«ՄԻ «ԿԱՄԱԶ» ՎԵՆՈԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած կիրակի Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցին «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի տնօրեն Ստեփան Գիշյանի հորը: Վերջինս իր մահկանացուն կնքեց 89 տարեկան հասակում: Նոյեմբերյանցիները մահացածին նկարագրում են որպես բարի եւ լավ մարդու: Նրա հուղարկավորությունը սահմանամերձ, փոքրիկ Նոյեմբերյանում ամենաքննարկվող թեման է դարձել: Նախ` այդ միջոցառումը նոյեմբերյանցիներին զարմացրել է իր շքեղությամբ:  «Ժողովուրդ»-ի թղթակցին նրանք պատմեցին, որ մի «Կամազ» բեռնատարը հազիվ է տեղավորել հանգուցյալի շիրիմի համար բերված սգո շքեղ պսակները: Հանգուցյալի դին ոտքով բերվել է մինչեւ քաղաքի կենտրոնը, ինչը Նոյեմբերյանում հաճախ չի արվում: Սգո արարողությանը ներկա են եղել Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ բազմաթիվ բարձրաստիճան այրեր: Սգո արարողության մասնակիցների վկայությամբ՝ հոգեհացի ժամանակ Արթուր Բաղդասարյանը մի քանի կենաց է ասել: Նշենք, որ Ստեփան Գիշյանի կապը Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ այնքան էլ սերտ չէ: Նա մի անգամ 500 հազար դրամի նվիրատվություն է կատարել իր ղեկավարած բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղին` փողոցի ասֆալտապատման համար, իսկ նրա եղբայրն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Դեբեդի հովտում, գործընկերոջ հետ հեկտարներով հողեր է գնել: Նոյեմբերյանցիներից շատերը ներկայում կքած են «ԱԿԲԱ» բանկի տված վարկերի բարձր տոկոսների ներքո: Նրանք, հարգելով հանդերձ հանգուցյալի հիշատակը, միանշանակ չեն ընդունում նման շքեղ թաղումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս