Փետրվարի 12-ին՝ ժամը 11:15-ին, Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Մարտունիի դիրքերում սպանված 6 զինծառայողների գործով դատական նիստ` Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
“2013 թ. հունվարի 8-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է տուժողներ Ռ. Հովհաննիսյանի, Ա. Սարգսյանի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա. Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին:
Գործի էությունն այն է, որ 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի եւ Արտեմ Մանասյանի դիակները:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:
2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի եւ Վարդգես Թադեւոսյանի մահացած լինելու հանգամանքը:
Իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը որոշումը բողոքարկել է դատական կարգով”: