ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է:
Փետրվարի 9-ին Ջերմուկի բնակիչը սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Հաջորդ օրն առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հիվանդը զգազել է թուլություն և սրտխառնոց, ինչի կապակցությամբ դիմել է Ջերմուկի առողջության կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Արդյունքում հիվանդն իրեն լավ է զգացել և վերադարձել տուն։ Ուշ երեկոյան ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կոպերի իջեցում, կլման ակտի խանգարում: Հիվանդն իր նախաձեռնությամբ դիմել է Երևանի “Արմենիա” ԲԿ, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Վիճակը գնահատվում է ծանր, բուժումը շարունակվում է:
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով փաստում է, որ չնայած իրականացվող տեղեկատվական և բացատրական լայն աշխատանքներին, մարդիկ դեռևս վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը։ Մինչդեռ վտանգավոր այդ հիվանդությունից հեշտությամբ կարելի է խուսափել։ Ընդամենն անհրաժեշտ է չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ կամ գոնե օգտագործելուց առաջ դրանք ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:
Միաժամանակ զգուշացնում ենք`
. Մի գնեԲք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:
. Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի: