ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում, որտեղ եւս արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ս. Սարգսյանի ելույթի ժամանակ բանակում սպանված զինվորներից մեկի մայրը՝ Նոնա Մուրադյանը, սկսել է բղավել. «Սա՞ է այն ապահով Հայաստանը, որտեղ զինվորներին սպանում են»: Նրա ձեռքին եղել է որդու լուսանկարը: ՀՀԿ առաջնորդի ողջ ելույթի ընթացքում զինվորի մայրը գոռգռացել է, պատմել, թե ինչ է պատահել իր որդու հետ, սակայն Սարգսյանը շարունակել է իր ելույթը՝ բարձրախոսի միջոցով խլացնելով տիկնոջ ձայնը: Իսկ հանդիպման վերջում էլ անգամ չի մոտեցել նրան՝ պարզելու, թե ինչ է ցանկանում: Նշենք, որ Ն. Մուրադյանը շատ անգամ եղել է նաեւ կառավարության շենքի մոտ, բողոքել կատարվածի մասին, սակայն որեւէ արձագանք չի ստացել:




Լրահոս