Անդրիաս Ղուկասյանի արյան եվ մեզի մեջ որոշակի շեղումներ են հայտնաբերվել. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն 23-րդ օրը հացադուլ անող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանից երեկ առավոտյան վերցված մեզի և արյան մեջ լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել են որոշակի շեղումներ, այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից։
Նախարարությունը տեղեկացնում է, որ երեկոյան նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, մտահոգված լինելով լաբորատոր հետազոտությունների արդյունքներով, պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ այցելել է Անդրիաս Ղուկասյանին և կրկին հորդորել համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։ ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։
“ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի”,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշում է, որ Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։ Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ, սակայն թեկնածուն նշել էր, որ չի լքի հացադուլի վայրը եւ պատրաստ է տեղում անալիզներ հանձնել:




Լրահոս