«Իջևանի ոստիկանները ոչինչ չբացահայտեցին, իսկ չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մի խումբ բնակիչներ «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ գյուղը շարունակում է լինել լարվածության մեջ եւ խնդրել են անդրադառնալ տիրող իրավիճակին: Աչաջրի 4 բնակիչ՝ Արտակ Մանուչարյանը, Սաշա Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը եւ Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդին՝ Հովհաննես Ղալթախչյանը, մեղադրվում են եւ այժմ գտնվում են կալանքի տակ: Պատճառը 2015թ. հունվարի 17-ին Աչաջրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման կապակցությամբ հարուցված քրեական գործն է, որը վարում է ՀՀ քննչական կոմիտեն:

Բանն այն է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի ավտոմեքենան պայթեցնելու, 2013թ. փետրվարի 25-ին նրա որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու գործով քննությունը կատարում էր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը: 2015թ. մարտին Աչաջրի ավելի քան 30 բնակիչ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որտեղ գյուղում ստեղծված լարված իրավիճակի մեղավոր են համարել Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանին: Նամակում անվստահություն կար նաեւ իջեւանցի ոստիկանների հանդեպ. «Իջեւանի ոստիկանները ոչինչ չբացահայտեցին, իսկ չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում: Զարմանում ենք՝ ո՞վ է պահում, հովանավորում հանցագործներին»:

Հավելենք, որ Աչաջրի գյուղապետի որդու՝ Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցների դեպքը թաքցնելու համար ձերբակալվել են ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը եւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արմեն Այդինյանը: Գյուղապետ Կամո Ղալթախչյանի վկայությամբ՝ ինքը կամ իր որդին վերջիններիս դեմ երբեւէ բողոք չեն ներկայացրել, պարզապես իրավապահներից չեն թաքցրել Հ. Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կրակոցների մասին տեղեկատվությունը:

Աչաջրում տեղեկացանք, որ առեւանգման առիթով հարուցված քրեական գործով վկա Արթուր Մելիքբեկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին գրավոր բողոքով հայտնել է ավագ քննիչ Վահրամ Հովհաննիսյանի կողմից իր վրա գործադրվող ճնշման վերաբերյալ՝ հայտնելով, որ քննիչն իրեն ստիպում է ցուցմունք տալ, թե իբր Սաշա Ղալթախչյանն ինքնաձիգով զինված է եղել: Սերժ Սարգսյանին եւ Գ. Կոստանյանին նամակ ուղարկած աչաջրեցիներն ասացին՝ իրենք երկրի ղեկավարի եւ գլխավոր դատախազի հետ հույս են կապում, որ ողջամիտ ժամկետում, օբյեկտիվ ձեւով կավարտվի հարուցված քրեական գործերի քննությունը, եւ Աչաջրում, ի վերջո, խաղաղ մթնոլորտ կտիրի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս