Երկար և տանջալից ճանապարհ եմ անցել. «Ֆուլ հաուս»-ի նոր դերասանուհի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, որի շրջանակում հեռուստադիտողներին սպասվում են որոշ անակնկալներ: Երրորդ եթերաշրջանը կհամալրվի նոր դեմքերով, որոնցից մեկը Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ սերիալներից: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր կերպարի, անցած ուղու եւ առաջիկայի ծրագրերի մասին:

eva

-Էվա՛, սիթքոմում ի՞նչ կերպար եք մարմնավորելու: Նա բնավորության ո՞ր գծերով աչքի կընկնի, այս ժանրը որքանո՞վ է Ձեզ հարազատ:

-Սիթքոմի ժանրում երբեւէ չեմ ներկայացել, բայց Կամերային թատրոնում աշխատելով` ներկայացել եմ դրան հարող ժանրում, իսկ, ահա, հեռուստատեսությունում դրամատիկ կերպարներ եմ մարմնավորել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ չեմ դժվարանա սիթքոմի շրջանակում աշխատել: Ես մարմնավորում եմ հիմնական հերոսներին, նոր հարեւանացած խորամանկ աղջիկներից մեկին: Այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Ասեմ, որ սիթքոմի մյուս դերասանների մեծ մասին ծանոթ եմ հեռակա կարգով, ուրախ եմ, որ նրանց հետ աշխատելու եմ, կարծում եմ՝ ամեն բան լավ կլինի: Ինքս տեսակով հանդուրժող եմ եւ աշխատասեր: Կարծում եմ` հաշտ կլինեմ նոր կերպարիս հետ. դերասանի համար կտրականապես մերժելի կերպարներ չպետք է լինեն:

-Խորամանկ աղջկա դեր եք խաղալու. պատրա՞ստ եք այն բանին, որ շատ հեռուստադիտողներ, հնարավոր է, ասոցացնեն Ձեզ Ձեր կերպարի հետ եւ գուցե նաեւ չսիրեն:

-Ես դրանից վատ իրավիճակում եմ հայտնվել, երբ խաղում էի «Եղբայրները» սերիալում: Այդ ընթացքում բախվել եմ մի շարք խնդիրների, օրինակ` տարիքով կանայք «հարձակվում էին» վրաս, ջղայնանում էին, որ իմ կերտած կերպարն ուզում է ընտանիք քանդել: Դա մի քանի տարի առաջ էր, կարծում եմ` հիմա իրավիճակը փոխվել է:

eva1

-Հեռուստադիտողները Ձեզ կհիշեն նաեւ «Poker.am» ֆիլմից: Գեղարվեստական ֆիլմերում Ձեզ էլի կտեսնե՞նք:

-Ուրախ եմ, որ այսօր բավական մեծ թվով ֆիլմեր են նկարահանվում, եւ դերասանները հնարավորություն ունեն իրենց փորձելու տարբեր կերպարներում: Մեզ պակասում է միայն գումարը. ունենք շատ լավ մտածող ռեժիսորներ, նկարահանող թիմ. միայն ֆինանսի գործոնն է, որ խոչընդոտում է ֆիլմի մասշտաբայնությանը: Ինչ վերաբերում է նոր ֆիլմում նկարահանվելուն, ապա նշեմ, որ շուտով էկրան կբարձրանա Դավիթ Բաբախանյանի ,Հյուսիս-հարավե ֆիլմը, որտեղ ես նույնպես ունեցել եմ իմ դերակատարությունը:

-Դուք զբաղվել եք նաեւ մոդելային գործունեությամբ: Ռեժիսորները Ձեզ ընտրելիս հաշվի նստե՞լ են այդ հանգամանքի հետ, որքանո՞վ է դա օգնել Ձեզ Ձեր կարիերայում:

-Չեմ կարծում, թե իմ կերպարները կերտելու հարցում կազմվածքս մեծ նշանակություն է ունեցել. երեւի ավելի շատ խառնվածքս է որոշիչ եղել: Թեպետ դերասանը, միանշանակ, պետք է հետեւի իր կազմվածքին: Հայ դերասաններն, օրինակ, բեմ դուրս գալիս ֆիզիկապես շատ պատրաստված չեն: Թեեւ երիտասարդների շրջանում արդեն տեսնում եմ հակառակ միտումը: Ինչ վերաբերում է մոդելային գործունեությանը, ապա դրանով ես զբաղվել եմ մինչեւ թատերական ինստիտուտ ընդունվելը՝ դեռեւս դպրոցական տարիներից: Այդ աշխատանքը, սակայն, շարունակական չեղավ, քանի որ մոդելային ոլորտը Հայաստանում երբեք կայուն հիմքերի վրա դրված չի եղել:

eva2

-Դուք հանդես եք եկել Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, խաղում եք Երեւանի պետական Կամերային թատրոնում, նկարահանվել եք սերիալներում, բայց Ձեր դեմքը շատ ծանոթ չէ հեռուստադիտողներին: Սիթքոմում նկարահանվելով` այդ առումով առավել հայտնի դառնալու սպասումներ ունե՞ք:

-Ո՛չ, նման սպասումներ չունեմ, քանի որ իմ նպատակն ամենեւին էլ էկրանին երեւալը չէ, այլ իմ առջեւ դրված պահանջները լավագույնս կատարելը: Էկրանին ես երեւացել եմ շատ վաղուց, ինքս ինձ համարում եմ փառքի հետեւից չընկնող դերասանուհի, ուստի աշխատանքային գործընթացում աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին ինձ է պետք: Մինչեւ էկրանին հայտնվելը, ես երկար եւ տանջալից ճանապարհ եմ անցել, այնպես որ ոչինչ հենց այնպես չի տրվել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս