Կիլիկիայի Հակոբը հաղթեց. արդարությունը հիվանդացավ, բայց չմահացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2014 թվականից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևան Գարեջուր» ՓԲԸ-ն դատական քաշքշուկի մեջ էր ՀՀ ֆինանսների նախարարության հետ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մոտ 500 միլիոն դրամի չափով տուգանել էր Հակոբ Հակոբյանին պատկանող ընկերությանը, ինչը նա վիճարկում էր դատարանում: Եվ, ահա, շուրջ երկու տարի տևած դատական պրոցեսից հետո գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարանին, որն էլ կայացրեց վերջնական որոշումը:

Հիշեցնենք, 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Երեւան Գարեջուր» ՓԲԸ-ն, որը արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը, դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Պարզվել էր, որ սեպտեմերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Երեւան Գարեջուր» ՓԲԸ-ում խախտումներ էր հայտնաբերել: Մասնավորապես, որ ընկերությունը իրացված լիտրով տակառներով գարեջրի քանակը պակաս է ցույց տվել պայմանագրերում նշված պարտադիր պայման հանդիսացող մատակարարվող լիտրով գարեջրի քանակից, կատարվել էր գների նպատակային ձեւակերպում եւ նման այլ խախտումներ: Եվ, ահա, նշված խախտումների համար ՀՀ ֆինանսների նախարարությունը շուրջ 275 միլիոն դրամի չափով տուգանել էր պատգամավորին, որն էլ կիրառված տույժերով եւ տոկոսներով հասել էր շուրջ 500 միլիոն դրամի:

ՀՀԿ-ական պատգամավորն էլ ձեռքերը ծալած չէր նստել եւ ՀՀ ֆինանսների նախարարության այս տուգանքը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարանում: ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը երկու ամիս տեւած քննությունից հետո՝ նոյեմբերի 27-ին, որոշում էր կայացրել մասնակի բավարարել պատգամավորի հայցը, ըստ որի՝ պատգամավորին պատկանող ընկերությունը մոտ 15 միլիոն դրամի չափով պետք է տուգանք վճարի ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Վարչական դատարանի այս որոշումից հետո հարձակվողի դերում հայտնվեց ՀՀ ֆինանսների նախարարությունը: 2014թ դեկտեմբերի 26-ին նախարարությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով ՀՀ վարչական դատարանի որոշումը: Այս գործով դատավոր Արա Բաբայանը մոտ 4 ամիս քննեց ֆինանսների նախարարության բողոքը եւ 2015 թվականի ապրիլի 8-ին որոշեց մերժել ՀՀ ֆինանսների նախարարության բողոքը եւ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացրած վճիռը թողնել անփոփոխ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը չհանձնվեց եւ 2015 մայիսի 8-ին դիմեց ՀՀ վճռաբեկ դատարան:

Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Վարուժան Աբելյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը, Մամիկոն Դրմեյանը, Վարդան Ավանեսյանը, Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը, Սուրեն Անտոնյանը նախ քննարկեցին ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Եվ, ահա, 9 դատավորները 2015 հուլիսի 1-ին որոշում կայացրին մերժել ՀՀ ֆինանսների նախարարության բողոքը քննության առնել` պատճառաբանելով, թե վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետեւության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Ըստ դատավորների՝ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն՝ դատական սխալի առկայությունը եւ գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար: Ուստի որոշում է կայացվել մերժել նախարարության բողոքը:

Ասել է թե՝ ՀՀԿ-ական պատգամավորը երկու տարի տեւած պայքարից հետո կարողացավ հաղթել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Չեմ ցանկանում, որպեսզի որեւէ տնտեսվարողի վրա նման տուգանք կիրառվի, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Առաջիկայում վճիռը կկայացվի: Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Նրա դեպքում, ըստ էության, արդարությունը երկու տարի հիվանդացավ, բայց, ի վերջո, չմահացավ, վերածնվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս