Հերթական քրգործը. «Էրեբունի գինու, կոնյակի գործարան»-ի սեփականատերը՝ մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Պարզվում է, որ նա հայաստանյան բանկերից մեկից 837 միլիոն դրամ է «քցել»:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ տարբեր անձանց անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ տրամադրելու համար կալանավորվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը:

Եվ, ահա, այս կեղծիքի շրջանակներում նաեւ մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել «Էրեբունի գինու, կոնյակի գործարանի» սեփականատեր Հովհաննես Մարգարյանը:
Իսկ ի՞նչն է եղել պատճառը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը կեղծ վկայականները պատրաստելու գործարքին գնացել է հանուն «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատիրոջ:

Բանն այն է, որ 2010թ. «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը հայաստանյան բանկերից մեկից 837 միլիոն դրամի վարկ է վերցրել եւ բանկում գրավադրել է իրեն պատկանող սեփականությունների որոշ մասը: Սակայն, երբ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը նրան է տրամադրել անշարժ գույքի կեղծ վկայականները, վերջինս այդ կեղծված անշարժ գույքի վկայականները ներկայացրել է բանկին եւ իրեն պատկանող սեփականությունը գրավից հանել: Արդյունքում բանկին «քցել» է 837 միլիոն դրամ: Եվ, ահա, մեզ հաջողվել է պարզել, որ Հովհաննես Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ի դեպ, նշենք, որ սա միակ քրեական գործը չէ, որ հարուցվել է. դեռեւս 2011թ Հովհաննես Մարգարյանը կանխամտածված անվճարունակության հատկանիշներ էր ստեղծել եւ իր հիմնադրած ընկերությունը հասցրել էր սնանկության` պետությանը պատճառելով խոշոր չափի` 172 526 900 դրամի վնաս:
Հ. Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, եւ այս գործն ուղարկվել էր դատարան:




Լրահոս