ՀԱՐԿԵՐԻ ԽՍՏԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԼԻԱԿԱՏԱՐ ՎԵՐԱՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ