Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց գյումրեցի մարմնավաճառների հայտնի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 64-ամյա Ս. Մարտիրոսյանը Գյումրու բնակչուհի Հ. Մուրադյանին ստիպել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքի «Իշեկե» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ չորս ամիս պահել է շահագործման մեջ եւ մարմնավաճառությունից վաստակ ունեցել:
Մեղադրյալի փաստաբան Մելանյա Սարգսյանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին կայացած դատական նիստերից մեկի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի դեմ գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան արդարացնելու պահանջով: Մ. Սարգսյանը միջնորդությունը հիմնավորում էր ապացույցների բացակայությամբ: Ըստ նրա՝ տուժող Հրանուշ Մուրադյանը Թուրքիայում զրկված չի եղել անձնագրից եւ ազատ տեղաշարժվելու իրավունք է ունեցել, ու եթե անգամ նրա գործում դիտարկվի շահագործման ենթարկված լինելու հանգամանքը, ապա նա իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար կարող էր ավելի վաղ դիմել իրավապահներին: Մինչդեռ նման բան չի արել:
Նշենք, որ արդեն մի քանի ամիս շարունակ նիստերը հետաձգվում էին մեղադրյալի փաստաբան Մելանյա Սարգսյանի բացակայության պատճառով: Նախորդ դատական նիստին Մ. Սարգսյանը կրկին չէր ներկայացել, ինչը զայրացրել էր նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանին: Նա նշել էր, որ դիմում կներկայացնի փաստաբանական պալատ, ու թող փաստաբանական պալատը որոշում կայացնի փաստաբանի հետագա գործունեության վերաբերյալ:
Երեկվա նիստին Մ. Սարգսյանը ներկայացել էր, սակայն հենց սկզբում մեղադրյալը կտրուկ հրաժարվեց իր փաստաբանի ծառայություններից: Ավելին, նա պնդեց, որ եթե իր պահանջը հաշվի չառնվի, նա անմիջապես դուրս կգա դատարանի դահլիճից: Դատավորի հարցին, թե ինչով է պայմանավորված նման որոշումը, ամբաստանյալը պատասխանեց, որ իր փաստաբանի բացակայության պատճառով նախորդ դատական նիստերը հետաձգվել են: Փաստաբանը համաձայնեց, որ իր առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել դատական նիստերին, ինչից հետո Ս. Մարտիրոսյանն ասաց. «Թողե՛ք ուրիշին բերեմ»: Դատավորը, չստանալով որեւէ պատճառաբանություն, հարց ուղղեց, թե գործի քննության յոթերորդ ամսում է նրանց մտքով այդպիսի բան անցել: Փոխարենը փաստաբանը միջամտեց. «Մարդը եթե հրաժարվում է, իր կամքն է, իր իրավունքը»: Այս հայտարարությունից հետո դատավոր Է. Մանուկյանը կեսժամյա ընդմիջում հայտարարեց:
Ընդմիջումից հետո եւս ամբաստանյալը պնդեց, որ հրաժարվում է իր փաստաբանից եւ դատարանից երկշաբաթյա ժամկետ խնդրեց՝ նոր փաստաբան ընտրելու համար: Դատարանը բավարարեց ամբաստանյալի խնդրանքը: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 27-ին:
Գյումրի