Այս նախագահական ընտրություններն էականորեն տարբերվում են նախորդներից մի քանի հատկանիշներով, որոնցից առավել ուշագրավ են զավեշտալիությունը եւ թեկնածուների ու նրանց համակիրների կողմից թույլ տված կիքսերի ռեկորդային քանակը:
Այս քարոզարշավն արժեքավոր է հատկապես ժողովրդական բանահյուսության տեսակետից. ստեղծվում են նոր ժողովրդական ասացվածքներ, թեւավոր խոսքեր, որոնցից ամենասիրելին Սերժ Սարգսյանի՝ «էկել ես ստեղ, որ ի՞նչ անես»-ն է, որը, կարելի է ասել, վերաբերվում է այս ընտրությունների բոլոր հերոսներին՝ սկսած հենց Ս. Սարգսյանից:
Նոր բանահյուսական արժեքների ստեղծումը եւ զարգացումը աստիճանաբար բերում են նաեւ նոր «էպոսի» կամ հին էպոսի մոդեռնիզացված տարբերակի ձեւավորման, հատկապես որ հին, ավանդական տարբերակը տիեզերքի դեսպան ու էպոսագետ Վարդան Սեդրակյանի համառ ջանքերով բռնում է «արժեզրկման» եւ հումորային ստեղծագործության վերածվելու ճանապարհը: Հարց է առաջանում՝ իր մեքենայի ու Պարույր Հայրիկյանի կյանքի գների համադրությունը որոշողը եկել է, որ ի՞նչ անի:
Հայրիկյանի հետքով էլ նոր «էպոս» մտավ նոր կերպար՝ չհաջողված «քիլլերը», որը 25 սանտիմետր հեռավորությունից 2 կրակոցով իբրեւ թե չկարողացավ մարդ սպանել: Ու անհասկանալի մնաց՝ այդ «քիլլերը» եկել էր, որ ի՞նչ աներ:
Դե Հայրիկյանն էլ, որ 50 հազար դոլարի վարկ ունի վերցրած ամերիկյան բանկերից, մտածեց, որ կարելի է ամեն ինչ գցել ռուսական ԿԳԲ-ի վրա եւ այդպիսով դառնալ պետականության փրկիչ, հետո էլ, ինչպես հենց ինքն է արտահայտվել, «այս ընտրություններից պետք է փորձել քամել այն, ինչ հնարավոր է քամել…»: Ուղղակի չէր մտածել, թե ռուսական ԿԳԲ-ի նման հզոր կառույցը նման անտաղանդ «քիլլերի» պիտի վարձեր, որ ի՞նչ աներ:
Մահափորձերի հետ կապված հետաքրքիր միտք տվեց մեկ այլ հերոս՝ Արամ Հարությունյանը, որն ասաց, թե յուրաքանչյուր թեկնածուի վրա պետք է մահափորձ կազմակերպվի, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ: Ա՜յ քեզ մտքի փայլատակում: Ու դեռ մի բան էլ հացադուլ է ուզում անել: Լավ, Անդրիաս Ղուկասյանի հացադուլը հասկացանք՝ վերջնական նպատակ կա, բայց Ա. Հարությունյանը հացադուլ է անում, որ ի՞նչ անի: Ախր, միեւնույն է, հեռանում է:
Հեռանում է նաեւ Արման Մելիքյանը, որը, այդպես էլ չհասկացանք, թե եկել էր, որ ի՞նչ աներ:
Մինչ այս հերոսները գալիս են, հեռանում, «կրակոտ» Սերժ Սարգսյանը զարգացնում է նորաստեղծ «էպոսը»՝ «բուծելով» դրա համար նոր հերոսներ՝ «Մովսեսի երկրպագու», «Չեբուրաշկա-1», «Չեբուրաշկա-2», իսկ նորաստեղծ հերոսներին արագ զարգացնելու եւ հունի մեջ գցելու համար սնում է նրանց բանջարաբոստանային կուլտուրայի նոր տեսակով՝ թարս աճած «խիարով»: Ու երեւի այդ թարս աճած «խիարով» կսնվենք դեռ 40 տարի, քանի որ «Հին կտակարան»-ի Մովսեսն իր ժողովրդին 40 տարում Եգիպտոսից հասցրեց ավետյաց երկիր, այն էլ՝ անապատներով, սովի ու զրկանքի մեջ, իսկ վերջում ինքը չհասավ: Այդ տեսանկյունից «ապահով Հայաստանը» երեւի թե Զիմբաբվեում է, ուր 40 տարվա ընթացքում հնարավոր է ոտքով հասնել: Բայց դա հեռավոր ապագա է, դեռ 40 տարի ունենք, իսկ առայժմ նայում ենք «Մովսեսին», «չեբուրաշկաներին», թարս աճած «խիարներին», տհաս «քիլլերներին», նախագահի թեկնածուներին ու զվարճանում, մեկ-մեկ էլ մտածում՝ լավ, սրանք եկել են, որ ի՞նչ անեն:
ԵԿԵԼ ԵՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ