2001 թվականից ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ներկայացնում է “Մագավտո” հաղորդումը: Մեքենա վարելուց զատ, Մագան ունի եւս մի թուլություն` զենք. “Շատ եմ սիրում կրակել, էքստրիմի սիրահար եմ: Իսկ սերը մեքենաների նկատմամբ եկել է ընտանիքիցս”:
-Ավտոսիրողների ընտանիքում եմ մեծացել: Ես արդեն 12 տարի է` կին վարորդների ակումբի նախագահն եմ: Պարբերաբար միջոցառումներ ենք կազմակերպում, օրինակ՝ գարնան տոների հետ կապված՝ ձեւավոր վարման առաջնություն ունենք:
-Վերջին տարիներին կին վարորդների թիվը շատացել է, Դուք՝ որպես կին վարորդ, ի՞նչ կասեք, իսկապե՞ս կանայք ավելի կարգապահ են:
-Ես մի քիչ հակասական պատասխան կտամ: Միանշանակ չեմ կարող ասել, որ կանայք կարգապահ են: Ինձ համար վարորդը վարորդ է` անկախ սեռից ու մասնագիտությունից: Կին վարորդներից շատերը կողային հայելիներին ուշադրություն չեն դարձնում, ոչ էլ ազդանշաններին, կանանց ուշադրությունը միշտ առաջ է:
1999թ. մասնակցեցի միջազգային “Ռալլի շոու”-ին, որը տեղի ունեցավ Հայաստանում, մասնակցում էին շատ հայտնի մարդիկ, նույնիսկ Ջորկայեֆն էր եկել: Միայն տղամարդիկ էին մասնակցում ու ես:
-Քանի՞ տարեկանից եք մեքենա վարում:
-8-9 տարեկանից փորձել եմ մեքենա վարել, եղբայրս է ինձ սովորեցրել: Արդեն 8-րդ դասարանում մենակ հանգիստ կարող էի գնալ տարբեր տեղեր: Երբ 17 տարեկան էի, եղբայրս ինձ նվիրեց իմ առաջին մեքենան` 07 մակնիշի: Մենք այդ ժամանակ ապրում էինք Կրասնոդարում: 10-րդ դասարանում ես արդեն վարում էի “Ջիփ Գրանդ Շերոկի”:
-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Դիվանագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, բայց չեմ աշխատել այդ ոլորտում: Վերջերս էլ ստացել եմ ռեժիսորի մասնագիտություն: Ուսանողական տարիներից “ԱՐ” հեռուստաընկերությունում էի աշխատում: Մանկական հաղորդում էի վարում: Հետո սկսեցի միջազգային ավտոմոբիլային մրցություններով հետաքրքրվել ու հասկացա, որ մենք չունենք հաղորդում, որը կլուսաբանի այդ ամենը: Բայց չէ՞ որ ունենք բազմակի չեմպիոններ, անվանի մարդիկ ավտոաշխարհում, որոնց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Որոշեցի ինքս կազմակերպել այդ ամենն ու սկսեցի լուսաբանել:
–Նշեցիք, որ էքստրիմի սիրահար եք…
-Այո՛, բայց որդուս` Լեւոնի ծնունդից հետո մի տեսակ վախենում եմ: Արդեն մայրական բնազդն է խոսում: Օրեր առաջ որդիս դարձավ 8 տարեկան: Շատ եմ ուրախանում նրա հաջողություններով, շատ լավ շախմատ է խաղում, 3 տարեկանից էլ կարդում է հայերեն, ռուսերեն, անգլերեն:
-Իսկ մայրիկի պես հետաքրքրվո՞ւմ է մեքենաներով:
-Ինքն այնքան է այդ ամենից տեղեկացված, որ նույնիսկ հարցեր չի տալիս: Փոքր ժամանակվանից ինձ հետ մրցույթների է գալիս: Իր միակ թուլությունը գիրքն է: Երբ նրան հարցնում են, թե ինչ նվեր է ուզում ստանալ, պատասխանում է` գիրք: Մի օր շփոթվեցի, նրան ասացի` դե մի անգամ էլ նորմալ բան ուզի, գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց. “Գիրքը նորմալ բա՞ն չէ”: Անկեղծ եմ ասում՝ ամաչեցի: Այս պահին էլ շատ կլանված կարդում է աշխարհի հրաշալիքների մասին: Ինքը, ի դեպ, շատ լավ գիտի ճանապարհային նշանները, կանոնները, ինձ մեկ-մեկ նույնիսկ նկատողություն է անում, ասում է՝ ամրագոտիդ չես գցել, դեղինի տակով անցար (ծիծաղում է-Ե. Ռ.):
-Ի՞նչ մեքենա եք վարում հիմա:
-Հիմա ես վարում եմ “Տոյոտա Պրադո”` սպիտակ գույնի, կուպե: Ինչքան էլ մեծ տեղ չեմ տալիս մեքենայի ճոխությանը, այնուամենայնիվ, կան համակարգեր, որ ժամանակի ընթացքում ավելացել են, ու հարմարավետ լինելու համար նախընտրում ես հենց այս կամ այն մեքենան:
-Եթե Ձեր մեքենան փչանա ճանապարհին, կկարողանա՞ք գլուխ հանել:
-Ինչն է ծիծաղելի, որ սովորաբար ես եմ իմ հաղորդման հյուրերին տալիս նմանատիպ հարցեր: Լավ, ասեմ՝ այն ժամանակները չեն, որ անընդհատ մեքենադ փչանա, ռուսական մեքենաների ժամանակ խնդիրներ եղել են, սակայն օգնության ձեռք մեկնել են մեր տղամարդ վարորդները, որոնք անմիջապես առաջարկել են իրենց օգնությունը: Ինքս ոչ մի միջոց չեմ հասցրել ձեռնարկել: Հիմա ես ընտրել եմ ճապոնական մեքենա, որ հետը քիչ խնդիրներ առաջանան:
-Կա՞ մեքենա, որի մասին երազում եք:
-Չկա: Ինձ ճանաչողներն էլ զարմանում են, որ ես չեմ տառապում որեւէ մեքենա ունենալու մոլուցքով: Շատ եմ սիրում սպորտային մեքենաներ, բայց երբեք չեմ ունենա: Վարել եմ շատ թանկ մեքենաներ` “Լամբորջինի”, “Ֆերարի”, “Բենթլի”, բայց Հայաստանում դրանք չեմ վարի, նույնիսկ եթե այդքան թանկ մեքենա գնելու հնարավորություն ունենամ: Ես կվարեմ պրակտիկ մեքենա: Մենք մեր ընտանիքում ունենք շատ արտառոց մեքենաներ` “Մերսեդես”՝ հատուկ պատվիրված ուժեղ շարժիչով, “Մերսեդես G” դասի տյունինգի ենթարկած բացառիկ մեքենա: Հիմա էլ եղբայրս գնել է Ջորջ Քլունիի “Յամահա” մոտոցիկլետը:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ