ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է. երեկ՝ առավոտյան, գրանցվել է ճնշման անկում: Ղուկասյանն անցել է անկողնային ռեժիմի եւ գտնվում է շտապօգնության աշխատակիցների հսկողության տակ: Կեսօրին նախագահի թեկնածուին այցելեց «Ժողովուրդ»-ի թղթակիցը եւ արձանագրեց, որ անզեն աչքով երեւում է՝ Ղուկասյանի առողջական վիճակը լրջանում է, ինչը նկատելի է նրա արտաքին տեսքից:
Չնայած այդ ամենին, Ղուկասյանը դրսեւորում է կամքի ուժ, աշխատում է թաքցնել իր ֆիզիկական թուլությունը, նույնիսկ ոտքի է կանգնում, քայլում է (թեկուզ դժվարությամբ) եւ զրուցում այցելուների հետ, պատասխանում լրագրողների հարցերին՝ ասելով, որ իր որոշման մեջ վճռական է եւ չի պատրաստվում հացադուլը դադարեցնել, անգամ եթե իր կյանքին վտանգ սպառնա:
«Ժողովուրդ»-ն Ա. Ղուկասյանից հետաքրքրվեց է՝ արդյոք իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում բուժաշխատողներն իրավունք ունեն հոսպիտալացնել նրան՝ առանց իր համաձայնությունը հարցնելու: Պարզվեց, որ ո՛չ, միայն այն դեպքում, եթե ինքն անգիտակից լինի:
Նշենք նաեւ, որ երեկ «Ա1+»-ի եթերում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ թեկնածուի առողջական վիճակի վատացումը չի կարող խոչընդոտ լինել ընտրությունների կայացմանը, քանի որ անհաղթահարելի խոչընդոտները պետք է լինեն թեկնածուի կամքից անկախ: Իսկ Ղուկասյանի առողջական վիճակի վատացումը նրա կամքից անկախ չէ:
Բացատրենք, որ եթե Ա. Ղուկասյանի հետ իսկապես որեւէ լուրջ բան պատահի, ապա համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետք է ընտրությունները հետաձգվեն: Ու հենց այս հեռանկարից խուսափելու համար է ԿԸՀ նախագահն ապահովագրում իշխանական գործող համակարգը: Բանն այն է, որ եթե մինչեւ ապրիլի ինն ընտրությունները կայացած չլինեն, ապա Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, եւ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի ԱԺ նախագահը: Սա նշանակում է, որ քարոզարշավի ժամանակ Ս. Սարգսյանը կարող է լինել շարքային թեկնածու՝ դե յուրե հնարավորություն չունենալով իր օգտին կիրառել երկրի վարչական ռեսուրսները: Եվ այս տեսանկյունից, եթե Ա. Ղուկասյանի հաշվարկները նման հեռանկար ունեն, ապա արդար ընտրություններ անցկացնելու համար նրա ընտրած պայքարի ձեւը կարելի է համարել միակ արդյունավետը ներկա իրականության մեջ:
Հավելենք, որ երեկ Ա. Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին նրա արյան հետազոտության արդյունքները, եւ դրանց հիման վրա արված եզրակացության մեջ նշված է, որ եթե Ղուկասյանը շարունակի հացադուլը, ապա նրա օրգանիզմում կարող են ի հայտ գալ անդառնալի փոփոխություններ:

Կ. Վ.




Լրահոս