«Վիկիլիքսի» շնորհիվ հանրայնացված այս փաստաթուղթը 2004թ. հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջ. Օրդուեյը: Վերջինս ներկայացնում է Հայաստանի իշխանության ներսում հաստատված աստիճանակարգությունը՝ բացատրելով, թե կոնկրետ որ գործիչը ինչպիսի կարեւորություն է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի համար:
Փաստաթուղթը ուշագրավ է այնքանով, որ ցույց է տալիս, թե ինչ վերադասավորումներ են տեղի ունեցել այս տասնամյակի ընթացքում եւ Քոչարյանի կառավարման շրջանում իրական ազդեցություն ունեցողներից ովքեր են պահպանել իրենց դիրքերը: Ավելին՝ Քոչարյանի երբեմնի հավատարիմների ներկայիս կարգավիճակը քննելով՝ հնարավորություն է ստեղծվում պատկերացում կազմելու, թե արդյոք նա կկարողանա վերադառնալ իշխանության ղեկին:
Սերժ Սարգսյանին որակելով իբրեւ Քոչարյանի ամենամերձավոր աջակիցը՝ Օրդուեյը նրանց կապը բացատրում է տնտեսական լայն հետաքրքրություններով: Դեսպանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը «ամեն կարկանդակում իր բաժինն ունի» ու Քոչարյանի հետ գործում է միասնաբար՝ տնտեսական մեծ օգուտներ քաղելով: Դիվանագետը նկատում է, որ Սարգսյանը ամուր կապեր ունի ռազմական շրջանակների հետ, ինչը մեծ նշանակություն ունի Քոչարյանի իշխանությունը պահելու համար: Հեղինակը պնդում է, որ Սարգսյանն ու Քոչարյանը գրեթե հակասություններ չունեն, եւ նրանց մոտեցումները մշտապես համընկնում են: Նկատենք, որ բավականին ուշագրավ այս մեկնաբանությունը կարծես հակադիր է մշտապես տարածվող այն տեղեկություններին, թե Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ լուրջ հակասություններ կան: Անշուշտ, հակասություններ կարող է եւ լինեն, բայց երբ խոսքը կվերաբերի իշխանությունը կորցնելուն, նրանք հաստատապես կմիավորվեն, ինչպես որ վարվել են նախորդ 16 տարիներին: Թեեւ հանուն արդարության պետք է նկատել, որ այս տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը վերջնականապես ջախջախեց Քոչարյանի վերադարձի նվազագույն հնարավորությունն անգամ:
Օրդուեյը Քոչարյանի շրջապատի հաջորդ կարեւոր դերակատարն է համարում Արմեն Գեւորգյանին, որն այդ օրերին զբաղեցնում էր նախագահի առաջին օգնականի պաշտոնը: Դիվանագետը վստահ էր, որ Գեւորգյանը բոլոր հարցերում Քոչարյանի հետ համերաշխող ու նրա կարծիքը կիսող գործիչ է: Ամերիկացու պնդմամբ՝ ոչ ոք այնքան մուտք չունի Քոչարյանի մոտ, որքան Գեւորգյանը, «ում մասին անգամ խոսում են որպես գորշ կարդինալի»: Սրան զուգահեռ՝ դիվանագետը չի կարծում, որ Գեւորգյանն ամբողջությամբ կարող է ազդել Քոչարյանի վրա: Հատկանշական է, որ Գեւորգյանը, լինելով Քոչարյանի ամենասիրելի կադրը, Սերժ Սարգսյանի «խաչակրաց արշավանքի» շրջանակներում լքեց ՀՀ փոխվարչապետի աթոռը: Հիշենք, որ ֆինանսների նախկին փոխնախարար Դ. Ավետիսյանը ամերիկացիներին հայտնել էր դեռ 2007թ. սեպտեմբերին Քոչարյան-Սարգսյան գաղտնի պայմանավորվածության մասին, ըստ որի՝ այդժամ էր ծրագրված Ա. Գեւորգյանին դարձնել փոխվարչապետ՝ Կառավարությունում Քոչարյանի շահերը պաշտպանելու համար: Արդ, նրա հեռացման հանգամանքն անուղղակիորեն հաստատում է Քոչարյան-Սարգսյան հակասությունների իրական մակարդակը:
Ամերիկացի դիվանագետը փաստում է, որ Քոչարյանի մերձավորներից հերթականը Ալեքսան Հարությունյանն է, որը, ծնված լինելով Ղարաբաղում, երկար տարիների կապեր ունի Քոչարյանի հետ: Ապա քննելով Արտաշես Թումանյանի դիրքերը՝ Օրդուեյը նրան համարում է Քոչարյանի արդյունավետ հսկիչը: Դիվանագետի կարծիքով, թեպետ Թումանյանը ոմանց կարող է խանգարել Քոչարյանի հետ ունեցած գործերում, բայց «իր շեֆի վրա իրականում լուրջ ազդեցություն չունի»: Օրդուեյը փաստում է, որ թեպետ Թումանյանը Սերժ Սարգսյանի պես հայտնի չէ, բայց բնակչությունը նրան լավ գիտի: Հատկանշական է, որ դիվանագետը կարծես անուղղակիորեն հակադրում է Սերժ Սարգսյանին ու Արտաշես Թումանյանին՝ համեմատության եզրեր անցկացնելով: Նման համեմատության համար հիմք կարծես գոյություն ուներ՝ հաշվի առնելով այն պարագան, որ Թումանյանը մտադիր էր կուսակցություն հիմնել ու ներիշխանական պայքարին նոր թափ հաղորդել, ինչը, ըստ որոշ կարծիքների, կանխվել էր հենց Սերժ Սարգսյանի կողմից:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, Օրդուեյը նրան դասում է Քոչարյանի վրա խիստ սահմանափակ ազդեցություն ունեցողների շարքում: Նրա համոզմամբ՝ Օսկանյանը լայնախոհ է, բայց միշտ չէ, որ կարող է Քոչարյանին ուղղորդել, երբ որոշում կայացնելու պահն է հասունանում: Ամփոփելով՝ դեսպանը նկատում է, որ Քոչարյանի հետ անկաշկանդ շփման հնարավորություն ունենալով հանդերձ՝ վերոհիշյալ բոլոր գործիչներն էլ Քոչարյանի որոշումների վրա լրջագույնս ազդել չեն կարող: Հղում անելով Քոչարյանի՝ տնտեսական հարցերով այն ժամանակվա խորհրդական Վահրամ Ներսիսյանցին՝ Օրդուեյը հայտնում է, որ «Քոչարյանը ոչ մեկին էլ չի լսում»:
Իրավամբ կարելի է համաձայնել Օրդուեյի եզրահանգման հետ, որ Քոչարյանի օրոք գլխավոր պաշտոններ զբաղեցրածներից ոչ մեկը Քոչարյանի որոշումների վրա մեծապես ազդել չէր կարող: Այսօր իշխանության ղեկին այդ գործիչներից մնացել է միայն Սերժ Սարգսյանը, իսկ մնացածը կա՛մ ուղարկված են դիվանագիտական «պարապուրդի», կա՛մ էլ վճռականորեն հեռացված են իշխանությունից: Իսկ Ս. Սարգսյանն էլ, իշխանության բոլոր լծակների տերը դառնալով, բնականաբար, չի զիջի դրանք ոչ մեկին, այդ թվում՝ Քոչարյանին: Ուստի, չլինելով հրապարակային գործիչ, Քոչարյանը կորցրել է պալատական ինտրիգներով վերադառնալու հնարավորությունը՝ իշխանության ներսում ռեսուրսների իսպառ բացակայության պատճառով: Գոնե այս պահին:
Ն. Հովսեփյան