«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ միայն քննարկել են նոր Սահմանադրության նախագծի հետ կապված հարցերն ու այս օրերին Սերժ Սարգսյանի՝ քաղաքական ուժերի հետ կայացած ու կայանալիք հանդիպումները: Ս. Սարգսյանն ասել է, որ այդ հանդիպումները շարունակվելու են առաջիկա օրերին:
Մեր տեղեկություններով՝ այսօր Ս. Սարգսյանը պետք է հանդիպում ունենա ՎՍԴՀ կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանի հետ: Ս. Սարգսյանը հրավեր է ուղարկել նաեւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին, որը ևս նախագահական նստավայր կգնա առաջիկա օրերին. նա այս պահին ՀՀ-ում չէ:
ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ ԳՄ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարց չի քննարկվել, Ս. Սարգսյանն էլ որեւէ ձեւով դրան չի անդրադարձել: ՀՀԿ ԳՄ անդամներից շատերը տեղյակ չեն, թե Ս. Սարգսյանն ում է ցանկանում այդ պաշտոնում նշանակել: Վերջիններս միայն հայտարարում են, թե լինելու է պրոֆեսիոնալ ու գիտակ մարդ:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե քննարկել են ներքաղաքական ու կուսակցական հարցեր: