Ժամանակն անցնում է, սակայն «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տոնուս»-ից տուժած քաղաքացիները պատմեցին, որ օրեր առաջ եղել են Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Արցախբանկ»-ում եւ փորձել են հանդիպել կառավարչի հետ, սակայն իրենց ասել են, որ այժմ էլ նա արձակուրդում է:
Իսկ բանկի իրավաբանն էլ բնակարանատերերին փոխանցել է, որ ներկայումս զբաղված են Փափազյան հասցեի շենքի բնակարանների հարցով: Իսկ թե երբ կսկվեն Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքները, բանկում չեն կարողացել հստակ ասել:
Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունը կսկսվի դեռեւս այս տարվա սկզբին: Մինչդեռ տարին արդեն ավարտվում է, բայց շինարարական ոչ մի աշխատանք այնտեղ չի իրականացվել: