ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանը կպայքարի ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանը, Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը եւ Տոնական Գրիգորյանը, ով Հանգրվան ՊՈԱԿ-ի պարետն է: Ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մարալիկի ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հետ, ով արդեն 11 տարի է, ինչ քաղաքապետ է:

-Պարո՛ն Գեւորգյան, մարալիկցիներն ակտիվ քննարկում են, որ այս տարի թեժ ընտրապայքար է սպասվում: Ի՞նչ նախընտրական մթնոլորտ է սպասվում Մարալիկում:

-Որեւէ լարվածություն ո՛չ թեկնածուների միջեւ կա, ո՛չ էլ ազգաբնակչության:

-Այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում ի՞նչ եք արել քաղաքի համար: Ինչո՞վ է զարգացել կամ առաջ գնացել Մարալիկը:

-Քաղաքում ասֆալտի ծավալները կրկնակի ավելացել են, բազմաբնակարան շենքերի տանիքների շուրջ 70 տոկոսը թիթեղապատված է: Այսօր համայնքը 100 տոկոսանոց գազաֆիկացված է: Նաեւ կանաչ գոտիներն են ավելացել եւ այլն:

-Հայաստանի բազմաթիվ քաղաքներում եւ գյուղերում մարդիկ աշխատատեղ չունենալու պատճառով արտագաղթում են…

-Դա ամբողջ հանրապետությունում կա: Օրինակ՝ Մարալիկից շատ են մեկնում արտագնա աշխատանքի նպատակով, որովհետեւ մարդիկ այս կերպ են լուծում իրենց հանապազօրյա հացի խնդիրը: Այս պահին ճշգրիտ տվյալ չեմ կարող ասել, թե քանի տոկոսն է մեկնում արտագնա աշխատանքի:

-Մարալիկցիները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:

-Որոշ մասը պետական սեկտորում է աշխատում, մի մասը՝ բիզնես ոլորտում, իսկ մեկ այլ մասը անասնապահությամբ, հողագործությամբ է զբաղվում:

-Ձեր մրցակիցներից ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանի հետ ինչպե՞ս եք պատկերացնում ընտրապայքարը: Նա նաեւ քաղաքապետարանում տեսուչ է աշխատում:

-Շատ հանգիստ, շատ սովորական: Արտառոց ոչինչ չկա: Իրեն ծանոթ եմ, ճանաչում եմ: Նորմալ փոխհարաբերություններ են:

-Առաջի՞ն անգամ եք պայքարելու նրա հետ:

-Նախկինում ունեցել եմ պայքար ոչ իրենց հետ, բայց իրենց համախոհների, իրենց տեսակի հետ: Եւ արդյունքները Դուք եք տեսնում:

-Ընտրությունների ֆոնին բնակիչների հետ հատուկ հանդիպումներ ունենո՞ւմ եք:

-Մենք ունենք քարոզչական շրջան, որի ընթացքում էլ կհանդիպենք բնակիչների հետ: Բնականաբար, մյուս թեկնածուներն էլ փորձելու են ինչ-որ ձեւով իրենց պայքարը ծավալել՝ տնետուն մտնելով եւ այլն: Թող ներկայանան այնպիսին, ինչպիսին ուզում են: Ես պարզ ճակատով եմ հանդիպելու բնակիչներին:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս