«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին բավականին սրվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության համանուն կուսակցությունը ներկայացնող անդամների եւ վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ Սարգսյանն իր քայլերը չի համաձայնեցնում ՀԱԿ խմբակցության մյուս անդամների հետ եւ գործում է ինքնուրույն:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջերս շատ լարված խոսակցություն է տեղի ունեցել Լյուդմիլա Սարգսյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարության միջեւ: ՀԱԿ-ում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ եթե Լյուդմիլա Սարգսյանն իր քայլերում առաջնորդվում է՝ հաշվի առնելով միայն իր կուսակցության շահերը, ապա նա պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատը:
Կողմերի միջեւ լարվածությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության անդամներին տեղակացրել է, որ ինքը, որպես ՎՍԴՀԿ ատենապետ, նպատակ ունի սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լյուդմիլա Սարգսյանից, սակայն` ապարդյուն: