ՀԱՐՑ. Ես ունեմ մարդատար ավտոմեքենա, սակայն այն չեմ վարում: Այս դեպքում ես պարտավո՞ր եմ ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր: Եվ կցանկանայի իմանալ նաեւ, թե արդյոք տարբերություն կա ԱՊՊԱ ընկերությունների միջեւ, եւ որի պայմաններն են ավելի լավը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի՝ քաղաքացին պետք է կնքի ԱՊՊԱ պայմանագիր: Այս դեպքում, եթե Ս. Միլիտոնյանը չի վարում իր ավտոմեքենան եւ չի ցանկանում լրացուցիչ գումար ծախսել ԱՊՊԱ պայմանագրի ձեռքբերման համար, ապա պետք է ոստիկանության համապատասխան բաժանմունքում հաշվառումից հանի այն: Հակառակ պարագայում կտուգանվի յուրաքանչյուր 10 օրվա համար 5000 դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան 50,000 դրամով:
Իսկ ինչ վերաբերում է ընկերությունների տարբերությանը, ապա պետք է նշել, որ բոլորի պայմանները նույնն են, չկա ոչ մի տարբերություն: ԱՊՊԱ պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության ԱՊՊԱ-ի մասին օրենքով, ինչպես նաեւ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաստատված կանոններով: Սա նշանակում է, որ ԱՊՊԱ-ի պայմանները չի կարելի փոփոխել, եւ բոլոր ընկերությունները առաջարկում են սահմանված պայմաններն ու սահմանված գները: Այսպես՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ապահովագրական ընկերության ընտրության հարցում հարկավոր է ուշադրություն դարձնել սպասարկման, պրոֆեսիոնալիզմի, կողմնակի շահավետ պայմանների եւ մի շարք այլ կարեւոր հարցերի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, գերադասելի է ծախսել որոշ ժամանակ՝ այցելելով ոստիկանության համապատասխան բաժանմունք, եւ մեքենան հաշվառումից հանել, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ անիմաստ ծախսել 5000 դրամ: