Սերժ Սարգսյանի հետ հանդիպած քաղաքական ուժերի նկատմամբ վստահություն չկա. «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերին պատրաստվում է համաժողով անցկացնել, որին հրավիրված կլինեն բոլոր այն ուժերը, որոնք հրապարակայնորեն դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը:

«Համաժողովին հրավիրված կլինեն նաև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ: Քննարկումներ են տեղի ունենալու տարբեր հարցերի շուրջ, քննարկվելու է ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, փորձելու ենք կոնկրետ ժամանակացույցեր մշակել»,- ասաց Հրայր Մանուկյանը:

Նա նշեց, որ առաջիկայում լինելու են հանրային միջոցառումներ, բողոքի ակցիաներ. «Բայց թե կոնկրետ որտեղ և երբ ենք անելու, այս պահի դրությամբ հստակեցված չէ: Համաժողովի ժամանակ էլ մանրամասն կքննարկենք այս հարցերը: Միաժամանակ հանդիպումները շարունակվում են: Մենք կապի մեջ ենք և քաղաքական կուսակցությունների և առանձին ակտիվիստների և քաղաքացիական շարժումների հետ»:

«Չեք անցկացնի» նախաձեռնության համար ցանկալի չէր, որ կուսակցությունները հանդիպումներ ունենան Սերժ Սարգսյանի հետ. «Բայց քանի որ այդ կուսակցություններից որոշներն ասում են, որ իրենք հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ, բայց դեմ են սահմանադրական փոփոխություններին, ես չեմ բացառում, որ հետագա համագործակցության եզրեր կլինեն: Սակայն դա կլինի եթե համոզվենք, որ իրենք անկեղծ են իրենց հայտարարությունների մեջ, քայլեր անելու են սահմանադրական նախագծի դեմ, իսկ որոշումներ կայացնելու գործում իրենք ներգրավվածություն չեն ունենալու»:

Դիտարկմանը, եթե այդ կուսակցությունները իսկապես դեմ են սահմանադրական փոփոխություններին, ապա ինչու՞ են բովանդակային քննարկման մեջ մտնում և հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, Հրայր Մանուկյանը պատասխանեց. «Այդ հարցին ճիշտ չի լինի, որ ես պատասխանեմ: Մենք պետք է նայենք իրենց գործողություններին: Հիմա այդ վստահությունն իրենց նկատմամբ մենք չունենք: Բայց քանի որ իրենք հայտարարում են, որ կարող է դեմ լինեն սահմանադրական փոփոխություններին, մենք էլ, եթե տեսնենք իրենք ընտրել են պայքարի արդյունավետ ձևեր, ապա չենք բացառում, որ կհամագործակցենք իրենց հետ»:

Հրայր Մանուկյանի խոսքով` կոնկրետ այս պահին «Չեք անցկացնի» նախաձեռնությունը սերտորեն համագործակցում է ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարանի», «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության և առանձին անհատների հետ: «Մենք վստահ ենք` հասնելու ենք նրան, որ չկարողանան կեղծել սահմանադրական հանրաքվեն: Դա հիմնական նպատակն է: Մինչև այդ փորձելու ենք ամեն ինչ անել, որ իրենք հրաժարվեն անգամ սահմանադրական հանրաքվեն նշանակելուց: Մենք եթե ի սկզբանե չունենայինք այդ վստահությունը, չէինք մտնի այս պրոցեսի մեջ»,- հավելեց Հրայր Մանուկյանը:

Վերջում հավելենք, որ նախաձեռնության անդամներն այսօր հանդիպում են ունեցել ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների հետ:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս