Համահայկական խաղերում Երևանի նվաճած գավաթները հանձնվեցին քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին հանդիպել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի անդամների հետ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ՝ ստանալով ամենաշատ պարգևները, ինչի արդյունքում էլ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրեց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը: Ողջունելով երևանյան թիմի անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրանց՝ Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու և փայլուն հաղթանակների համար:

«Կարճ ժամանակ է անցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի ավարտից, որոնք իսկապես աննախադեպ էին թե մասնակից մեր հայրենակիցների և քաղաքների քանակով և թե աշխարհագրությամբ: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու մեր նպատակը լիովին իրականացավ և 10 օր շարունակ Երևանը ապրում էր բարեկամության ու եղբայրության ոգով, տոնական բարձր տրամադրությամբ: Դուք էլ ձեր հերթին, ձեր փայլուն մասնակցությամբ, բազմապատկեցիք բոլոր երևանցիների բարձր տրամադրությունը՝ խաղերում արձանագրելով ամենաբարձր արդյունքը: Մեր թիմը նվաճեց ընդհանուր թվով 140 մեդալ, ինչը, անկասկած, ձեր բոլորի՝ մարզիկների, մարզիչների, բժիշկների, թիմերի կազմակերպչական ու մարզական հարցերով բոլոր պատասխանատուների համատեղ ջանքերի արդյունքն է»,- ընդգծել է քաղաքապետը։

Առանձնակի կարևորելով մարզամշակութային միջոցառումների անկացկացումն ու առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մայրաքաղաքը ներկայացնող մարզիչների ու մարզիկների կողքին:

«Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ շարունակելու եք ձեր մարզումներն ու առաջիկայում բազմաթիվ նոր հաղթանակներ եք պարգևելու մեզ բոլորիս: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու է ձեր կողքին ու շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանյան թիմի անդամներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի հավաքական թիմի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար, ընդգծելով, որ նման վերաբերմունքը խիստ ոգևորիչ է և լրացուցիչ ուժ է տալիս ապահովելու նորանոր հաղթանակներ:

Համահայկական ամառային վեցերորդ խաղերում Երևանի հավաքական թիմի նվաճած գավաթները հանձնվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավանդույթի համաձայն դրանք կպահվեն Երևանի քաղաքապետարանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս