200 կգ թառափի ոչնչացման հետքերով. ՀՀ քաղաքացիները միայնակ կանգնել են ՌԴ «պատժամիջոցների» առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է Սոչիի մաքսատանը «Արարատ իշխան» ընկերությանը պատկանող 200 կգ թառափի ոչնչացման մասին տեղեկությունը: Ըստ ռուսական կողմի՝ ձկան ոչնչացման պատճառը եղել է այն, որ ընկերությունը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել՝ դեպի ՌԴ ձուկ արտահանելու համար: Տեղի ունեցածը մտահոգության առիթ է դարձել հայ ձկնաբույծների համար. նրանք անհանգստացած են. մտավախություն ունեն, որ իրենք էլ կհայտնվեն նման իրավիճակում:

Հիշեցնենք, որ ՌԴ գյուղատնտեսական վերահսկող մարմինը՝ «Ռոսսելխոզնադզոր»ը, Սոչիի օդանավակայանում 200 կգ թառափ էր հայտնաբերել, որն արտահանել էր հայկական «Արարատ իշխան» ընկերությունը: Ըստ ռուսական կողմի՝ Հայաստանից արտահանող ընկերությունը չի ունեցել անհրաժեշտ փաստաթղթերը: Եւ մինչեւ ռուսական կողմը կուսումնասիրեր ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը, ձուկը փչացել է, եւ Սոչիի մաքսակետում 200 կգ թառափ տեսակի ձուկը ոչնչացվել է: Ռուսական կողմը պնդում է, որ արտահանողն ինքն է դիմում ներկայացրել՝ խնդրելով ոչնչացնել ապրանքը: Ընտրվել է տեղում այրելու տարբերակը, որովհետեւ միակ ձեռնարկությունը, որը զբաղվում է ապրանքների ոչնչացմամբ, Սոչիից հեռու է գտնվում:

Նշենք, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցելուց հետո միայն «Ռոսսելխոզնադզոր»-ի ցուցակում ընդգրկված ձեռնարկությունները կարող են մսեղեն ու ձկնեղեն ներմուծել ՌԴ: Ընկերություններն այդ ցուցակում կարող են ընդգրկվել էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան դիմում ներկայացնելուց հետո: Այս դեպքում ե՛ւ ընկերության ներկայացուցիչները, ե՛ւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համառորեն պնդում են, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը «Արարատ իշխան»-ն ունեցել եւ ներկայացրել է:

Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ հայկական ձուկը ռուսական շուկա չի մտել, այլ ոչնչացվել է. այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ այս եւ նման տարբերակներով ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար: «Մենք բոլորս միասին հանդիպեցինք մեծ, շատ բարձր պատի, որն էլ կոչվում է ռուսական պատ: ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեզ համար, որի իմաստը չեմ հասկանում: Իրենք ինձ առաջարկեցին գնալ եւ հետ բերել այդ ձուկը, բայց ես դրամական միջոցներ չունեի, որպեսզի դրանք ՀՀ բերեի: Իրենք առաջարկեցին այրել, ես էլ տվեցի իմ համաձայնությունը: Մեր սննդամթերքի անվտանգության ծառայության պետից սկսած մինչեւ այդ կառույցի դռան պահակը պնդում են ու ապացուցում, որ մենք ճիշտ ենք: Այնպես չէ, որ իմ շահերը ՍԱՊԾ-ն չի պաշտպանում: Չեմ ցանկանում 200 կգ թառափով կամ իմ կորցրած գումարներով հայ-ռուսական հարաբերությունների մեջ թշնամանք առաջացնել, բայց դա պահվածք չէ»,- ներկայացրեց տուժած գործարարը:

«Ժողովուրդ»-ը Մանուկյանից հետաքրքրվեց՝ մտադրություն ունի՞ եւս մեկ անգամ ձուկ արտահանել դեպի ՌԴ: «Ես այս պահին չեմ կարող արտահանել: Այսօր ողջ ՌԴ-ն իմ դեմ է դուրս եկել, ինչպես կարող եմ արտահանել: Առաջին անգամ փորձեցի 200 կգ թառափ արտահանել, բայց արդյունքում կորցրեցի 1.5 մլն դրամ: Բայց սա միայն սկիզբն է, որովհետեւ դեռ որոշ վճարումներ պետք է անեմ: Այս գումարն է՛լ ավելի կմեծանա»,-պատասխանեց Մանուկյանը:

Ի դեպ, ընկերությունը չի ցանկանում ներքին շուկայում սպառել իր արտադրանքը, մտադիր է զբաղվել միայն արտահանմամբ: «Ի՞նչ եք կարծում, եթե ՌԴ-ն հրաժարվեց կենդանի թառափից, Անգլիան կընդունի՞ այն»,- հռետորական հարցադրում արեց մեր զրուցակիցը:

Ինչպես ՍԱՊԾ մասնագետների, այնպես էլ գործարարի համար առեղծված է 200 կգ թառափի ոչնչացման պատմությունը: Թեեւ տեղի ունեցածից հետո ընկերությունը հայտնվել է մի շարք դժվարությունների առաջ, այնուամենայնիվ, տնօրենը վստահեցրեց, որ չի հուսահատավել եւ շարունակելու է պայքարել: «Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ ծառայությունը ռուս գործընկերների հետ ներկայումս բանակցությունների մեջ է:

Բացի արտահանման հետ կապված խնդիրներից՝ ձկնաբույծները անհանգստացած են նաեւ ռուսական շուկայում մեծ տեղ գրաված թուրքական ձկնամթերքի փաստից:

Վաղինակ Հարությունյանը, ով 10 տարուց ավել է՝ ձկնաբուծությամբ է զբաղվում, այսօր ռուսական շուկայում թուրքական ձկնամթերքի ողողման պատճառով հայտնվել է ծանր դրության մեջ: «Բանն այն է, որ թուրքական իշխանը կամ թառափը ռուսական շուկայում ավելի էժան է, քան հայկականը: Մեր ապրանքը մրցունակ չէ: Բացի ՌԴ-ի կողմից իրականացվող արհեստական խոչընդոտները՝ կա եւս մեկ խնդիր՝ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները: Փոխարժեքն օր օրի նվազում է, բայց ռուսական շուկայում ապրանքը չի վաճառվում, իսկ առեւտուրը այնտեղ ռուսական ռուբլիով են իրականացնում: Արդյունքում մեր արտադրողները չեն համարձակվում մեծ քանակությամբ ձուկ արտահանել: Մինչդեռ թուրքական կողմը կարողանում է հաղթահարել իրենց դեմ ծառացած խնդիրները»,- լրացրեց ձկնաբույծը:

Ձկնաբույծների պնդմամբ՝ հենց այս խնդիրների պատճառով էլ այս տարի ձկնամթերքի արտահանման ծավալները զգալի նվազել են: Ահա ԵՏՄ-ի տված դրական պտուղները. ՀՀ քաղաքացիները միայնակ կանգնել են ՌԴ իշխանության «պատժամիջոցների» առջեւ, մինչդեռ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ճարպիկ գործարարները կարող են դրսեւորվել. բայց ինչպե՞ս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս