Մեր կուսակցության անդամներն ազատ են իրենց գործողությունների մեջ. Արարատ Զուրաբյանը` Կարապետ Ռուբինյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կարապետ Ռուբինյանը լքել է ՀՀՇ-ն: Վերջինս իր հեռանալը բացատրել է այն կերպ, որ կուսակցությունը գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բայց իրեն չեն տեղեկացրել, իսկ վարչությունն էլ նիստ չի հրավիրել և այդ մարդկանց չի լիազորել:

Այս առնչությամբ Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀՇ անդամ և ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ներկա եղած Ալեքսանդր Արզումանյանից: Վերջինս նշեց, թե չի ցանկանում այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ: Նրա խոսքով` յուրաքանչյուրն ունի ազատ կամք դրսևորելու իրավունք:

ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը ևս նշեց, որ իրենց կուսակցության յուրաքանչյուր անդամ ունի ազատ կամքի իրավունք: «Մեր կուսակցության անդամներն ազատ են իրենց գործողությունների մեջ և յուրաքանչյուրի անհատական մոտեցումը հարգում ենք: Կոնկրետ մարդը չի ցանկանում լինել այս կուսակցության անդամ, և դա իր իրավունքն է, շատ հարգանքով եմ վերաբերվում», – հավելեց նա:

Մեր այն դիտարկմանը, որ Ռուբինյանն ասում է` իրեն չեն զգուշացրել, և վարչությունում էլ նույնիսկ չեն քննարկել այս հարցը, Զուրաբյանը նշեց. «Ես կարծում եմ` մի քիչ տեղեկությունների պակաս ունի Կարապետ Ռուբինյանը, որովհետև այս հարցի շուրջ մենք համապատասխան քննարկում իրականացրել և մեր մոտեցումները հստակեցրել ենք մեր թիմակիցների հետ»:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: ՀՀ նախագահի հետ արդեն հանդիպել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը:




Լրահոս