Դիտավան համայնքում այս տարի 6 երեխա է գնալու առաջին դասարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դիտավան համայնքում այս տարի 6 երեխա է գնալու առաջին դասարան: Գյուղապետ Հակոբ Սարիբեկյանի խոսքերով՝ ծնելիության մակարդակը վերջին 3 տարում գյուղում մտահոգիչ է: Թեեւ գյուղն ապահովված է ոռոգման ջրով, որն այսօր հայաստանյան շատ համայնքների համար լրջագույն խնդիր է, այնուամենայնիվ, այս համայնքում եւս կենցաղում հետընթաց կա:

-Պարո՛ն Սարիբեկյան, գյուղում ինչպե՞ս են պատրաստվում սեպտեմբերի 1-ին:

-Սահմանամերձ համայնքների հետ համատեղ ծրագրեր ենք կատարել աշակերտների համար: Ոչ միայն առաջին դասարանցիներին, այլ մյուս դասարանցիներին պատրաստվում ենք նվերներ հանձնել:

-Դպրոցում քանի՞ աշակերտ կա:

-Այս պահին չեմ կարող ասել աշակերտների թիվը, քանի որ դիմում դեռեւս չկա: Ընդհանուր ծնելիության վիճակը վերջին 3 տարում լավ չի եղել: Անցած տարի առաջին դասարանում եղել է 6 երեխա, իսկ ընդհանուր՝ 38:

-Գյուղում ի՞նչ տարիքի մարդիկ են ապրում:

-Այնպես չի, որ մենակ տարեցներ են: Երիտասարդներ էլ կան բավականին, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, ջերմոցային տնտեսություններով: Ոռոգման ջրով ապահովված ենք:

-Սահմանադրական փոփոխությունների մասին գյուղացիները ի՞նչ կարծիք ունեն: Կո՞ղմ են, թե՞ դեմ:

-Ճիշտն ասած, գյուղացին շատ զբաղված է: Ամռանը գյուղացուն չես գտնի, որ մի բան խոսես: Բայց իմ կարծիքով վատ չեն տրամադրված:

-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում Սահմանադրական բարեփոխումների մասին:

-Դրական: Ըստ իս` վատ չէ:

Արփինե Թովմասյան




Լրահոս