Երբ հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն չեն առաջադրելու թեկնածուներ եւ չեն սատարելու որեւէ թեկնածուի, քաղաքական գրեթե բոլոր փորձագետները շտապեցին կանխատեսել, որ այս ընտրությունները լինելու են ամենականխորոշված, ամենաանհետաքրքիր եւ ոչ մրցակցային ընտրությունները: Քաղաքագիտական տեսանկյունից նման պնդումներն, ինչ խոսք, բավականին հիմնավորված էին թվում` հաշվի առնելով այն իրողությունը, որ ընտրություններին մասնակցող ոչ իշխանական թեկնածուների հետեւում չկային այնպիսի քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսներ, ինչպես ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների դեպքում: Սակայն ինչպես ցույց տվեցին հատկապես վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար ամենեւին էլ պարտադիր չէ ունենալ վերը նշված ռեսուրսները: Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ակնհայտ դարձավ, որ առկա իրավիճակում անգամ մեկ հոգին կարող է հասարակության մեջ այնպիսի կայծ առաջացնել, որը մարելու համար Սերժ Սարգսյանը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ ջանքեր գործադրել, քան նույն Գագիկ Ծառուկյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելու դեպքում: Քանի որ նախ` վերը նշված գործիչներից խորապես հիասթափված հասարակությունը նախընտրական այս շրջանում քաղաքականապես շատ ավելի ընկալունակ է եւ զգայուն` պատրաստ գնալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը խոչընդոտող գործընթացի հետեւից, եւ երկրորդ` նախագահի բոլոր թեկնածուները այսօր առավել քան երբեւէ պաշտպանված են իշխանության հնարավոր ճնշումներից ու տիրապետում են երկրի քարոզչական մեքենային` ոչ պակաս, քան Սերժ Սարգսյանը: Մահափորձից հետո մենք տեսանք, թե ինչպես է ամբողջ ժողովրդի ուշադրությունը բեւեռվել Պարույր Հայրիկյանի վրա, որը, ցանկության դեպքում, կարող էր փոխել ողջ գործընթացի տրամաբանությունը: Նա դա չարեց: Թե ինչու` դժվար է միանշանակ պնդել, սակայն թերեւս առավել հավանական է շրջանառվող այն տեսակետը, որ կատարված մահափորձում առկա էր մի «նյուանս», որը որոշակիորեն կաշկանդեց Հայրիկյանին:
Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ առաջադրված թեկնածուների շարքում կան որքան անփորձ, նույնքան էլ անկանխատեսելի դեմքեր: Օրինակ` արդեն 18-րդ օրը հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանը, որին սկզբում ծաղրողներն արդեն սկսել են մտավախությամբ վերաբերվել: Քանզի գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ղուկասյանը անում է մի քայլ, որը մինչ օրս Հայաստանում չի արել եւ ոչ մի քաղաքական գործիչ. նա մեկ հոգու, անհատի անկոտրում կամքն է հանում ընդդեմ քրեաօլիգարխիկ ապարատի` այդպիսով ամենահզոր ուղերձը փոխանցելով ժողովրդին եւ ցույց տալով, որ եթե որեւէ քաղաքական գործիչ իր պայքարում մինչեւ վերջ ազնիվ է, վճռական եւ անկախ, ապա այս երկրում նա կարող է իրավիճակ փոխել: Իսկ սա կործանարար ուղերձ է ոչ միայն իշխանության, այլեւ տիտղոսակիր ընդդիմության համար:
ՄԵԿ ՀՈԳՈՒ ԿԱՄՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ