ԶՈՒԳԱՐԱՆԸ` ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը երեկ լրագրողներին հայտնեց «մեծ ավետիսը». վերջապես ձեռք են բերվել այն 2 բիոզուգարանները, որոնց համար ՀՀ պետական բյուջեից դեռ նախորդ տարի 124 մլն դրամ կամ 340 հազար դոլար գումար էր հատկացվել: Ավելին` հայտնի է նաեւ էլիտար զուգարանների տեղադրման վայրը` մեկը Տաթեւի ճոպանուղու մոտ, մյուսը` Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում:
Մինչ ընթերցողները կշտապեն տարակուսել այս թվերից, շտապենք հանգստացնել. սա ամենեւին էլ նախընտրական անեկդոտ չէ, ոչ էլ թյուրիմացություն. 2 հատ բիոզուգարանը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 340 հազար դոլար: Այո՛, այո՛, գումարը տրվել է ոչ թե Շվեյցարիայի կամ Ֆրանսիայի, այլ հենց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Ամենայն լրջությամբ, ազնիվ խոսք: Ու այսքանից հետո բնական հարց է ծագում` արդյոք ՀՀ-ում լուծված են սոցիալ-տնտեսական խնդիրները, վերացել է աղքատությունը, սոցիալական բեւեռացվածությունը, որ պետբյուջեից 340 հազար դոլար է հատկացվում զուգարանի ձեռքբերման համար: Բնականաբար` ոչ: Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀ-ում աղքատությունը 35 տոկոս է, ու իրենք քայլեր են անում այն մեղմելու համար: Այսքանից հետո «Ժողովուրդ»-ը վարչապետին հարցրեց` մի կողմից ունենալով 35 տոկոս աղքատություն, որքանո՞վ է նպատակահարմար 340 հազար դոլար հատկացնել բիոզուգարանների ձեռքբերման համար: Տիգրան Սարգսյանը, իր սովորության համաձայն, մեր հարցը որակեց «հետաքրքիր քաղաքական տրյուկ»: «Նման հարցադրումներ մշտապես կարող են լինել, ու նման մեղադրանքներ մշտապես կարող են ներկայացվել. օբյեկտիվորեն»,-ասաց վարչապետն ու ինքն էլ իր հերթին մեր թղթակցին հարցրեց. «Նույնը Ձեզ կարող եմ ասել. երբ ՀՀ-ում աղքատությունը այսպիսի բարձր մակարդակի վրա է գտնվում, Դուք ինչո՞վ եք զբաղված»: Տ. Սարգսյանը հետո սկսեց բացատրել, որ պետական բյուջեն որոշ տեղում արդյունավետ է ծախսվում, որոշ տեղերում` ընդհակառակը, անարդյունավետ, կան չարաշահումներ ու կոռուպցիոն ռիսկեր: Իսկ բիոզուգարանը, պարզվում է, շահութաբեր ծրագիր է ու առաջիկայում «կհանի ծախսերը», ետ կբերի գումարը, անհրաժեշտ է զբոսաշրջության զարգացման համար:
Ստացվեց ինչպես միշտ. Տիգրան Սարգսյանն ու իր կառավարությունը միշտ ճիշտ են, ամենաճիշտն են եւ վերջ: Իսկ եթե այդքանից հետո էլ ինչ-որ մի բան այն չէ, ապա մեղավոր են բոլորը, բացի Տ.Սարգսյանից:

Չեմ ուզում, գրպա՛նս դիր

Տիգրան Սարգսյանը երեկ նաեւ ներքաղաքական որոշ ակնարկներ արեց. նա անդրադարձավ նախագահական ընտրություններից հետո կոալիցիոն նախկին գործընկերների` ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հավանականությանը եւ ընդհանրապես, նոր կառավարություն ձեւավորելու հարցին: Վարչապետը երեկ բաց տեքստով հասկացրեց` ՀՀԿ-ն այլեւս կոալիցիա կազմելու հարցում չի լինի նախաձեռնող, հրավիրող: «Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են վերադառնալ կոալիցիա, Հանրապետական կուսակցությունն այդ հարցը կքննարկի, սակայն այդպիսի որոշումներ դեռեւս չկան»,-նշեց նա: Ասել է թե՝ այսքանից հետո ՀՀԿ-ի համար միեւնույն է` կուզեն իր հետ կոալիցիա կազմել, թե ոչ: Եթե որեւէ ուժ ուզենա նման խնդրանքով իրեն դիմել, մեծամասնություն ունեցող այդ ուժի ներսում կմտածեն: Ապագա կառավարության կազմի մասին հարցին ի պատասխան էլ վարչապետը երեկ ամեն գնով վստահեցրեց. ՀՀԿ-ն այդ հարցը դեռ չի քննարկել ու չունի որեւէ որոշում, իսկ կառավարության ձեւավորմանը կանդրադառնան ընտրություններից հետո: Եվ վերջապես` հաջորդ կառավարությունը կրկին Տ.Սարգսյա՞նը կղեկավարի, թե՞ ոչ. այս հարցին էլ նա հստակ պատասխան չտվեց. «5 տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք…», նաեւ հավելեց, որ դա այսօրվա ներքաղաքական կյանքի ամենակարեւոր հարցը չէ:
Հ.Գ. Քանի որ երեկ խոսվեց նախընտրական քարոզարշավի մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց. «Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր միջադեպեր եղան, լայն արձագանք գտավ «էդպես եք անում, որ խիարը թարս է բուսնում» արտահայտությունը: Որքանո՞վ է երկրի առաջին դեմքին հարիր նման խոսելաոճը: Ավելին` Դուք, ունենալով տնտեսագիտական կրթություն, հրապարակայնորեն նման արտահայտություններ չեք արել, այնինչ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն ավարտած Ս.Սարգսյանը նման լեզվով է խոսում. սա որքանո՞վ եք ճիշտ համարում»: Տ.Սարգսյանն այս հարցին պատասխանելիս կրկին իրեն հատուկ ոճի մեջ էր. «Իսկ Դուք որքանո՞վ եք ճիշտ համարում, որ այս քարոզարշավի ընթացքում լրջագույն խնդիրներ են քննարկվում, լրջագույն պրոբլեմներ, որոնց լուծումից կախված է մեր երկրի ապագան, եւ հանկարծ հայտնվում են լրատվական միջոցներ, որոնք այդ հարցերը դնում են մի կողմ ու սկսում քննարկել տասներորդական մի խնդիր, մի արտահայտություն ու դա դարձնում մատի փաթաթան: Ես կարծում եմ` դա ճիշտ մոտեցում չէ»: Փաստորեն, երկրի առաջին դեմքի օգտագործած բառապաշարը, որով հաղորդակցվում է իր ընտրողների հետ, վարչապետի համար տասներորդական հարց է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս