Տավուշի մարզի գործարարների տարածքային միության խորհրդի որոշմամբ 2012թ. Տավուշի մարզի լավագույն գործարարի «Դավոս» մրցանակը շնորհվել է Դիլիջանի «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանին: Փետրվարի 2-ին «Հաղարծին»-ում տեղի է ունեցել մրցանակի հանձնումը: Միջոցառմանը մասնակցել են՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզի միջազգային հայրենակցական միավորման եւ գործարարների տարածքային միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը եւ այլ հյուրեր: Այդ միջոցառման ընթացքում Տավուշի մարզպետն Արմեն Աբգարյանին է հանձնել նաեւ «Պատվավոր տավուշցի» կոչման հավաստագիր: Մարզպետը միջոցառման ժամանակ հայտարարել է, թե Ա. Աբգարյանին այդ կոչումը շնորհվել է Տավուշի մարզխորհրդի որոշմամբ: Մարզխորհդի կազմում ընդգրկված են մարզի բոլոր՝ 62 համայնքների ղեկավարները: Արդյո՞ք մարզպետը նրանց կամքը հարցրել է, երբ որոշել է Ա. Աբգարյանին «Պատվավոր տավուշցի» կոչում շնորհել: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ա. Աբգարյանը, որը դիլիջանցիների շրջանում առավել հայտնի է Ցոլակի Արմեն անունով, ասաց, որ հողեր ունի Մոսկվայում եւ Սոչիում, որ ինքն ուներ «ավելորդ փողեր», որոնք ներդրել է ոչ թե Ռուսաստանի այդ քաղաքներում, այլ հայրենի Դիլիջանում: Նախկինում մենք Տավուշի մարզպետին գրավոր հարցրել էինք, թե ինքը որ օրենքով, ինչ իրավասությամբ է «Պատվավոր տավուշցի» կոչում շնորհում, եւ խնդրել էինք տրամադրել այդ կոչմանն արժանացածների ցանկը: Մարզպետը պատասխանել էր, որ այդ կոչմանն արժանացել են մարզի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անձինք: Ա. Ղուլարյանը մեզ գրավոր հայտնել էր, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում առաջիկայում կհրապարակվի «Պատվավոր տավուշցիների» ցանկը: Այդ պատասխանից ամիսներ են անցել, սակայն մարզպետարանն այդպես էլ չի հրապարակում հիշյալ ցանկը: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ մարզպետարանը ցանկը չի հրապարակում, որովհետեւ 2008թ. այդ կոչմանն է արժանացել նաեւ Գագիկ Ծառուկյանը:
Ինչեւէ: Ա. Աբգարյանի հետ կապված մի պատմություն: Ներկայում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) ընթանում է խուլիգանության գործով դատավարություն: Ամբաստանյալների թվում է Ա. Աբգարյանի եղբոր որդին՝ Նավասարդ Աբգարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն)` կապված 2011թ. հուլիսի 10-ին Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության հետ: Այդ հոդվածով Ն. Աբգարյանին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: Տեսնենք, թե դատարանը նրա նկատմամբ վճիռ կայացնելիս որքանով է օբյեկտիվ լինելու:
Տավուշ