ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՅԼ ԵԼՔ ՉԻ ՄՆՈՒՄ, ՔԱՆ ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Երեւանում արած հայտարարությանը, թե ինքը լուրջ չի վերաբերում դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռներ ոչնչացնելու ադրբեջանցիների սպառնալիքներին, ասել է. «Ադրբեջանը կատակ չի անում, որ հայտարարում է, թե դեպի Ղարաբաղ թռիչքների սկսման դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկի: Երեւի Բորդյուժայի պես պաշտոնյաները ցանկանում են, որ ինքնաթիռը խփվի, եւ այդպիսով իրավիճակը փոխվի»:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը սպառնո՞ւմ է, թե՞ իսկապես կգնա լուրջ քայլերի, եւ այս պայմաններում ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները:

ՊԱՏԱՍԽԱՆ. Դժվարանում եմ ասել, թե ինչ պետք է անի իշխանությունը, քանի որ չգիտեմ՝ ինչ պայմանավորվածություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հետ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պետք է ասեմ, որ նրանց այլ ելք չի մնում, քան կրակել կամ այլ ուժային գործողություն կատարել:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ»
կուսակցության նախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Նախ՝ թո՛ւյլ տվեք ասել, որ տարածքային պաշտանության հարցում ոչ միայն ՀՀ ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, այլեւ ԼՂՀ: Գոյություն ունի ԼՂ պաշտպանության բանակ, որն ունի իր հրամանատարը: Մենք 1993թ.-ից գիտենք, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը, եւ նրանց ունակություններին ծանոթ լինելով՝ պետք է ասեմ, որ պետք  լինի՝ նրանք կանեն դա: Սակայն կա մի ուշագրավ փաստ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում հայտարարեց, թե բացառում է Ադրբեջանի հարձակումը, եւ այն համարեց անհեթեթություն, սակայն ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի: Մենք զինված ենք եւ կարող ենք պաշտպանել մեզ, դրանում համոզված կարող են  լինել բոլորը, սակայն կրկնում եմ՝ վախենալ պետք չէ, պետք է զգոն լինել:

ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ
քաղաքագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ բացառում, որ այդ սպառնալիքները կարող են իրագործվել: Կարծում եմ, որ  թռիչքների անվտանգության հարցը հայկական կողմը պետք է ջանա լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում: Պետք է միջնորդների միջամտությամբ ստանա հավաստիացում եւ երաշխիքներ, որ քաղաքացիական թռիչքներին Ադրբեջանի կողմից վտանգ չի սպառնում:

ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս