«Իրեն այնպես է պահում, ասես քեֆ-ուրախության մեջ լինի». Աջափնյակում երիտասարդի դաժան սպանության առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 19-ին` կեսգիշերին մոտ, Երևանի Աբելյան փողոցում սպանություն էր տեղի ունեցել: Կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջանում ստացած դանակի հարվածներից մահացել էր ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ 27-ամյա Վազգեն Դալլաքյանը: Դեպքի հաջորդ օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին մեղայականով ներկայացել էր 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` այդ օրը Աբելյան փողոցի շենքերից մեկում երկու հարբած երիտասարդ դռնեդուռ էին ընկել, ինչ-որ մեկին էին փնտրում: Երրորդ հարկում էլ մի դուռ էին թակել, ու տան տիրոջ հետ կռիվ էր սկսել, որն ավարտվել էր դանակահարությամբ: Մարմնական վնասվածք ստացողներից մեկի՝ Արմանի ձախ ձեռքն էր վնասվել: Նա այդ օրը Կապանից Վազգենենց տուն հյուր էր եկել: Ճաշել էին, օղի խմել, հետո Վազգենն առաջարկել էր տնից դուրս գալ և գնալ մեկ այլ շենքում գտնվող մի աղջկա տեսնելու: Այնուհետ տեղի էր ունեցել ողբերգությունը: Դեպքից անցել է ավելի քան կես տարի. սպանվածի հարազատներին հանգիստ չեն տալիս տարածված լուրերն այն մասին, թե Վազգեն Դալլաքյանը կարող էր այն աստիճան հարբել, որ կռվի բռնվեր, ինչի հետևանքով էլ նման ողբերգություն տեղի ունենար:

Armlur.am-ի հետ զրույցում Վազգենի հորաքույրը՝ Անահիտ Դալլաքյանը, հայտնեց, որ սույն գործով արդեն իսկ երկու անգամ դատական նիստ է նշանակվել, սակայն մեղադրող կողմի բացակայության պատճառով հետաձգվել է: Ա. Դալլաքյանի խոսքով` ամբաստանյալն իրեն դատարանում այնպես է պահում, կարծես, «քեֆ-ուրախության մասնակցելիս լինի». «Իրեն շատ լավ է զգում: Մտնում է դահլիճ, ուրախ-զվարթ բարևում ընկերներին, մոտենում, ձեռք սեղմում: Տպավորություն է, որ նա անգամ չի էլ փոշմանել, որ նման բան է արել»,- շարունակեց սպանված երիտասարդի հորաքույրը՝ միաժամանակ նշելով, որ իրենց համար անհասկանալի է՝ ինչու է սպանության մեջ մեղադրվողն իրեն նման կերպ պահում. «Կարծես, առեղծված լինի ողջ պատմությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտ Դալլաքյանը, ով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր եղբորորդին առիթից առիթ էր ալկոհոլ օգտագործում, այն էլ քիչ չափաբաժնով. «Վազգենի հայրը զոհված ազատամարտիկ է: Եղբորս մահից հետո կնոջ մոտ քաղցկեղ առաջացավ ու վեց տարի առաջ մահացավ: Վազգենին նրա տատն է մեծացրել, դաստիարակել: Այնքան խելացի, զուսպ, համեստ ու կրթված երիտասարդ էր, որ երբեւէ որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ծնողազուրկ էր ու կյանքի դժվար պայմաններում էր ապրում»:




Լրահոս